Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոստիկանները ծեծել են ոտքով, հարվածել են գլխին, երիկամներին, կապել «պառավոյին»

Հուլիս 02,2013 11:54

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն վերջերս հանրությանը ներկայացրեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի եւ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանի հեղինակած «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանական բաժանմունքներում» զեկույցը:

Հանրությանը առավել կհետաքրքրեն գրեթե չլուսաբանված այն հարցումները, որոնք անցկացվել էին հարցաթերթիկների ձեւով, կալանքի տակ գտնվող 80 անձանց հետ:

Նրանցից 30-ն էր համաձայնել լրացնել հարցաթերթիկները:

Ըստ հարցման հեղինակների, նրանց մեծ մասը հայտնել էր. «Իրենք որեւէ բողոքներ չունեն կամ միեւնույնն է` որեւէ բան չի փոխվելու, որոշ մասը բանավոր զրույցի ժամանակ նշում էր, որ իրենց ոստիկանությունում բռնության են ենթարկել, սակայն զգուշությունից ելնելով չէր ցանկանում հարցաթերթիկը լրացնել»:

Այնուհանդերձ, իրավապաշտպան կառույցն արձանագրել էր, որ 30 հարցվածներից 18- ը քրեակատարողական հիմնարկներ են ընդունվել մարմնական վնասվածքներով, տասներկուսը` չի ունեցել:

10 անձի ցույց է տրվել բժշկական օգնություն, 6-ին` չի տրվել, թեեւ ունեցել են բժշկական օգնության կարիք:

ՔԿՀ ընդունվելիս 28-ը բուժզննության են անցել:Եթե 24-ի բուժզննումը կատարել են բժիշկները, ապա ըստ զեկույցի հեղինակների` 4-ը չեն իմացել, թե ովքեր են իրենց զննել:

9 անձի զննության ժամանակ ներկա են գտնվել ոստիկանները;

Ինչ հայտարարություններ են տվել հարցվածները բռնությունների մասին;

Նրանք ասել էին. «Ծեծել են ոտքով, հարվածել գլխին, երիկամներին: Ձեռնաշղթա են հագցրել, մահակով հարվածել են կողերին, ոտքերին, գլխին: Գրքով խփել են մեջքին, մահակով` ոտքերի տակ: Հարվածել են մահակով, մանրահատակով, էլեկտրահարել են էլեկտրաշոկով: Հարվածել են ատրճանակի բռնակով, գլուխը խփել «պառավոյին», աթոռից կապել են, ցանկացել են մուրճով հարվածել ծնկերին, բայց այդ պահին մարդ է եկել, չեն հասցրել»:

Ֆիզիկական բազմաթիվ բռնություններին զուգահեռ խոսք է գնում հոգեբանական ճնշումների մասին:Հարցվածներն հայտնել էին. «Ասել են` եթե չստանձնի հանցագործությունը, իրեն «ատկազով» կդատեն, ավելի վատ կլինի»:Կամ` «Սպառնացել են, եթե չխոստովանի, ընկերուհուն կբերեն եւ կծեծեն»:

Ոստիկանության ո՞ր բաժիններն են աչքի ընկել: Իրավապաշտպանների հարցման արդյունքերով, խոշտանգումների եւ վատ դրսեւորումների դեպքերից 5-ը Շենգավիթի, 4-ը` Մաշտոցի, 3-ական` Կենտրոնի եւ Արաբկիրի, 2-ական Շահումյանի, Աբովյանի, Էջմիածնի ոստիկանական բաժիններն են:

26 բերման ենթարկվածներից որեւէ մեկին իրենց իրավունքների մասին չեն ծանոթացրել:

Նրանց չի տրամադրվել ձերբակալման արձանագրությունը: Իսկ քսան ձերբակալված չի ունեցել պաշտպան, քանի որ չի պարզաբանվել պաշտպան ունենալու նրանց իրավունքի մասին:

Ուշագրավն այն է, որ պաշտպանից հրաժարվել են քննիչի «պարզաբանմամբ»` դրդմամբ:

«Քննիչն ասել է, թե պաշտպան պետք չի, ինքը կպաշտպանի»,-ասել էր հարցվածներից մեկը: Մեկ այլ քննիչ ավելի հեռուն էր գնացել, ասել է` մինչեւ մեղքը չընդունես, պաշտպան չես ունենա:

Ինչպես են ձերբակալվածները տարվել դատարաններ.մեկը ուշագնաց, շտապօգնության ավտոմեքենայով, իսկ 21- ն առանց պաշտպանի, երբ նրանց նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց:

Կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու մասին ամենաերկար դատական նիստն էլ տեւել է կես ժամ, ամենակարճը` տասնհինգ րոպե:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031