Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին «Հայոուսգազարդը» վնասներով է աշխատել

Հուլիս 02,2013 12:34
hayrusgazard

Հունիսի 30-ին՝ կիրակի օրով «Հայռուսգազարդը» Երեւանում բաժնետերերի ընդհանուր ժողով է անցկացրել եւ հաստատել ու հրապարակել է 2012 թվականի գործունեության հաշվետվությունը։ Եվ ահա այդ հաշվետվության մեջ փոքրիկ, առաջին հայացքից աննշան մի տեղեկատվություն կա։ Ըստ այդմ, 2012 թվականին «Հայռուսգազարդի» վնասը կազմել է 66 միլիարդ դրամ։ Իսկ այս ցուցանիշի ետետւմ թաքնված է իշխանության ստախոսության ապացույցը։

Եվ ուրեմն, որն է խնդիրը։ Վերջին տարիներին «Հայոուսգազարդը» վնասներով է աշխատել։ Օրինակ, 2010 թվականին այդ ընկերության վնասը կազմել է 11 միլիարդ դրամ, 2011 թվականին՝ 15.4 միլիարդ ու հանկարծ պարզվում է, որ 2012 թվականին վնասը կազմել է 66 միլիարդ։ Այդ ի՞նչ պատահեց Հայաստանի գազամատակարարման մոնոպոլիստին։ Այդ ինչ պատճառով «Հայռուսգազարդի» վնասներն այդքան մեծացան՝ միանգամից 5-6 անգամ։ Իսկ պատճառը շատ պարզ է։ Ողջ 2012 թվականի ընթացքում «Հայռուսգազարդը» Ռուսաստանից ստացել է ավելի թանկ գազ, բայց ներքին սպառման գազի սակագինը մնացել է անփոփոխ։ Իսկ եթե նույն ապրանքը գնում ես ավելի թանկ գնով, բայց վաճառքի գինը չես փոխում, վնասներ ես կուտակում։ Հենց սա էլ տեղի է ունեցել «Հայռուսգազարդի» հետ։

Մինչեւ 2011 թվականի վերջ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի հազար խորանարդ մետրի գինը եղել է 180 դոլար։ Հետո սկսել է աստիճանաբար բարձրանալ, բայց ներքաղաքական իրավիճակից ելնելով, ներքին սպառման սակագինը մնացել է անփոփոխ։ ՀՀ Մաքսային ծառայությունը իր պաշտոնական տեղեկանքներում արձանագրում էր, որ 2012-ին Հայաստան մուտք գործած գազի գինը եղել է 220-ից 250 դոլար, բայց, օրինակ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս ընթացքում բազմիցս հայտարարել է, թե գազի գինը չի փոխվել, այսինքն՝ եղել է 180 դոլար։ Այս տարվա մարտի 18-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Ռուսաստանից մատակարարվող գազի թանկացման մասին խոսակցությունները որակեց որպես «հերյուրանք եւ բամբասանք»։ Եւ ընդհանրապես, ընտրություններից առաջ գազի թանկացման մասին խոսելը գրեթե պետական դավաճանություն էր համարվում։ Իսկ գազի թանկանալը հավաստող փաստեր ներկայացնելը՝ գրեթե պետական գաղտնիք հրապարակել էր նշանակում։

Բայց «Հայռուսգազարդի» հաշվետվության մեջ ներառված այդ ցուցանիշը մի ավելորդ անգամ ապացուցում է, որ գազը թանկացել էր շատ վաղուց, ապացուցում է, որ դա գաղտնի էր պահվում, որպեսզի ընտրություններից առաջ հասարակական լրացուցիչ դժգոհություններ չառաջանային, ապացուցում է, որ «Հայռուսգազարդը» զբաղվել է քաղաքականությամբ՝ փաստորեն ֆինանսավորել է իշխանության քարոզարշավը միանգամից երեք (2012թ. խորհրդարանական, 2013թ. նախագահական եւ Երեւանի ավագանու) ընտրությունների ժամանակ եւ վերջապես ապացուցում է, որ մեր պաշտոնյաները սուտ էին խոսում…:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031