Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ, որ կոչված է

Հուլիս 02,2013 13:59

tt105576Աշխարհի ժողովուրդների դյուցազնավեպերը լավագույնս արտացոլում են, թե ինչպիսին է յուրաքանչյուր ազգի իդեալ-հերոսը՝ Իլյա Մուրոմեցից՝ իսպանական Սիդ ու հայոց Սասնա Դավիթ: Բայց ժամանակն իր պահանջներն է թելադրում եւ, բնականաբար, յուրաքանչյուր ժամանակ իր իդեալ- հերոսն է ծնում: Որքան էլ տխուր է խոստովանելը, մենք այսօր իդեալ չունենք: Անհերոս ժամանակներում ենք ապրում: Եվ ուրեմն, Րաֆֆու ապրած ժամանակաշրջանի հանգույն՝ ծրագրային հարցեր պիտի դնենք եւ կարողանանք լուծել դրանք: Այլապես, մենք շարունակելու ենք ապրել մի ժամանակաշրջանում, որտեղ իդեալի, դրական հերոսի պակաս կա։ Տեղը բաց է: Դրա համար էլ ով ասես կարող է հավակնել այդ տեղին՝օրենքը ես եմ՝ տրամաբանությամբ առաջնորդվող կրիմինալից սկսած՝ ավարտած՝ շուստրիությունն ու քծնանքն իբրեւ հաջողության հասնելու ուղիղ ճանապարհ ընտրած կարիերիստը:

Մինչդեռ մեր զավակներին, նոր սերնդին իրական դրական հերոսի օրինակ է պետք՝ մեր կողքին ապրող մարդկանց կերպարներ, որոնք աշխարհ են եկել՝ գիտակցելով, որ կոչված են հենց այն գործին, ինչն իրականացնում են սիրով եւ նվիրումով: Քանզի կոչված են… Սամվել Կարապետյանն այդ կոչվածներից մեկն է:

Արդ, հենց նրան ենք ուղղում հարցը՝ ո՞վ է մեր ժամանակի հերոսը, ինչպիսի՞ն պիտի լինի նա, ո՞ւմ պատկերով եւ նմանությամբ կուզեիք, որ լինի:

Առաջինը՝ Գարեգին Նժդեհի անունը կտամ

Ժամանակի հեռավորությունից եթե բնութագրելու լինենք՝ հերոսներն այն անհատներն են, որոնք պարզապես ազգի եւ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը գիտակցել են. նրանք իրենց ողջ կյանքը, մեկը շատ, մեկը՝ քիչ,  ապրել են՝ կատարած բոլոր քայլերն ու գործողություններն ուղղորդելով այդ պարտքի գիտակցման թելադրանքով: Բայց իրականում այդտեղ ինչ-որ առանձնահատուկ բան չեմ տեսնում: Մեր նախնիներից մինչեւ նորագույն շրջան ազգի եւ հայրենիքի հանդեպ արժանին մատուցողների մեջ ես առաջինը Գարեգին Նժդեհի անունը կտամ, որովհետեւ ինքն ամենադժվար ժամանակներում իր պարտքն ընդունեց: Որովհետեւ շատ ավելի հեշտ է հայրենիքին ծառայել, երբ այն վթարված վիճակում չի, բայց ինքը հայրենիքի հանդեպ իր պարտքը ստանձնեց, երբ շատ դժվար վիճակ էր:

-Ի դեպ, վերջերս «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան էր, որը հակասական տեսակետների առիթ տվեց, նայե՞լ եք:

– Նայել եմ, միանգամից ասեմ՝ չգիտեմ՝ ֆիլմն ում մասին էր, բայց Նժդեհի մասին չէր: Այնտեղ չկար Նժդեհ, ֆիլմը պատրաստողներից սկսած՝ իրենց մեջ Նժդեհ չէին կրում: Ընդհանրապես, մեր հասարակությունն իր մեջ Նժդեհ չի կրում: Եվ ահա, իր մեջ Նժդեհ չկրող հասարակությունից դուրս եկած մարդիկ մարմնավորել են մեկին, որի ապրած կյանքի հեռավոր նշույլն իսկ իրենք չեն ապրում, չեն հասկանում, եւ բնականաբար չեն կարող կերպավորել:

Մենք չունենք ազգային հասարակություն, իսկ եթե որեւէ ազգ չունի ազգային հասարակություն, արդեն ողբերգություն է, քանզի ոտատակ կլինի, իր անդեմությամբ հեգնանքի առարկա կդառնա: Ինչպես եւ կա, եւ նոր չի սա:

-Այս համատեքստում նախեւառաջ որ ինստիտուտին եք կարեւոր դեր վերապահում՝ ընտանիք, դպրոց, հասարակություն…

-Թիվ մեկը կրթական համակարգն է, եւ սկզբում նույնիսկ երեխեքին կրթելու հարցը չի, նախ՝ ուսուցիչներին պիտի կրթենք: Վերջին տարիներին հայրենաճանաչությանն ուղղված, ռազմահայրենասիրական դասախոսություններ էին կազմակերպում ազգային բանակում, եւ ես քանի անգամ լինելով այնտեղ, կազմակերպիչներին ասում էի, նախ՝ հրամանատարներին է պետք կրթել: Այսինքն, այն, ինչ պիտի զինվորներին փոխանցեինք, սկզբում պիտի սպայական կազմին տայինք, քանի որ վերջինս չուներ այդ ճանաչողությունը: Հիմա՝ նույնը պիտի լինի դպրոցում: Մեր ուսուցիչներն ազգային նկարագիր չունեն: Ցանկացած հարցի, նրանք ազգային ելակետից չի, որ նայում են: Նախ՝ պիտի իրենք ազգայինի կրողը լինեն: Զինվորներին տարել էին նայելու Նժդեհի մասին ֆիլմը, նրանք էլ, թե ուրախ ենք, որ նման ֆիլմ կա եւ այլն: Բայց ինչ կարող էր տալ նրանց այդ կինոնկարը: Ոչինչ: Մինչդեռ Նժդեհի մասին վավերագրական շատ լավ ֆիլմ կա, որը կարելի էր զինվորներին ցույց տալ: Նժդեհը խորհրդանիշն է՝ ինչպես պիտի ապրել եւ ինչպես պիտի չապրել:

-Ասում եք՝ Նժդեհը խորհրդանիշ է, բնականաբար, հոմոսովետիկուսի պայմաններում ապրել ու դաստիարակվելով այդ գիտակցությունը չէիք կարող ունենալ: Ե՞րբ հասկացաք դա, ընդհանրապես, ե՞րբ ճանաչեցիք Նժդեհին, ե՞րբ նրա գործունեությանը ծանոթացաք, ի վերջո, խորհրդային տարիներին նա արգելված թեմա էր:

-Ես Նժդեհին ուշ եմ իմացել, ճանաչել: Դպրոցական տարիներին նրա մասին չէինք կարող իմանալ, իրականում անկախության շրջանում եմ ճանաչել, 80-ականների վերջում, համարյա 30 տարեկան էի:

«Վսյո տակի-ն ընկած էր՝ չվերցրի»

– Գիտեմ՝ չեք սիրում ձեր անձի վրա կենտրոնանալ, բայց հետաքրքիր է, ե՞րբ սկսեցիք զբաղվել հայկական պատմաճարտարապետական հուշարձաններով, այսինքն, այն գործով, որին նվիրել եք ձեր կյանքը: Եվ այդ առումով ինչը, ով է եղել դերակատար՝ ընտանիքը, դպրոցը…

– Նախնիներս Վանի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից են: Իսկ մորս հայրը՝ Բասենի Արուճագրակ գյուղից է: Անշուշտ, ընտանեկան դրվագներ կան, որ տպավորվել են, որոնցից ինչ-որ բան քաղել եմ. ասենք, հիշում եմ պապիկիս եւ փոքր քեռուս վեճը…… Երբ տան մեծերը վիճում են, շատ տհաճ է, բայց ականջի պոչով լսում էի եւ այսօրվա պես հիշում եմ եւ քեռուս ասած բառերը՝ «վսյո տակի, ես սենց կանեմ», եւ այն խոսքերը, որով այդ թեժ վեճը պապս կտրեց՝ ասելով՝«այ տղա, զուգարանի դռան առաջ ես էլ տեսա «վսյո տակին» ընկած, բայց ես չվերցրի, դու ինչո՞ւ ես վերցնում: Այսպես ասաց Հովհաննես՝ մորս կողմից պապս, որ հայ-թուրքական պատերազմին մասնակցել էր, երբ 16 տարեկան էր: Ես այդ ժամանակ 9-10 տարեկան էի:

Մեկ այլ դեպք հիշեմ, որ կարող էր պատճառ լինել. մեր տան խոհանոցում՝ գազօջախին կից պատին փակցված էր Եվրասիայի քաղաքական քարտեզը, երեւի նրա համար, որ «ճաշի-մաշի» ցայտոցները պատը չաղտոտեին: Ես սիրում էի՝ գազ չօգտագործելու պահերին թառել այնտեղ եւ ուղղակի ժամերով նայել քարտեզը: Հիշում եմ՝ մի անգամ, երբ շատ երկար նայում էի, մայրս ասաց՝ դու գիտես, որ Թուրքիայի կեսը Հայաստան է եղել: Եվ ես երկար նայում էի Թուրքիայի քարտեզը, մայրիկիս ռուսերենով գրված քաղաքների անուններ էի կարդում ու հարցնում՝ մամ, այս անունը այդ քո ասած կեսի մե՞ջ է: Նա լսում էր եւ ասում՝ չէ: Էլի մի քաղաք էի ասում ու էլի լսում պատասխանը՝ չէ: Հիշում եմ, երբ կարդացի Էրզրում անունը, մայրս ասաց՝ դա այդ կեսի մեջ է: Եվ հիշում եմ, որ մտածում էի՝ տարբեր պետություններից ամեն մեկն իր գույնը ունի, եթե սա Հայաստան է, ինչո՞ւ է Թուրքիայի գույնով ներկված: Առհասարակ, սովետի ժամանակ Արեւելյան Հայաստանն էլ Ռուսաստանի հետ լրիվ կարմիրով էր ներկված: Այդ ամենը մի անարդար վիճակ էր առաջացրել մեջս: Գուցե այս կարգի փոքր դրվագներն ինչ-որ նշանակություն ունեցել են, բայց ես կարծում եմ, եթե մարդուն մի բան տրված չլիներ, սրանք կգային ու կանցնեին: Ուրեմն, ենթադրում եմ՝ ես այն մարդկանց տոկոսին եմ պատկանում, որ, թերեւս, ծնվել են հենց կոնկրետ գործ անելու համար: Կոչված են եղել որոշակի առաքելություն իրականացնելու:

Կոպեկ-կոպեկ հավաքում՝ արշավի էինք գնում

Դեռ դպրոցական տարիներից եմ արշավներ կազմակերպելու գործը սիրել եւ հաջողությամբ արել: Հայկական տուրիզմին վերաբերող Հարություն Երանոսյանի գիրքն էր ընկել ձեռքս, որը մի տեսակ ուղղորդող նշանակություն ուներ ինձ համար: Այդ շրջանում «Ռոբիզոն Կրուզոն» էի կարդացել եւ այնքան էի տարված, որ իմ համադասարանցիներից մի քանիսին հավաքում էի՝ դասից փախչում էինք, կհիշեք՝«Պրագա» հյուրանոցի դիմաց այգի կար, այգու պոչին էլ՝ կարուսել-բան, նստելու տեղ, ուր եւ գնում էինք, ու ես նրանց համար կարդում էի սիրածս գիրքը: Իրենք չէին կարդում, իսկ ես շատ էի հավանել եւ չէի կարող հանդուրժել, որ մոտ ընկերներս լուր չունենան դրանից: Հիշում եմ՝ կարողացա հասնել նրան, որ մեր դասարանում ֆոնդ հիմնեցի, ոչ մեկին թույլ չէի տալիս՝ իրենց ծնողների տված 10 կոպեկը հաց ու երշիկի կամ  բուլկու վրա ծախսեին: Իհարկե, ինչպես ինձ, մյուսներին էլ ամեն օր չէր, որ 10 կոպեկ էին տալիս: Ամեն մեկս, մեր ունեցածը չէինք ծախսում, հավաքում էինք՝ շաբաթվա մեջ հավասար գումար ներդնելով: Մի քանի ամիս ես այդ քսակի, գանձանակի տերն էի, որը շատ խիստ հսկողության տակ էր՝ գրանցում էի, տետր ունեի պահած եւ այլն: Երեք ամիս անց (7-րդ դասարանում էինք), մայիս ամսին, երբ դասերն էլ վերջանում էին, գնացինք Կոմիտաս փողոցի սպորտխանութը, որ առաջվա բաղնիքի դիմաց էր գտնվում եւ այնտեղից մեր հավաքած 4 ռուբլու սահմաններում գնումներ արեցինք: 4 հատ ուսապարկ առանք, ջրամաններ, կողմնացույց եւ պարան: Այդպես սկսեցինք արշավներ գնալ: Քիչ էր պատահում, որ բոլորս միասին գնանք, բայց չորս ընկերներով մի նկար ունենք՝ «Սմենա» ապարատով արված: Արշավները մեր հայրենաճանաչությունը խորացրեցին, բոլորովին նոր փուլ էր սկսվել իմ, ընկերներիս կյանքում: Ի դեպ, այդ շրջանում ես դեռ հուշարձաններով հատուկ հետաքրքրված չէի: Ավելի շատ լեռներն էինք բարձրանում եւ ճանապարհներին հուշարձանների հանդիպելով՝ ակամա առնչվում էինք նաեւ մեր պատմական հուշարձաններին:

Ինչպես կորցրի իմ առաջին վաստակով գնված հեռադիտակը

Վանքերն ինձ ավելի ուշ սկսեցին գրավել: 8-րդ դասարանից աշխատել եմ, ամռանը հորեղբորս հետ «մալյարություն» էի անում եւ այդ ժամանակ էլ ես գնեցի եւ՛ իմ առաջին լուսանկարչական ապարատը, եւ՛ հեռադիտակը: Քերոբյան Արմենը՝ ընկերս, ավելի շուտ, ծննդյան առթիվ «Սմենա» ապարատ էր ստացել, որից ինքս էլ շատ էի ուզում ունենալ: Եվ ահա՝ 8-րդ դասարանում իմ առաջին աշխատավարձով ես էլ գնեցի: Հիշում եմ՝ ինչպես առաջին հեռադիտակս Դիլիջանում՝ «Ջուխտակ» վանքի մոտ ձեռքիցս տարան: Դիլիջանցիները քեֆ էին անում, ինձ հրավիրեցին իրենց սեղանին եւ տեսնելով հեռադիտակս, մանավանդ, իմանալով, որ որոշել եմ «Ջուխտակ» վանքում մնալ, ասին՝ հեռադիտակը տուր՝ այսօր մի քիչ տանենք նայենք, վաղն էլի այստեղ ենք լինելու: Ես էլ՝ թե միայն այնպես արեք, որ առավոտյան 10-ից չուշանաք, քանի որ պիտի գնամ: Մինչեւ 12-ը սպասեցի՝ չեկան այդ մարդիկ եւ իմ առաջին վաստակով  (45 ռուբլի արժեր) գնված հեռադիտակը այդպես գողացան: 9-րդ դասարանում էի, մեծ ցավ ապրեցի այդ կորստի համար՝ արդեն իսկ զգալով սեփական ժողովրդի վատ կողմերը: Լավն էլ կա, վատն էլ: Միշտ լավն է գերակշռել, իհարկե: Ես մարդուն չվստահել չունեմ: Սկսած այդ հեռադիտակի գողանալուց, խաբել-չվերադարձնելուց, անգամներ նման իրավիճակների մեջ եմ հայտնվել: Պատահել է՝ վստահել եմ՝ մեջս կասկած ունենալով, բայց մարդուն չեմ կարող չվստահել: Որքան էլ կասկածում եմ՝ թե կխաբի, միեւնույն է՝ վստահում եմ: Ավելի շատ խաբել են, իհարկե: Նա, ով խաբել է, օգտվել է հենց այդ մեկ անգամը, մինչդեռ ինքը հնարավորություն ուներ շատ ավելի օգտվել, եթե այդ կերպ չվարվեր: Սա, ցավոք, մեր ժողովրդի մեջ ընդհանրական գիծ է: Վկա՝ մեր մեջ առկա մեկը մեկին «գցելու» դեպքերը, սփյուռքահայերին հուսահատության հասցնելը: Մարդը եկել է՝ մի փոքր ներդրում անելու, բայց այս ու այն կողմից խաբվում է: Փոքր հարցերում խաբում են նրան, զրկվելով մեծ ներդրումներից: Սա դեռ դպրոցական տարիներից եմ զգացել եւ հիմա հասկանում եմ, որ, ցավոք, սա մեր ազգային որակներից է:

«Не прислоняться» բառի

նրբերանգները

-Այսօր Հայաստանն ունի իր գույնը քարտեզի վրա, անկախ ենք, արդեն անկախության սերունդ ունենք, այսինքն, մի սերունդ, որի համար անոմալիա է հոմոսովետիկուսով պայմանավորված այս կամ այն դրսեւորումը: Մենք ու մենք ենք, ասել է, թե՝ մեզնից է կախված, թե որքան արագ կկարողանանք հաստատել մերը, ազգայինը՝ ձերբազատվելով հին կարծրատիպերից:

-Դեռ խորհրդային տարիներին տեսնում էի, որ մենք շատ ավելի «փչացած» վիճակ ունենք, քան՝ հարեւան Վրաստանը: Տեսեք, մետրոյի բոլոր վագոնները, որ Ռիգայի վագոնաշինական գործարանի արդյունք էին, եւ Երեւանում, եւ Թբիլիսիում նույնն էին. դրանց դռների վրա փոքր տառերով գրված էր՝«ծպ տՐՌրսՏվÿՑՖրÿ»: Մենք այդ ռուսերեն գրության տակ նույն չափի տառով գրել էինք «չհենվել»: Նույն վագոնները Վրաստանում էին: Վրացիները այդ վագոնը ստացել էին եւ վերոհիշյալ ռուսերեն գրության վերեւում՝ խոշոր, կամարաձեւ վրացերենով գրել էին՝«չհենվել»: Այսինքն, այս շատ փոքր դրվագի մեջ ես տեսնում էի՝ ինչպիսին էր մեր վերաբերմունքը, ինչպես մենք ստորադասել էինք մեզ, մինչդեռ հարեւան վրացին ուղղակի սատկացրել էր ռուսական «ծպ տՐՌրսՏվÿՑՖրÿ»-ն: Եթե խորհրդային տարիներին մեզ մոտ «պրեստիժ» էր համարվում երեխային ռուսական դպրոց տալը, ապա վրացի ընտանիքի համար «պրեստիժը» վրացական դպրոցն էր: Մեր աշխատակից Քանանյան Ալեքսը պատմում էր՝ քանի որ Թբիլիսիում պրեստիժ էր համարվում վրացական դպրոցը, իր մայրն իրեն վրացական դպրոց էր տվել, ոչ թե՝ ռուսական: Իսկ ռուսականը այնտեղ խառախուռա ազգերի համար էր, վրացին՝ վրացական դպրոց պիտի գնար: Այսինքն, սա ոչ անկախության, ոչ էլ քարտեզի վրա սեփական գույնն ունենալու հետ կապ ունի, սա ուղղակի ազգային տեսակի խնդիր է, ինչը մեր դեպքում ջնջված է: Ըստ իս՝ ցանկացած ազգային տեսակ իր հավատքի գաղափարաբանության պտուղն է: Սա արդեն վերջին 10 եւ ավելի տարիներին ինձ հուզող նյութ է, որի մեջ շատ եմ խորացել եւ որոշ բաներ գոնե ինձ համար 100 եւ ավելի տոկոսով ճշտել եմ:

Շարունակելի ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arthur says:

    Ինչպես միշտ դուք միանգամայն ճիշտ եք:Անկեղծորեն ուրախ եմ,որ մերօրյա գորշության մեջ Ձեր նման լուսավոր մարդիկ կան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031