Այսօր մարզական լրագրողների միջազգային օրվա առիթով «Հենարան» մամուլի ակումբի հյուրն էին Armsport.am-ի խմբագիր Արթուր Նազարյանը եւ մարզական լրագրող Դավիթ Ջալալյանը: Խոսելով մարզական լրագրության ներկայիս խնդիրների մասին, նրանք ընդգծեցին, որ մարզական լրագրությունը Հայաստանում դեռ կայացման փուլում է եւ դրան խանգարում է այն, որ շատ լրատվամիջոցներ մարզական լրագրությանը վերաբերվում են այնպես, ինչպես դպրոցներում՝ ֆիզիկական կուլտուրա առարկային: «Օրինակ՝ տպագիր մամուլը, որտեղ մարզական էջերը վերջինն են եւ գովազդ լինելու դեպքում, շատ հաճախ, մարզական ինֆորմացիա ընդհանրապես չի տպագրվում»,- ասաց Արթուր Նազարյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ վերջին շրջանում, կայքերի ի հայտ գալու հետ մեկտեղ, որոշ չափով մարզական ինֆորմացիայի տարածումը ակտիվացել է: Իսկ Դավիթ Ջալալյանը ավելացրեց նաեւ, որ շատ կարեւոր է կադրային խնդիրը: Բանախոսներն ընդգծեցին, որ հանրապետության բուհերում թեեւ կան լրագրության, այդ թվում՝ նաեւ մարզական լրագրության ֆակուլտետներ, սակայն կադրերի հարցը լուծելը մնում է շատ դժվար: Մասնավորապես՝ Արթուր Նազարյանը նշեց, որ իրենց մոտ տարեկան շուրջ 200 ուսանող-լրագրողներ են պրակտիկա անցնում, սակայն որպես այդպիսի կայացած մարզական լրագրող գրեթե չկա կամ հատուկենտ են: «Օրինակ, անցած տարի մեզ մոտ՝ խմբագրություն եկան մի քանի ուսանողներ: Մենք նրանց իրենց սիրած մարզաձեւը, մարզիկի նախընտրելու հնարավորություն ընձեռեցինք՝ նյութեր պատրաստելու համար: Գնացին ու մինչեւ հիմա դեռ չեն վերադարձել, ոչ մի լուր չունենք, բայց սպասում ենք»,- ասաց Արթուր Նազարյանը:
Ասուլիսի մանրամասները՝ ավելի ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ