Հատված ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հանձաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:
–Նախագահն իր ելույթում ասաց, որ խորհրդարանական մեծամասնության պահվածքը նույնպես կքննարկվի, բայց՝ ներկուսակցական ձեւաչափով։ Սրանից կարո՞ղ ենք հետեւություն անել, որ մեծամասնության արձագանքը համարժեք չէր ՎՊ ներկայացրած փաստերին։
-Դրանից պետք չէ որեւէ հետեւություն անել։ Ուղղակի պետք է սպասել՝ առաջիկայում տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, եւ դրանից հետո կարելի է հանգել ինչ-ինչ եզրակացությունների։
–ՎՊ հաշվետվության շուրջ քննարկումների ֆոնին դարձյալ շրջանառության մեջ դրվեցին խոսակցությունները ՀՀԿ «հակամարտող թեւերի» մասին։
-Բացարձակապես անհիմն խոսակցություններ են։ Առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում նման հիմար հրապարակումների, սակայն կյանքը ցույց է տալիս, որ կուսակցության ներսում իբր գոյություն ունեցող հակասությունների մասին «լուրերը», մեղմ ասած, չափազանցված են։
–Նախագահը նաեւ պահանջեց, որպեսզի գործընթացը լինի հրապարակային։
-Նախագահը ողջունեց, որ վարչապետը պահանջել է նախարարներից հանդես գալ մամուլի ասուլիսներով եւ հստակ պարզաբանումներ տալ այն փաստերի վերաբերյալ, որոնց շուրջ հրապարակավ գնահատականներ են հնչել ԱԺ ամբիոնից։ Նախագահը դա կարեւորեց եւ ուղղակի հանձնարարեց, որ այդ ամենը հնարավորինս արագ արվի, որպեսզի հասարակության մեջ որեւէ հարց անպատասխան չմնա։
Քանզի, ինչպես շատ հստակ արձանագրեց Սերժ Սարգսյանը, սովորական քաղաքացին չի կարող, պարտավոր էլ չէ խորամուխ լինել բոլոր նրբությունների մեջ եւ հասկանալ, որ անհեթեթ եւ ուղղակի անհնար է, որ բյուջեի 70 տոկոսը վտանգված լինի կոռուպցիոն ռիսկերով, որովհետեւ դրա զգալի մասը կազմում են աշխատավարձերը։
Պետական բարձրաստիճան պաշտոնյան պետք է շատ զգաստ լինի իր հայտարարությունների մեջ եւ շատ պատասխանատու, որովհետեւ հասարակ քաղաքացին պետական պաշտոնյայի արտահայտություններին հակված է շատ ավելի մեծ արժեք տալ, եւ նրա յուրաքանչյուր անզգույշ հայտարարություն կարող է հասարակական թյուր կարծիք ձեւավորել։ Եթե դուք մի բան եք ասում, հետո շատ դժվար է դա հերքելը, առավել եւս, երբ դա ասվում է ԱԺ հեղինակավոր ամբիոնից։
Որպեսզի կարողանաք քաղաքացուն համոզել, որ բյուջեի 70 տոկոսի ռիսկայնության մասին հայտարարությունը անհիմն է, ձեզանից շատ ավելի մեծ ջանքեր կպահանջվեն, քան պահանջել, որ ցանկացած նման հայտարարություն լինի շատ ավելի կշռադատված եւ առավելագույնս փաստարկված։
–Իսկ ո՞րն է այստեղ դատախազության անելիքը։
-Անկախ նրանից՝ ՎՊ-ն ուսումնասիրության արդյունքներն ուղարկե՞լ է դատախազություն, թե՞ ոչ, եթե անցած տարվա ստուգումների մասով ԱԺ ամբիոնից տեսակետներ են արտահայտվել քրեաիրավական բնույթի խախտումների մասին, օրենքը պահանջում է, որ հրապարակային հայտարարությունների պարագայում դատախազությունը ուսումնասիրություն կատարի եւ պարզի՝ կա՞ն այդ խնդիրները, թե՞ չկան։
Նախագահը շատ հստակ ասաց՝ մենք այսքան փող ենք ծախսում, հսկայական ապարատ ենք պահում, որպեսզի Վերահսկիչ պալատը, կոպիտ ասած, ՕԲԽՍՍ-ի գործ չանի։
Բյուջեի տերը խորհրդարանն է, կիրառողը, աշխատեցնողը՝ կառավարությունը, եւ խորհրդարանն ունի բյուջեի ընթացքը վերահսկելու մի զենք. դա Վերահսկիչ պալատն է, որը պետք է ասի՝ արդյոք կառավարությունը ճի՞շտ մեխանիզմներով է կառավարում, ու խորհուրդ տա՝ ինչպես բարեփոխել մեխանիզմները, օրենսդրությունը եւ ենթաօրենսդրական ակտերը, որպեսզի հնարավորինս այդ գումարները ծախսվեն ավելի նպատակային եւ ավելի արդյունավետ։ Սա՛ է ՎՊ առաքելությունը։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում