Շաբաթ օրը՝ հունիսի 29-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «կազմակերպված» մոմավառության ակցիան կարելի է դասել տապալված ակցիաների շարքին։
Ի՞նչն էր պատճառը, որ մեկ տարի առաջ ՀՀ հազարավոր քաղաքացիներ ինքնակազմակերպվեցին եւ եկան «Հարսնաքար»՝ հարգանքի տուրք մատուցելու այդ տարածքում սպանված Վահե Ավետյանի հիշատակին, իսկ մեկ տարի անց նրանց գերակշիռ մեծամասնությունը, ինչպես նաեւ քաղաքացիներ, որոնք մեկ տարի շարունակ «տաք» էին պահել թեման, պարզապես բոյկոտեցին ակցիան։
«ՉԻ» լրագրողը ականատես է եղել, որ ակցիային չեն մասնակցել «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամները։ Սա այն քաղաքացիների խումբն է, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել այս ողբերգական պատմության շուրջ ընթացող բոլոր գործընթացների մեջ։ Մինչդեռ այս անգամ նրանք դուրս չեն եկել փողոց, չեն գնացել «Հարսնաքար»՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Հարց է առաջանում՝ հոգնե՞լ են, թե՞ հանձնվել։ Միանգամից փաստենք՝ ոչ մեկը, ոչ մյուսը։
Մոմավառության այս տարվա նախաձեռնությունը «իրենց վրա են վերցրել» մարդիկ, որոնց հետեւից հասարակությունը ոչ միայն չի գնում, այլեւ հրաժարվում է լինել այնտեղ, որտեղ ներկայացված են այդ մարդիկ՝ իրենց սյուժետային դերակատարումներով։
Առհասարակ զզվելի է, երբ հասարակական հնչեղություն ունեցող թեմային մարդիկ մոտենում են իրենց շահային համակարգի տեսանկյունից։ Այսինքն՝ կա շահ՝ կխառնվենք, չկա՝ ուրեմն չենք հայտնվի ասպարեզում։ Ընդ որում՝ շահը կարող է լինել նյութական կամ ունենա «PR»-ի հսկայական լիցք։ Հուրախություն մեզ այս անգամ այդ մարդկանց չի հաջողվել Վահե Ավետյանի մահվան օրվա միջոցառումը ծառայեցնել իրենց շահերին։ Այն պարզապես տապալվել է, եւ սա ուրախալի փաստ է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում