Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Եպիսկոպոսները պետք է Կճոյանին հեռացնեն, որ Կճոյան ունենալով՝ մարդկանց չմեղադրեն»

Հուլիս 02,2013 14:28
Artak Zeynalyan

«Բոլորին էլ պարզ է, որ վարչապետը կապ ունեցել է օֆշորային այդ ընկերության հետ եւ առանց իր համաձայնության որեւէ ֆինանսական գործարք հնարավոր չէր անել: Ե՛վ ինքը, ե՛ւ Կճոյանն անպայման տեղյակ պետք է լինեին դրանից»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այսպես մեկնաբանեց Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունը:

Կիպրոսի դատախազն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հերքել էր Տիգրան Սարգսյանի բացատրությունները՝ ասելով, որ իրենց երկրում հնարավոր չէ օֆշորային ընկերության բաժնետեր լինել՝ առանց անձի իմացության կամ լիազոր որեւէ ներկայացուցչի թույլտվության: Մինչդեռ վարչապետը ԱԺ-ում պնդում էր, որ այդ ընկերության հետ որեւէ կապ չունի եւ որ դա արել են՝ առանց իր իմացության:

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ «Հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություն է տարածվել մամուլում, եւ հասարակությունն այդպիսի ընկալում ունի արդեն, որ իշխանության ամենաբարձր օղակները, ամենաբարձր իշխանավորները մինչեւ վերջ խրված են կոռուպցիայի մեջ: Պետք է ենթադրել, որ կառավարության բոլոր որոշումների ետեւում այդպիսի ինչ-որ բաներ կան: Կառավարության ողջ գործունեությունն ուղղված է դրան: Դե, ասենք, դա ինչ է, որ: Ամբողջ մի քանի հարյուր հազար քվե են գողացել, յուրացրել են իշխանությունը, հիմա ինչ ուզեն կանեն»:

Մենք հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով հասարակության անվստահությունը դատախազության, ողջ արդարադատության համակարգի հետ կապված, ինչ էլ որ բացահայտի դատախազությունն այս օֆշորային սկանդալի գործով, ինչքանո՞վ է դա արժանահավատ լինելու: Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Դատախազության բոլոր ասածները անհիմն են լինելու իրենց ձեւակերպմամբ եւ լեքսիկոնով: Դրանք համոզիչ չեն: Հասարակությունը դրան արձագանքում է երկիրը լքելով: Տեսեք, թե օրական քանի ավտոբուս է Հայաստանից հեռանում, կերակրողն է հեռանում, մերանը գնում է»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը թույլ կտա՞ վարչապետին դիպչել կամ Նավասարդ Կճոյանին դիպչել՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Նույն նավակի մեջ են նրանք: Իրար չեն վնասի ի պաշտոնե: Եպիսկոպոսները պետք է Կճոյանին հեռացնեն, եթե պիտի հեռացնեն: Իհարկե, դա եկեղեցու ներքին գործն է, բայց պիտի Կճոյան ունենալով հանդերձ մարդկանց չմեղադրեն, թե ինչու են նրանք ավելի քիչ հավատում Հայ առաքելական եկեղեցուն եւ սկսում հավատալ այլ եկեղեցիների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031