Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան Հայրապետական թեմի կոչը լայն հասարակությանը՝ թույլ չտալ կառավարելի դարձնել սեփական ենթագիտակցությունը նեղ խմբային շահերը հետապնդողներին

Հուլիս 02,2013 10:46

 Անցած երկու տարիների ընթացքում մի շարք լրատվամիջոցներ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանին վերագրեցին զանազան բացասական որակներ՝ հասարակության մեջ փորձ անելով ձևավորել Սրբազանի անձի՝ իրականությունից ամբողջովին կտրված ընկալում: Հավասարակշռության և անկողմնակալության սկզբունքի պահպանման փոխարեն մի խումբ ԶԼՄ-ներ, թերևս միայն իրենց հայտնի պատճառներով, առ այսօր առավել կարևորում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդին՝ հասարակության կյանքից, նրա հոգսերից ամբողջովին կտրված ներկայացնելը:

Օգտվելով Նավասարդ արք․ Կճոյանի լռությունից, մամուլի մի խումբ ներկայացուցիչներ անընդհատ մոլորության մեջ են գցում հասարակությանը՝ միևնույն ժամանակ զերծ մնալով սեփական գործողությունների համար որևէ պատասխանատվությունից: Ստեղծված իրավիճակի ցցուն օրինակ կարող է ծառայել երեկ կայքերից մեկում տպագրված Աշոտ Սուքիասյանի հետ գործնական առնչություն ունեցած մի կնոջ հարցազրույց, որտեղ վերջինս հայտարարում է, թե Նավասարդ արք․ Կճոյանն, իբր, ստել է՝ ասելով, որ Սուքիասյանի հետ վերջին անգամ Նոր տարուն է խոսել, քանի որ 2012թ․ հուլիսին ինքը տեսել է, թե ինչպես է մի ճարտարապետ Սրբազանին փոխանցելու խնդրանքով «կամարաձև շինարարական գծագրություն» տալիս Աշոտին: Թե ի՞նչ կապ ունի 2012թ․ հուլիսին տեղի ունեցած այդ դեպքը 2013 թվականի հետ, պարզ չէ, բայց այն, որ նմանատիպ անհեթեթ փաստարկումներից հետո, լրատվամիջոցն այդ հարցազրույցը վերնագրում է «Կճոյանը թող սուտ չխոսի՛, թե Աշոտ Սուքիասյանի հետ միայն Նոր տարվա օրերին է շփվել՝ հեռախոսով»՝ վառ ապացույցն է այն իրողության, որ հասարակության ապատեղեկացումը հստակ գիտակցված է և իրագործվում է մամուլի կողմից ստեղծված և ժամանակի ընթացքում հասարակության մեջ արմատացած էմոցիոնալ կարծրատիպերը օգտագործելու և խորացնելու մեթոդով:

Այս երկու տարվա ընթացքում առաջ քաշվող հարցադրումները և փաստարկները հաճախ դուրս են բերվում համատեքստից, աղավաղվում և առավելապես հարմարեցվում հրապարակումների քննադատական, դեղնավուն բնույթին: Մեկ անգամ ևս կոչ ենք անում լայն հասարակությանը թույլ չտալ կառավարելի դարձնել սեփական ենթագիտակցությունը նեղ խմբային շահերը հետապնդողներին:

Արարատյան Հայրապետական թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031