«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն այսօր ասաց, որ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին իր մասնակցության նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են:
«Եթե Ադրբեջանը մեզ գրանցի ու հնարավորություն տա ազատ ընտրություններին մասնակցել եւ քարոզարշավ անցկացնել, մենք այդ հնարավորությունը կօգտագործենք, որ բարձրաձայնենք այն ճշմարտությունը ինչը նախորդեց ադրբեջանահայ համայնքի վտարանդիությանը, ինչը բերեց դրան եւ երկրում ստեղծված իրավիճակին»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետը:
Նրա համոզմամբ, բացի իրենից ու Իլհամ Ալիեվից, ով որ ընտրվի Ադրբեջանի նախագահ՝ էլ ավելի ագրեսիվ տրամադրված կլինի. «Վերահաստատել իշխանությունն եւ առաջին թիրախը կլինեն Հայաստանն ու Ղարաբաղը… Ալիեւի օգտին գործում է պետական վարչական ապարատը, իսկ Ադրբեջանի ժողովուրդը մեզ հետ է»:
Ադրբեջանի նախագահի հավակնորդը նաեւ անդրադարձավ ԼՂ արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունը` ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Կես լուրջ կես կատակ կասեմ, որ Ղարաբաղի որոշ գործիչների մոտ ադրբեջանական նախընտրական գործընթացներում մեր մասնակցությունը ստեղծեց այն տրամադրություն, որ նրանք անգամ մտածում են` արժե բարձրացնել անկախության հարցը: Իսկ ավելի լուրջ պետք է ասենք, որ … խեղաթյուրվել է հակամարտության պատկերը, եւ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը ոչ այնքան նպաստավոր են»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ադրբեջանին տված Ռուսաստանի 1 միլիարդ դոլարի ռազմական աջակցությանը, ադրբեջանագետն ասաց. «Նենց չի, որ Կրեմլում նստած են ու զօր ու գիշեր Հայաստանի շահերի մասին են մտածում: Նրանք հակահայկան քալ չեն արել: Ռուսաստանի համար դա բիզնեսի հարց է, իսկ մենք պետք է մտածենք մեր անվտանգության հարցերի մասին, թե ուր կուղղի Ադրբեջանն այդ զենքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ