Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանի էմոցիան՝ ստեղծագործության հիմքում

Հուլիս 02,2013 14:07

Մեր իրականությունում հազիվ թե գտնվի գոնե մեկ կոմպոզիտոր, ով անձի հոգեկան ու հոգեբանական  խնդիրները երաժշտության մեջ պատկերելուց առաջ զրուցած լինի կյանքում որոշակի ֆորսմաժորային իրավիճակում գտնված, ավելին՝ ինքնասպանության փորձ կատարածների հետ: Կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանն, օրինակ, «Ինքնասպանի գրառումները» պոեմը երաժշտականացնելուց առաջ զրուցել է 18-35 տարեկան տասից ավելի նման անձանց հետ: Հիշյալ ստեղծագործության պրեմիերան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի պղնձյա փողային խմբի ընկերակցությամբ կկայանա հուլիսի 4-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Իբրեւ մենակատար դաշնակահարներ հանդես կգան հեղինակը եւ Արմեն-Լեւոն Մանասերյանը:

Ալեքսանդր Իրադյան կոմպոզիտորի անունը Հայաստանում հայտնի է մասնագիտական նեղ շրջանակներում, իսկ ավելի շատ՝ արտերկրում:

«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորը նշեց, որ կայանալիք կամերային երաժշտության երեկոյին առաջին անգամ կհնչի նաեւ  Ստրավինսկու «Գարուն սրբազան» բալետը 2 դաշնամուրի համար  (մենակատարներ՝ Ելենա Վարդազարյան, Արմեն-Լեւոն Մանասերյան): «Ստրավինսկու եւ իմ գործերը հատուկ եմ ընտրել: Բալետը զոհաբերության տեսարան է, երբ հեթանոս մարդուն զոհաբերում են հանուն պտղաբեր տարվա: Հերոսուհին ուզում է ապրել, բայց չի կարող, քանի որ կանխորոշված է իր զոհվելը: Իսկ իմ պոեմում հակառակն է՝ մարդը, որ կարող է ապրել՝ չի ուզում»,- հայտնեց կոմպոզիտորը: Հետաքրքրվեցինք՝ «Ինքնասպանի գրառումներում»  ի՞նչ ճակատագրեր են, գուցե նաեւ սեփակա՞ն,  եւ արդյո՞ք դրանք բացասաբար չեն անդրադառնա ունկնդրի վրա: «Իմ նպատակը ինքնասպանության փորձ կատարածների պատմությունը մեկառմեկ ներկայացնելը չէ: Ուզում եմ, որ յուրաքանչյուր ունկնդիր լսելով պոեմը, կրկին ու կրկին վերաիմաստավորի իր ապրելու ցանկությունը: Ստեղծագործությանս հիմքում ինքնասպանի էմոցիան է: Մի բան հստակ է՝ ինքնասպանության փորձը տեւել է շատ կարճ, հերոսներին տանելով դեպի կատարսիսի: Ինչ վերաբերում է  ինձ, քանիցս հայտնվել եմ դեպրեսիվ իրավիճակներում ու, հավատացնում եմ՝ փրկությունը միայն երաժշտությունն է եղել»:

Ռեպլիկին՝ գուցե դեպրեսիայի պատճառո՞վ է որոշ ժամանակահատված ապրել ու ստեղծագործել ԱՄՆ-ում, Ալեքսանդրն ասաց. «Մի քանի ամիս ապրեցի ու ստեղծագործեցի Նահանգներում: Հիմա չեմ ուզում ասել, որ Հայաստանում վատ է, այնտեղ՝ լավ կամ հակառակը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել. իմ անձնականում շատ բան է փոխվել: Փետրվարին որոշում ընդունեցի, որ, այնուամենայնիվ, հայրենիքում պետք է ապրեմ ու ստեղծագործեմ, եւ վերադարձա, հաստատ իմանալով, որ այստեղ ստեղծագործություններս հաճախ չեն հնչելու»:   Կոմպոզիտորը հավելեց, որ ԱՄՆ-ում ստեղծել է «Թաղանթ» բալետը, կատակելով, թե այն կուսաթաղանթի հետ կապ չունի եւ կապված է պարզ երազանքների իրականացման բարդույթների հետ: Մոտ ժամանակներս էլ հանդիսատեսը կարող է ունկնդիրն ու ակնդիրը լինել իր 3-րդ ինքնատիպ  սիմֆոնիայի՝ «Նոտերդամի» պրեմիերային: Այն կինոժապավենին է հանձնել ռեժիսոր Տիգրան Շահինյանը, ֆիլմն էլ կոչվում է  «Լսել վիզուալը»: Ընդ որում, սիմֆոնիայի պարտիտուրի երկարությունը 6 մետր է, լայնությունը՝ 4: «Կարճ ասած՝ «Նոտերդամը» ուղղակի երաժշտություն չէ, այն կոմպոզիցիոն մեծ համակարգ է, որը միաժամանակ թույլ է տալիս «տեսնել» երաժշտությունը»,- նշեց Ալեքսանդր Իրադյանը: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ հեղինակի 2-րդ սիմֆոնիան այդպես էլ չկատարվեց Հայաստանում, այն դեպքում, երբ երկու տարի առաջ նա արժանացավ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի առաջին մրցանակին, արվեստագետը հայտնեց. «Գուցե այստեղ ոչ մեկին հարկավոր չէ… Իմ գործերով հետաքրքրված են Եվրոպայում, օրինակ՝ ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ծանոթանալով ֆիլմին, հայտնել էր, որ տպավորված է, մանավանդ երբ տեղեկացել է, թե սիմֆոնիաս նվիրված է Նոտերդամի 850-ամյակին: Ես էլ որոշել եմ պարտիտուրը նվիրել Փարիզին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031