Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն ընդունեց Նիգերիայի նորանշանակ դեսպան Ալհաջի Տուկուր Մանիին (նստավայրը՝ Թեհրան)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Սերգեյ Մանասարյանը հաջողություն մաղթեց նրան և հույս հայտնեց, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի հայ-նիգերիական հարաբերությունների զարգացմանը: ԱԳ փոխնախարարը նաև նշեց, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկայի առաջատար պետությունների, այդ թվում Նիգերիայի հետ հարաբերությունների զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մանին նշեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև փոխգործակցությունն ամրապնդելու համար: Նա նաև նշեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ կան, որոնց շուրջ հնարավոր է արդյունավետ փոխգործակցություն հաստատել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին քաղաքական շփումների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման և մի շարք այլ ոլորտների հետ կապված հարցեր:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն