Երեւանում տեղի ունեցավ «Չինաստանը հայերի աչքերով» գրքի շնորհանդեսը, իսկ աշնանն էլ, ինչպես հրատարակիչները հայտնեցին, նմանատիպ շնորհանդես կկազմակերպվի Չինաստանում, եւ գիքը կհանձնվի չինացի ընթերցողի դատին: Գրքի գլխավոր խմբագիրը Գրիգոր Պետրոսյանն է, ում խոսքով, սա նոր հարաբերությունների սկիզբ է, սակայն չի ուզում տալ քաղաքական ենթատեքստ: «Սա հասարակական դաշտում նոր հարաբերությունների էլեմենտներից մեկն է: Գրքում ներառված են եւ պատմական ակնարկներ, եւ տնտեսական հարցերը շոշոփող նյութեր, գիտական, եւ այլն: Եվ մենք իրենց առաջարկով եւ օգնությամբ փորձեցինք իրականացնել այս ամենը»,- ասաց խմբագիրը:
Ինչպես հայտնեց, նմանատիպ գրքեր լույս կտեսնեն նաեւ Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Բելառուսիայում:
Գրքում իրենց խոսքով, տպավորություններով հանդես են եկել 13 հայ անվանի գործիչներ, որոնց թվում` Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ այլն:
«Հայ-չինական մշակութային ու քաղաքական հարաբերությունների մասին պատմող մեկ ընդանուր այս ձեռնարկը հրատարակվել է հայ չինական դիվանագիտական հարաբերությունների 21-րդ տարելիցի կապակցությամբ: Եվ մենք ուրախ ենք այսօր հյուրընկալել Չինաստանում մեծ հնչեղություն ունեցող անձանց, ովքեր նաեւ զարմացան Հայաստանում նման ջերմության արժանանալու համար»,- ասաց Գրիգոր Պետրոսյանը:
Չինացի հյուրերն էլ հանդես եկան իրենց շնորհակալական խոսքով:
Նշենք, որ գիրքը հրատարակվել է «Միջազգային ուսումնասիրություններ» չինական հիմնադրամի կողմից: Թեեւ գիրքը դեռ վաճառքում չկա, բայց այն հնարավոր կլինի գտնել գրեթե բոլոր պետական, պաշտոնական կենտրոններում, ինչպես նաեւ օրինակները հանձնվելու են գրադարաններին:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ