Այսպիսով, Սարգսյանը ոչ միայն չանդրադարձավ Հայաստանի հասարակության մեջ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող թեմային՝ օֆշորային սկանդալին, այլ նաեւ ցույց տվեց, որ այդ սկանդալի կենտրոնում հայտնված Կճոյանին ու Տիգրան Սարգսյանին չի պատրաստվում «ժերտվա» տալ։ Կարճ ասած, նա հստակ ցույց տվեց, որ իր համար օֆշորային թեմա գոյություն չունի՝ այդպիսով հերթական անգամ կանաչ լույս վառելով մեքենայությամբ զբաղվող չինովնիկների համար։ Սերժ Սարգսյանը նաեւ ցույց տվեց, որ չի հանդուրժելու ռեժիմի հանցագործությունների թեկուզ մասնակի բացահայտում՝ անգամ Վերահսկիչ պալատի գործունեության շրջանակներում։
Սերժ Սարգսյանն, իհարկե, չէր կարող չնկատել, որ իշխանական ճամբարի տարբեր թեւերի միջեւ վերջին շրջանում իսկական գզվռտոց է, ինչն իր հերթին սպառնում է ավազակապետական բուրգի զոյությանը։ Եվ ահա, ցայտնոտի մեջ հայտնված Սարգսյանը փորձում է կարգուկանոն հաստատել իր ճամբարում՝ այդ նպատակով օգտագործելով նաեւ սպառնալիքներ։ «Այսօր որեւէ մեկը, ով մտադրվել է ինչ– ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր հետեւից չեն գալու ու բացատրություններ չեն պահանջելու»,- ասում է Սարգսյանը՝ շատ լավ իմանալով, որ իշխանական ճամբարում չկա գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյա, որը մեքենայություններով չի զբաղվում։ Սարգսյանն ապա հավելում է. «Բոլորը պիտի հասկանան, որ այսօրվա իրենց կատարածը, իրենց գործած սխալները, հանցագործությունները վաղն անպայման բացահայտվելու են»։ Այսպիսով նա որոշակի ինքնուրույնություն դրսեւորող ու ժամանակ առ ժամանակ սեփական խաղն առաջ տանողներին զգուշացնում է, որ «վաղն իրենց հետեւից կարող են գալ ու բացատրություններ պահանջել»։ Այլ կերպ ասած՝ Սարգսյանը հիշեցնում է, որ նրանցից յուրաքանչյուրի գործունեության մասով ինքը կոմպրոմատների մի հսկայական տրցակ ունի, որը կարող է օգտագործել ըստ անհրաժեշտության։ Չէ՞ որ Հայաստանում դժվար գտնվեն միամիտներ, որոնք կկարծեն, թե ռեժիմի պարագլուխն իսկապես որոշել է բռնել կոռումպացված չինովնիկների ձեռքն ու բացահայտել հանցագործությունները։ Դժվար գտնվեն, քանի որ բոլորին է հայտնի, որ թիվ մեկ հանցագործն ու թալանչին հենց ինքը՝ իշխանությունը ուզուրպացրած անձն է։ Հո սեփական ձեռքը չի՞ բռնելու։
Արթուր ՄԻՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև