Տարիներ շարունակ Վերահսկիչ պալատի, տարբեր վերահսկողական ծառայությունների կողմից հայտնաբերվող, այս կամ այն կերպ հանրությանը ներկայացվող չարաշահումների, բյուջեի միջոցներն անարդյունավետ ծախսելու եւ նման այլ փաստերի հետ կապված մեկ ուրիշ հանգամանք էլ կա, որն ուղղակիորեն առնչվում է այդ ամենի հանրային ընկալմանը։
Բանն այն է, որ հայտնաբերված խախտման կամ չարաշահման փաստերը բավականին հնչեղ ներկայացվում են՝ տվյալ պահին հանրային ուշադրություն ու հաջորդող աղմուկ հարուցելով։ Սակայն եթե նույնիսկ այդ փաստերը թույլ տալու համար ինչ-որ պատժվողներ լինում էլ են, ապա այդ ամենը մի տեսակ աննկատ է մնում, մեղմ ասած՝ հասարակական լայն հնչեղություն չի ստանում։
Մյուս կողմից, հաճախ, երբ խոսք է բացվում պատժի կամ պատասխանատվության մասին, լսվում է արդեն անգիր արված դատողություն «միջոցները վերականգնված են», X կամ Y պաշտոնյան (որպես կանոն՝ միջին օղակի) ազատված է աշխատանքից եւ այլն։
Մինչդեռ, շատ մարդիկ, ոչ առանց հիմքի, կարծում են, որ եթե չարաշահում թույլ տվողներին խստորեն պատժեին, եթե հատուկ շեշտվեր ու ներկայացվեր այդ պարագան, հասարակությունն էլ տեսներ, որ իսկապես, X-ին ու Y-ին ոչ թե ներում են, ոչ թե չարաշահված գումարների «վերականգնումն» ընդունում են (կարելի է կարծել՝ պետբյուջեից անտոկոս ու անժամկետ վարկ էին տվել) ու բաց թողնում, այլ տանում են ուր որ հարկն է, եղած-չեղածն էլ ձեռքից առում են՝ օրենքի տառին ու արդարության սկզբունքին համապատասխան, այնժամ թե՛ մարդկանց վերաբերմունքն ու ընկալումները էապես կփոխվեն, թե՛ պոտենցիալ չարաշահողներից շատերը (ոչ բոլորը, իհարկե) ձեռ կքաշեն այդ «զբաղմունքից»։
Մ. ՍԱՀԱԿՅԱՆ
Թաղի խուժանի օժանդակությամբ ընտրվածներից սպասեք այն, ինչը որ փաստ է: