Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքս եղել է հետաքրքիր եւ բազմազան»

Հուլիս 02,2013 14:04

Հուլիսի 6-ին  Հայաստանի արդյունաբերության ոլորտի ականավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայաստանի բիլիարդի ֆեդերացիայի հիմնադիր եւ առաջին նախագահ Արմեն  Տոնյանը կդառնար 95 տարեկան:  Նա աշխատել է  մի շարք պատասխանատու պաշտոններում՝ այդ թվում ՀԽՍՀ թեթեւ արդյունաբերության նախարար, եղել է նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր: Աշխատանքային գործունեության հետ մեկտեղ՝ Տոնյանը զբաղվել է նաեւ բիլիարդային սպորտի քարոզմամբ: 1989թ.-ին նա  հիմնադրում է Հայաստանի բիլիարդի ֆեդերացիան եւ դառնում նրա առաջին նախագահը: Նա նախաձեռնել է եւ մեծապես օժանդակել  է Հայաստանում բիլիարդի դպրոցների եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում բիլիարդի բաժանմունքի բացմանը, ինչպես նաեւ՝   այդ հաստատությունները նյութական բազայով ապահովելուն: Նախապատրաստել  եւ անցկացրել է բազմաթիվ մրցումներ:

Ա. Տոնյանը    պարգեւատրվել է մի շարք մարտական եւ աշխատանքային շքանշաններով՝  Հայրենական  պատերազմի 1-ին եւ  2-րդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշանով, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ինչպես նաեւ բազմաթիվ մեդալներով:

2000 թ.-ից սկսած՝ Հայաստանի բիլիարդի ֆեդերացիան անց է կացնում Արմեն  Տոնյանի հիշատակին նվիրված ամենամյա մրցույթ: Արմեն Տոնյանը հետաքրքիր հուշեր է թողել, որոնք  պատմում են նրա աշխարհընկալման եւ կյանքի վերաբերյալ հայացքի մասին:

«Հայրս եւ իր սերնդի մարդիկ պարկեշտության եւ ազնվության սկզբունքների կողմնակից էին, դրա համար էլ տեսնելով  մերօրյա «բանիմացներին»՝ նրանք ապշում էին: Ցավոք, հորս սերնդակիցներն այլեւս ողջ չեն: Նրանք հեռացան անվերադարձ, ինչը բնորոշ է որոշակի տեսակի: Նրանք ժամանակին փորձում էին այնպիսի գաղափարներ իրագործել, որոնք մեզ համար գուցեեւ ուտոպիական էին թվում… Նրանք դավանում էին հավասարություն, եղբայրություն, արդարություն, այսինքն՝ այն ամենը, ինչը մարդուն դարձնում է բարի, ազնիվ եւ արդար»,- գրել է նման ընտանիքում դաստիարակված Տոնյանը:

Մի նոթ էլ  ութսունամյակի առիթով  է  թողել. «Երեկ լրացավ ութսունամյակս: 80 տարին դա կյանքի հսկայական հատված է, եթե չասենք մի ամբողջ կյանք, այնտեղ հաջողություններ կային, հաղթանակներ, պարտություններ: Հետ նայելով՝ ես հետեւյալ եզրակացության եմ գալիս. իմ կյանքը եղել է հետաքրքիր եւ բազմազան: Կյանքի գլխավոր արդյունքն էլ այն է, որ փորձել եմ օգտակար լինել մարդկանց: Ես միշտ պահանջ եմ ունեցել վերելքի, առաջ գնալու, առավելագույն արդյունքների, ինչը առաջին հայացքից անհնար է թվացել… Ես ապրել եմ կյանքս եւ այս տարիքում էլ լրիվ առողջ եմ՝ մարմնով եւ հոգով… Իսկ ամենակարեւորը՝ շրջապատված եմ հարազատ մարդկանցով, որոնք սիրում են ինձ եւ որոնց սիրում եմ ես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031