Մոտ 10 ամիս առաջ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրած հայտնի խորհրդակցության ժամանակ խոսում էր «ատկատների», չարաշահումների մասին ու ձեռքի շատ հիշվող շարժումով ասում՝ «գլխից պիտի բռնենք մեծերին» (նկարում ներկայացված է հենց այդ պահը՝ սեպտեմբերի 15, 2012 թվական): Հանձնարարություն տվեց դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, որ գնան ու «գլխից բռնեն մեծերին»։ Անցել է տասը ամիս ու ոչ մի «մեծ գլուխ» չի բռնվել։ Եւ ուրեմն, ի՞նչ նպատակով էր դա արվում։ Հարցի պատասխանը, որքան էլ տարօրինակ հնչի, թաքնված է Սերժ Սարգսյանի հենց շաբաթօրյա ելույթում։ «Մե՛նք ենք առաջինը հրապարակային պարսավանքի ենթարկել եւ ենթարկելու ենք այդ երեւույթները, մե՛նք ենք առաջինը մատնացույց անելու գողությունը, մենք ենք առաջինը խոսելու թերությունների մասին»,- ասել է Սերժ Սարգսյանն այս անգամ։ Իսկ ինչո՞ւ։ Նպատակը պարզ է՝ Սերժ Սարգսյանը սրանով ընդամենը փորձում է արժեզրկել պատկերավոր ասած ընդդիմադիր խոսքը։
Ըստ Սերժ Սարգսյանի հաշվարկների, եթե իշխանության կատարած հանցագործությունների մասին խոսում է հենց իշխանությունը, ապա ընդդիմությանը այլեւս ասելու բան չի մնում։ Ու ստացվում է, որ եթե ընդդիմությունը ասելիք չունի, ուրեմն անելիք էլ չունի, ինչ պետք է՝ իշխանությունը կանի։ Մի որոշ ժամանակ հանրային ընկալման մեջ սա կարող է եւ աշխատել։ Բայց ընդամենը մի որոշ ժամանակ։ Դրան պետք է հետեւեն գործողություններ, որոնք, ինչպես արդեն համոզվել ենք, չեն հետեւում։
Ու Սերժ Սարգսյանի բեմադրած այս ներկայացումների շարքը արդեն վերածվում է ձանձրալի ու գաղջ սերիալի։ Այնպես որ, լուրջ հետեւանքների սպասելու ոչ մի հիմք չկա։ Այս ամենին պետք է վերաբերվել որպես բեմադրության, որի դիտարժանությանը, ճիշտն ասած, արդեն կարելի է վերապահումներով մոտենալ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում