Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչների փողը չեն տալիս

Հուլիս 02,2013 13:03

ԿԱԻ տնօրենի համոզմամբ, չպետք է փոխհատուցեն

Aravot.am-ը մարզերի ուսուցիչներից դժգոհություն է ստացել, որ մասնակցում են ուսուցիչների վերապաստրաստման դասընթացներին, սակայն ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի ճանապարհածախս չեն տրամադրում: «Տարբեր մարզերից ստիպված ենք 10 օր շարունակ գալ Երեւան, օրական ծախսելով միջինը 2000-2500 դրամ, չհաշված, որ մինչեւ ժամը 16-ը պետք է մի բան ուտել եւ խմել: Դե, իսկ լեռնային շրջաններում աշխատող ուսուցիչները, ինչպես եւ ես, ստացած աշխատավարձերը չենք էլ հասցնում տուն, այն մի կերպ բավականացնում է վարկերի ամսական մարմանը: Երբ հարցնում ենք, թե այս տարի ինչու՞ պետք է մենք հոգանք մեր ծախսերը, ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս, գումար չկա եւ վերջ: Երեւանից մասնակցող ուսուցիչների համար դա մեծ խնդիր չէ, բայց կոնկրետ ինձ համար 10 օրում 25000-30000 դրամ ծախսելը մեծ շռայլություն է:

Անգամ ԿԳ նախարարին եմ գրել Ֆեյսբուքով, չի պատասխանել: Ի դեպ, դասընթացներն անցկացվում են Աշտարակում, Երեւանի Կրթության ազգային ինստիտուտում, Երեւանի համար 6 դպրոցում»,- նշեց ուսուցիչներից մեկը:

ԿԳ նախարարությունից խոստացան ավելի ուշ պաշտոնապես պատասխանել:

Aravot.am-ը կապվեց նաեւ Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) տնօրեն Նորայր Ղուկասյանի հետ: Պարոն Ղուկասյանն ասաց,որ վերապատրաստված 7000 ուսուցչից մի քանիսի դժգոհությանը նորմալ է վերաբերվում: «Ինչու պետք է փոխհատուցվի նրանց ճանապարհածախսը, նման պարտադիր պայման չկա, ընդհանրապես ճանապարհածախսը գործուղման ծախսերի բաղադրիչներից է: Գործողում կարող է ուղարկել միայն այն հիմնարկը, որտեղ մարդը աշխատում է, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է դպրոցներին: Հունիս ամիսը ուսուցիչների համար աշխատանքային ամիս է, նրանք վարձատրվում են,: Աշխարհի ցանկացած երկրում գործուղումը որոշակի հանձնարարությամբ մարդուն իր բնակավայրից հեռու ուղարկելն է: Այդ դեպքում գործուղողը, ով մարդուն ուղարկում է, ինքը պետք է այդ հարցերով զբաղվի: Ինչ վերաբերում է նախկինում ճանապարհածախսը փոխհատուցելուն, այլ ծրագրերով է արվել: Ուսուցիչները պետք էիրենց մասնագիտական զարգացումն ապահովեն, որպեսզի ատեստավորվեն»,- ասաց ԿԱԻ տնօրենը: Ապա հավելեց. «Ենթադրենք ուսուցիչն ապրում է Երեւանում, աշխատում է Աշտարակում, որեւէ մեկը նրան հո ճանապարհածախս չի՞ տալիս, մարդը համաձայնել է այդպես աշխատել, գնում-աշխատում, հետ է գալիս»:

Հետաքրքրվեցինք, թե կոնկրետը ո՞ր ծրագրի մասին է խոսքը, որի հաշվին ժամանակին փոխհատուցել են ուսուցիչների ճանապարհածախսը: Պարոն Ղուկասյանը չհիշեց. «Այնքա՜ն ծրագիր ենք իրականացրել, որ հիմա շփոթ է առաջացնում»:

Նա փաստեց, որ որոշ քաղաքներում քաղաքապետարանները լուծել են վերապատրաստվող ուսուցիչների տրանսպորտի հարցը. «Օրինակ Մարտունի, Վարդենիս տեղաշարժվելու համար ավտոբուս են տրամադրել: Դա ընդամենը աջակցություն է, օրենքի տառին համապատասխան նման բան գոյություն չունի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031