Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքաղաքական գործընթացների մի երեսը

Հուլիս 02,2013 10:53

Որ Հայաստանում կատարվող ամեն բան կախված չէ ներքաղաքական տուրեւառից (գումարած` արտաքին ազդակներից), հիմա արդեն, հունիսի 29-ին նախագահ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, ոչ ոք չի կարողանա պնդել:

Եվ ասենք, թե ինչու:

Լավ իմանալով համակարգը` կարող ենք ասել, որ Վերահսկիչ պալատն առանց նախագահի «դաբրոյի» չէր կարող բացահայտումներ անել: «Դաբրոն» եղել է ամիսներ առաջ, իսկ թե ի՞նչն է փոխվել վերջին կարճ ժամանակում, որ այդ «դաբրոն» գունաթափվել է (անկախ նրանից, որ կամ միգուցե Ի. Զաքարյանը չափից ավելի շատ է ջանացել, քան պետք է եղել), առանց ներքաղաքական ազդակների հնարավոր չի լինի բացատրել: Սակայն մի բան ակնհայտ է` ամիսներ առաջ նախագահ Սարգսյանը խիստ տոնով հորդորում էր համապատասխան կառույցներին` պայքարել «ատկատի» դեմ, իսկ ահա ամիսներ հետո, երբ ՎՊ-ն ու նրա նախագահը լայնորեն վեր էին հանել «ատկատների» սուբյեկտներին, նախագահը փոխեց իր տոնայնությունը. «Երբ ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր բյուջեի 70 տոկոսը` 701 մլրդ. ռիսկային գոտում է, ակնհայտ է, որ դա շատ սխալ եւ անհեռատես հայտարարություն է»:

Միգուցե «ատկատի» դեմ պայքարողի դրոշը լրիվ ուրիշ մարդ պետք է վերցնի` ասենք, հենց վարչապետը, որը նախագահի կուսակիցն է, եւ որին նախագահը հանձնարարեց արագ եւ թափանցիկ անել բարձրացված հարցերը հատ-հատ քննարկելը: Միգուցե ՎՊ նախագահը այդպես էլ չի կարողացել կտրել բոլոր այն թելերը, որոնք նրան կապում էին անցյալին, ու այն մարդկանց, ում շնորհիվ ի վերջո նա այդքան բարձր պաշտոնի նշանակվեց, ու սա վերջին շրջանում օգտագործվել է` անկախ ՎՊ նախագահի ուզել-չուզելուց: Միգուցե նա իր բացահայտումներով, հիմա արդեն կարեւոր չէ` կամա թե ակամա, ջուր էր լցնում իշխանության մեջ իրար դեմ պայքարող թեւերից մեկի ջրաղացին, իսկ նախագահը ցույց տվեց, որ բոլորովին էլ չի տրվելու այդ թեւի խժդժանքին: Մանավանդ` նախագահն իր խոսքի վերջում ասել էր, թե խոսելու են նաեւ խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին, կուսակցությունում կքննարկեն եւ կորոշեն` այդպիսի դեպքերում ո՞նց վարվեն:

Հարցեր, որոնք դեռ պատասխանի են սպասում, բայց այդ հարցերն ինքնին ծնվում են:

Միգուցե այդ թեւերի պայքարը շատ ավելի խորն է, քան կարող է պատկերացնել սովորական մարդը. ասենք` փակել ճանապարհը դեպի մյուս խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ այն հավակնորդների առաջ, որոնք դրա համար ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Սրանք կարող են իրական եւ խորքային պատճառները լինել այն կոշտ պահվածքի համար, որ դրսեւորեց նախագահ Սարգսյանը` խորհրդակցության ժամանակ, չխորշելով անգամ գոնե ցուցափեղկի առումով անկախ կառույցների գլուխների` գլխավոր դատախազի եւ ՎՊ նախագահի հետ հարաբերվելիս մի տեսակ կարծես խախտել սուբորդինացիան` առաջինին ցուցում տալով, թե որքան մլն դրամի սահմաններում պետք է լինեն բացահայտումները, երկրորդին ընդհանրապես ոչնչացնելով, թե նրա կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում: Միգուցե իսկապես խաղն արժե մոմերը, քանի որ տեղի ունեցածի իրական պատճառների մասին կարելի է միայն ենթադրություններ անել, գումարած այն, որ գործադիրի գլուխն ի վերջո երկրի նախագահն է, ու եթե ՎՊ-ն իրական բացահայտումներից շատ ավելին է ցույց տվել կամ ուռճացրել, հենց նրան էլ խփում է ի վերջո: Կամ գուցե հաջորդ նախագահական ընտրություններին իրավահաջորդի առումով Ս. Սարգսյանն իր ընտրությունը կատարել է, եւ շաբաթօրյա խորհրդակցությունում դա հստակ զգալ տվեց` վարչապետին աջակցելով եւ քաղաքական մեծամասնության պահվածքի ուղղությամբ (տվյալ դեպքում` խորհրդարանի ղեկավարի) տակառ գլորելով:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. tigran20053 says:

    Պատկերացրեք իրենք նույնիսկ խաբար չեն թե ինչ բան է ՝ Աուդիտ, աուդիտորարական ստուգում,և ինչ բան է Վերահսկիչ պալատ….ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵՔ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ—Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն:
    Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի:…Հիմա բացարտենք այս խելացիներին,թե ինչ բան է Աուդիտ. Աուդիտորարական ստուգում՝ կազմակերպության, համակարգի գործունեության, ծրագրի անկախ գնահատման գործընթացն է: Աուդիտի տեսակները.
    1. Ֆինանսական և ներդրումային աուդիտ- այսինքն ֆինանսական հաշվետվության ստուգումը և դրա ճշգրտության վերաբերյալ կարծիքի հայտնումն է,արտադրանքների ինքնարժեքի ձևավորման, ծառայությունների սակագների…:ներդրումային աուդիտը — ներդրումային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման մասին եզրակացությունն է….
    2.Արդյունաբերական աուդիտ——տեխնիկական, էկոլոգիական և այլ տարատեսակներ:–Տեխնիկական աուդիտ ասելով հասկանում ենք արտադրության կազմակերպման, որակի վերահսկողություն և կառավարման համակարգերի ստուգումը, որոնք օգտագործվում են տեխնիկական և տեխնոլոգիական որոշումներում, ինչպես նաև մեքենաների, սարքավորումների, մեխանիզմների, շենքերի և կառույցների, ինժեներական կապուղիների, համակարգերի և ցանցերի տեխնիկական վիճակի ստուգումը…Հասարակ բացատրելու համար ասեմ,օրինակ, դուք ունեք գործարան կամ ֆուտբոլային ակումբ, և իրականում չգիտեք թե ինչքան արժի ձեր գործարանը կամ ակումբը,կամ դուք ուզում եք այդ գործարանը կամ ակումբը գնեք,նախ դուք ուզում եք գիտենաք թե ինչ եք գնում կամ վաճառում,դրա համար անցկացնում եք աուդիտ,որպեսզի գնահատեք արժեքը….Մի խոսքով երկար չբացատրելու համար ասեմ հեչ կապ չունի աուդիտը վերահսկիչ պալատի հետ…այսինքն դրանք տարբեր բաներ են,չի կարելի համեմատել մեկը մյուսի հետ…Վերահսկիչ պալատի իրավասության մեջ է մտնում հենց այդ իրեն ասած ռեվիզորի գործունեությունը….այսինքն վերահսկիչ պալատը նույն այդ ռեվիզորն է,այլ ոչ թե աուդիտը……..հիմա եթե այս ամեն ինչը կկարդա նախագահի շրջապատի խելացիներից մեկը,կարող է այս ամենը ինչը ականջին օղ անի,որ հասկանա թե ինչ բան է աուդիտը,որ ուրիշ տեղեր էլ դուրս չտան,թե չէ վրաները կծիծաղեն,ամոթ է……միթե նախագահի կողքին մի խելքը գլխին մարդ չկա,պարզ է,որ նապագահը հնարավոր է և չգիտենա այս մասին,դրա համր էլ ունի օգնականներ,խորհրդատունիներ, որ նախագահին բացատրեն, թե ինչ բան է վերահսկիչ պալատը՝ռևիզորը և աուդիտը……….

  2. tigran20053 says:

    Աուդիտ անցկացնելու համար կան հատուկ կազմակերպություններ,հրավիրում ես,գալիս են մի քանի հոգով,իհարկե գործից հասկացող մարդկանցով,և խնդրում ես աուդիտ անցկացնի…եթե ուզում ես,մի հատ էլ էլի կողքից մի ուրիշ աուդիտի ես հրավիրում,և համեմատում տվյալները…կամ էլ մի հատ ներքին աուդիտ ես անցկացնում,քո ունեցած չունեցած մասնագետներով ու մի հատ էլ անկախ աուդիտ ես հրավիրում.և արդեն մոտավորապես հասկանում ես թե ինչ իրավիճակում է տվյալ համակարգը….

  3. tigran20053 says:

    Վերահսկիչ պալատի գործունեությունը հենց այդ իրեն ասած ՌևԻԶՈՐԻ գործն է…որ ստուգի,հայտնաբերի գողացածը,ուղարկի համապատասխան մարմիններին որ զբաղվեն այդ գործերով,դրա համար էլ ինքը համարվում է անկախ,այսինքն ոչ մեկից չկախված,որ իրեն խելք խրաթ չտան ինչը կարելի է դուրս հանել ինչը ոչ………այլ ոչ թե հայտնաբերի,հետո մարդու չասի,գնա իրենց կուսակցությունում քննարկեն,թե իրենց միջի որ գողն է գողացել.ու իրենք խաբար են թե չէ,ու դուրս հանելու են թե չէ….կարճ ասած աբսուրդ…………հայկական ճշմարտություն….այստեղ ամեն ինչ իրենց ուզածով են հասկանում,այլ ոչ թե ինչպես ամբողջ աշխարհում է….

  4. tigran20053 says:

    Եթե բառախաղերով իրենք մարդկանց չշեղեն բուն մտքից….կարելի է ասել այսպես ՝Վերահսկիչ պալատը նույն ռևիզորն է,այսինքն աուդիտորն է….իսկ Աուդիտ, աուդիտորարական ստուգումը մի քիչ ուրիշ բան է և դրա բացատրությունը ես նշել եմ վերևում…իհարկե կարելի է մանրամասն խոսել այս թեմայից,եթե թարգմանություններով բացատրենք ռեվիզորը նույն աուդիտորն է,որոնք իրականցնում են ստուգումներ,իհարկե չենք համեմատի Գոգոլի «Ռևիզոր»-ի հետ…ՃՃՃ…բայց եթե բաժանենք այս երկու բառերը և տեղադրենք Աուդիտ, աուդիտորարական ստուգում,աուդիտորարական կազմակերպություն և վերահսկիչ պալատը,դրանք երկու տարբեր բաներ են,տարբեր գործունեությամբ,ֆունկցիաներով և պատասխանատվությամբ…բայց միտք չունի խորանանք…կարևորն է հիմա նշենք Վերահսկիչ պալատի գործունեության մասին…Վերահսկիչ պալատը պետական լուրջ կառույց է,իր վրա վերցրած առաքելությամբ,որը շատ սերտ պետք է համագործակցի իրավապահ մարմինների հետ ու բոլոր բացահայտված խախտումները պետք է փոխանցվեն դատախազություն առանց կուսակցական քննարկումների…ՃՃՃ…ու չի կարելի համեմատել աուդիտորարական կազմակերպության հետ,որովհետև դու կարող ես հրավիրել աուդիտորարական ստուգում անցկացնես,իմանաս քո ունեցած չունեցածի մասին,թերությունների մասին,քո ենթակաների ոչ ռացիոնալ գործունեության մասին,նույնիսկ գողացած փողերի մասին այդ ստուգվող համակարգի,ու ոչ մեկի էլ չասես այդ մասին…Իսկ վերահսկիչ պալատը իրավունք ունի առանց քեզ հարցնելու և տեղեկացնելու մի օր պատահական գա ու անցկացնի ստուգումներ և անարդյունավետ օգտագործված փողերի,այսինքն գողացած փողերի համար առանց քեզ հարցնելու կարող է փոխանցել դատախազություն և հարուցեն քրեական գործ…Հիմա ինչ է առաջարկում մեր նախագահը՝ վերահսկիչ պալատը վերածել աուդիտական կազմակերպության,այսինքն գնա գողին բռնի բայց ոչ մեկին չասի այդ մասին,ու գնա նախագահի հետ կամ իրենց կուսակցության մեջ քննարկեն այդ հարցը,և հետո նոր մտածեն դուրս հանեն թե ոչ…..

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031