Ինչպես տեղեկացրել ենք Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա և Խաղաղության օղակ փողոցների հատման անկյունում կանգնեցվող մուշուրբայի շուրջ թունդ վիճաբանություններ էին ծագել: Պատմաբաններից ու հայագետներից ոմանք պնդում էին, որ մուշուրբան արաբական ծագում ունի, և այն չի կարելի ներկայացնել որպես Գյումրու սիմվոլ: Այդուհանդերձ, Գյումրու քաղաքապետարանը արդեն իսկ կանգնեցրել է կլկան մուշուրբայի արձանը:
Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում «Դուետ» միջազգային փառատոնի հանդիսավոր բացման ժամանակ նորից խոսք եղավ մուշուրբայի մասին ու այս անգամ Գյումրու կլկլանին անդրադարձավ Նիկոլայ Ծատուրյանը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կլկլան բաժակ ուղարկելով Արմեն Ջիգարխանյանին, ասաց. «Երբ ես դրեցի արձանը, սկսեցին քննադատել, բայց դա մեզ համար սիմվոլ է, մեր Գյումրիի վարպետների ձեռքի գործն է, այդ ձայնը հանվում էր դեռ 18-րդ դարում, էնպես որ, բոլորիս համար դառնում է այնքան կարևոր սիմվոլ, որ մեկս մյուսին ենք նվիրում արդեն»:
Նիկոլայ Ծատուրյանն էլ անմիջապես արձագանքեց. «Ես ուզում եմ պարոն Բալասանյանին մի խորհուրդ տալ, չգիտեմ կընդունի, թե ոչ, այ, մուշուրբան, որ էդպես դրել եք, լավ կլիներ մի քիչ թեք դնեիք, մեջը մի հատ ջուր անցկացնեիք, անընդհատ հոսեր, և մի հատ էլ միկրոֆոն, որ կլկլար այդ ջուրը»:
Կարդացեք նաև
Սամվել Բալասանյանն էլ խոստացավ` որևէ այգում մուշուրբայի արձանը տեղադրելիս հենց այդպես էլ անել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ