Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք հանրությունը վստահո՞ւմ է Ռոբերտ Նազարյանին

Հուլիս 02,2013 12:46

Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Նազարյանին վերանշանակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։ Այս առիթով «Ժողովուրդ»- ը մի քանի հարցեր ուղղեց Ռոբերտ Նազարյանին։

– Դուք արդեն երրորդ անգամ վերանշանակվել եք նույն պաշտոնում՝ տասնամյա պաշտոնավարումից հետո պատրաստվելով եւս հինգ տարով պաշտոնավարել։ Մի առիթով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատել էր, որ եթե պաշտոնյան երկար ժամանակ մնում է նույն «աթոռին», դառնում է անշարժ գույք։ Համամի՞տ չեք այդ բնորոշմանը։

– Ես կփորձեմ Ձեզ պատասխանել հետեւյալ կերպ, արդյոք Գրիգոր Հասրաթյանը, որը 13 տարի աշխատել է Երեւանի քաղաքապետ, որն այսօր քաղաքացիների կողմից գնահատվում է որպես լավագույն քաղաքապետ, անշարժ գույք էր։ Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը, ես այս տարիներին ղեկավարել եմ ու ստեղծել մի կառույց, որտեղ հանրային կարծիքն է կարեւորվում։ Սա մի ստեղծագործ կառույց է։

– Դուք գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքից, արդյո՞ք կարողացել եք այս 10 տարիների ընթացքում կառույցն իսկապես ղեկավարել այնպես, որ այն ծառայի իր բուն նպատակին։

– Ես մի անգամ մի առիթով ասել եմ, որ կցանկանայի, որպեսզի այս տարիների ընթացքում այնպիսի ջանքեր գործադրենք, որ հանրությունը ճանաչի այս կառույցը, ու իսկապես այս կառույցը կարողանա արտահայտել հանրության շահերը։ Որ հանրությունը հավատա ու վստահի այս կառույցին, դա կլինի իմ ամենամեծ ցանկությունը, ու ես շարունակում եմ այդ կարգախոսով առաջնորդվել, որպեսզի հանրությունը լավագույնս ճանաչի մեզ ու վստահի։

-Բայց արդյո՞ք Դուք այսօր հասել եք դրան, հանրությունը վստահո՞ւմ է Ձեզ։

– Ես ուզում էի նշել նաեւ դա ու կանխել Ձեր հետագա հարցը, բայց սիրով կպատասխանեմ, որ մեր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք պաշտպանել հանրության շահերը։ Եվ չի եղել այնպես, որ մենք մի որոշում կայացնենք, որ երկու կողմին էլ բավարարի, միշտ էլ երկու կողմն էլ դժգոհ են։ Բայց մենք աշխատում ենք ի շահ հանրության։ Ինչ վերաբերում է հանրության կարծիքին, ապա մենք շատ ազատ ու թափանցիկ կառույց ենք, մեր նիստերը բաց են, ու բոլորը կարող են գալ ու մասնակցել, մեր որոշումներն ու բոլոր տեղեկությունները տեղադրվում են մեր պաշտոնական կայքում։ Երբ մենք հայտ ենք ստանում, ամբողջությամբ տեղադրում ենք մեր ինտերնետային կայքում, հրապարակային հայտարարում ենք, թե ինչ գործընթաց է սկսվել։ Մեզ մոտ մշտապես լսումներ են կազմակերպվում, որոնց բոլորն էլ կարող են մասնակցել։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031