Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի վերադարձին նվիրված Գորիսի ստորագրահավաքը կե՞ղծ էր

Հուլիս 01,2013 20:44

Շաբաթներ առաջ լրատվամիջոցներով լուր տարածվեց, թե Գորիսում Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը ստորագրահավաք է կազմակերպել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերադարձնելու նպատակով:

Aravot.am-ը զրուցեց Գորիսի հարակից գյուղերի ղեկավարների եւ Գորիսի մշակութային կենտրոնների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու լուրի հավաստիությունը:

Վերիշենի գյուղապետ Արարատ Օրդյանը ստորագրահավաքի մասին լրատվամիջոցներից էր իմացել, բայց դեմ չէր լինի մասնակցել նման ստորագրահավաքի. «Ես լսել եմ ստորագրահավաքի մասին, բայց կուրսի չեմ: Ստեղ ստորագրահավաք չի կատարվում, ինտերնետից ենք կարդացել, որ տենց բան կա: Եթե ստեղ ստորագրահավաք լինի՝ կմասնակցենք, անձամբ ես կստորագրեմ, որ ինքը հետ գա: էս ժողովուրդն էլ է իրեն ուզում, գյուղացիների բացարձակ մեծամասնությունը: Շատ իզուր են անում, որ բացասական են խոսում: Էդ մարդու արածները շատ են: Ինչ հարցով դիմել եմ, օգնել է, հիմա էլ խոստացել է, որ միջհամայնքային ճանապարհը պետք է կառուցապատի»:

Գյուղապետի խոսքերով, Սյունիքում վախի, սարսափի մթնոլորտ երբեք չի եղել, մամուլն է սարսափի մթնոլորտ հորինել. «Մամուլն ապուշ-ապուշ ասում է էլի, ինչ վախի, սարսափի մասին է  խոսքը: Մարդը, որը պահանջկոտ է աշխատանքի վերաբերյալ, դարձավ սարսափելի՞: Մարդն ուզում է, որ իր շրջապատում բոլորն աշխատեն, ոչ մեկ հենց-նենց չգնա իր տեղը նստի: Մարդը լավ աշխատողին խրախուսում էր, աջակցում էր: Երեւի ոչ մեկ տենց չի աշխատել ու չի էլ աշխատի: Ինքը հրաշալի մարզպետ էր: Շատ հայրենասեր, գործունյա, աշխատասեր մարդ է: Նա գյուղացուն էլ էր աջակցում՝ լինի երեխու վարձի վերաբերյալ, բանակի հարց, գյուղի, անձնական խնդիրներից մինչեւ գյուղի վերջին խնդիրը»:

Սուրիկ Խաչատրյանի մասին հիացմունքով խոսեց նաեւ Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը. «Մեր նախկին մարզպետի հետ հանդիպումները եղել են գործնական եւ միայն գյուղի խնդիրներով: Ինքը միշտ պատրաստակամ է եղել այդ խնդիրների լուծման առնչությամբ: Նա պահանջկոտ մարդ է»:

Նա նույնպես ստորագրահավաքի մասին լրատվամիջոցներից էր լսել ու ասաց՝ պատրաստ է մասնակցել:

Ստորագրահավաքից տեղյակ չէին Գորիսի Ակ. Բակունցի անվան թանգարանում նույնպես: «Եթե Սուրիկ Խաչատրյանը հետ գա աշխատանքի, մեզ համար ավելի լավ, որովհետեւ Բակունցի տուն-թանգարանը նա միշտ ուշադրության կենտրոնում է պահել: Դժգոհություն չենք ունեցել, որովհետեւ ինչքան կարողացել է, աջակցել է: Նա խիստ մարդ է աշխատանքի մեջ, ու մարդ չի կարող բոլորի համար լավը լինել, միշտ էլ լինում են մարդիկ, որոնց համար մենք վատն ենք լինում: Մեր թանգարանում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, ու դրա մի մասը պարոն Խաչատրյանն է ֆինանսավորել»,- ասաց թանգարանի աշխատակից Անահիտ Հարությունյանը:

Ստորագրահավաքի մասին չէին լսել նաեւ Գորիսի գուսան Աշոտի անվան մշակույթի տանը, Գորիսի արվեստի դպրոցում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Գոռ says:

    “Մեռելների մասին կամ լավը կամ ոչինչ” , այս ասացվածքը կարելի է ձևափոխել՝ արյունռուշտի մասին կամ լավը կամ ոչինչ…….մարդիկ եք գտել կարծիք եք հարցնում…դեռ մի հատ էլ տպագրում…!!!

    • գործընկեր says:

      Լսիր, խելոք, ասացվածքդ տեղին չէ: Գորիսում բոլոր նորմալ մարդիկ էլ նույն կարծիքն ունեն Խաչատրյանի մասին: Դեռ քիչ մարդկանց են հարցրել: Շատերը կուզեն խոսելԼրագրողները սովոր չեն մարդկանց լավ բաների մասին խոսել: Նրանց միայն վատն է հետաքրքրում, իսկ այս կամ այն պաշտոնյայի արժանիքների մասին չեն սիրում գրել:

  2. գործընկեր says:

    Ասացվածքդ տեղի չէր: Իսկ ինչ վերաբերում է տպագրված նյութին, խիստ տեղին է: Լրագրողները սովորաբար միայն վատ բաներ են սիրում գրել, իսկ մարդու դրական գծերի, արած մեծաքանակ հրաշալի գործերի մասին գրել և խոսել չեն սիրում: ամբոխին հագուրդ տալու համար են գրվում հերթական ցնդաբանությունները մի մարդու մասին, ով հարգված ու սիրված է մարզում շատ նորմալ մարդկանց կողմից և գնահատված իր գործերով: Դեռ քիչ են ասել, շատերին պետք էր խոսեցնել՝ խելամիտ մարդիկ շատ ասելիք ունեն Խաչատրյանի բեղուն ու արդյունավետ գործունեության մասին, որ արժանի է գնահատանքի: Եվ մարզի առողջ մասսան իսկապես ցավում է, որ այլևս մարզպետ չէ: Մարզը կայուն էր իրենով և մարզը հպարտ ու աննկուն էր իրենով: հիմա ամեն ինչ երերուն է, շուտով բոլորը դա կզգան:

  3. Մարինա says:

    Շատ հետաքրքիր է, Լիսկայից քանի՞ կոպեկ է ստացել “գործընկերը”, որ այդպիսի մեծարանքով նման հանցագործի գովքն է անում: Կամ էլ, երևի, նեղ անձնական հարցով մեկ անգամ ընդառաջել է, դե՝ “գործընկերն” էլ ոգևորվել է: Կամ էլ համագործակից է: Թե չէ, ինչպե՞ս կարելի է բռնաբարողի, հղի կնոջ վրա կրակողի, դպրոցահասակ երեխային իր աշխատավայրում ծեծողի, մեկ ուրիշ դեպքում էլ՝գործարար կնոջ վրա ուժ կիրառողի, պատերազմի դաշտը թողած, իր “սիրելի” Գորիսի քաղաքապետարանի վրա զինված հարձակվողի, թալանողի, հարստահարող դեսպոտի մասին խոսել նման հիացմունքով: Լիսկան, նրա հարազատները, բազմաթիվ խուժանությունների, հանցագործությունների, սպանությունների անպատժելիության զգացողությամբ ու ամենաթողությամբ, այո’, վախի մթնոլորտ են ստեղծել մարզում: Քողարկված “գործընկեր” ջան, հետաքրքիր է, դուք գոնե ձեր գրածին հավատում եք, թե՞ փողի փայլը կուրացրել է ձեզ: Այն, ինչ մտածում եք ձեր “սիրելի” Լիսկայի մասին, գոնե ձեր մտքում պահեք և մի վերագրեք մարզի առողջ մասսային: Մարզի խելացի, գրագետ, կրթված, նաև պարզապես աշխատասեր մարդկանց համար, Լիսկան ամոթի խարան էր և փառք Աստծո, որ նա այլևս մարզում տեր եւ տիրական չի լինելու, որ իր ու իրեն շրջապատողների գոյությամբ նոր հանցագործություններ չավելացնի: Տեսնե՞ս, հիմա, որ բնագավառում է շարունակելու իր սև գործը: Տա Աստված, որ Սյունիքի մարզպետ, այս անգամ նշանակվի այնպիսի մեկը, որ կարողանա բարձրացնել Սյունիքի և մակարդակը, և սյունեցու աննկուն ոգին… Թե չէ, գործընկերոջ բարբաջանքը կարդալուց, թվում է թե երկրի վրա քայլող Աստծո մասին ես կարդում…

  4. Մարինա says:

    Ծախու հոգի, “գործընկեր ջան”… https://www.aravot.am/2013/06/25/258745/
    Այս նյութերը կարդալուց հետո, գոնե սթափվիր ու ուժ գտիր քո մեջ՝ ճշմարտության աչքերին ուղիղ նայելու համար: Ուժ գտիր քո մեջ և ետ կանգնիր ազգասպան, մարդկային կերպարները կորցրած թափթփուկներին գովերգելու անպատիվ քայլից: Հեռու կանգնիր, ազգի դավաճաններից, որ դու էլ չդառնաս դավաճան…Դավաճանները չեն ներվում, ոչ երկրի վրա, ոչ էլ՝ երկնքում: Քանի դեռ, քո սիրելի լիսկայի պես, չես կորցրել մարդկային խիղճդ, մաքրագործիր հոգիդ ու շարունակիր մարդավայել ապրել այս երկրի վրա… Սրտացավորեն եմ դիմում բոլոր նրանց, ովքեր լիսկաների նմանների կողքին են և լավ են կատարում պնակալեզի դերը, եթե այնքան փոքրոգի եք, որ չեք կարող քննադատել Աստծուն և խիղճը կորցրածներին, ապա մի էլ փորձեք լուսապսակ դնել անարժանների գլխին….Ամոթ է… ուշքի եկեք…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031