Այսօր ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեսյանը խոսելով 2012 թ. ՎՊ հաշվետվության մասին հայտարարել է. «Ես համաձայն չեմ Վերահսկիչ պալատի ֆինանսական գնահատականին, ես համամիտ կլինեմ, եթե ջրանցքների անորակ աշխատանքը մետրով գնահատեն, ոչ թե ֆինանսական գնահատական տան: Ճիշտ մոտեցում չէ դա»:
Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է.
ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկում ՀՀ ՎՊ կողմից իրականացված Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների բետոնացման աշխատանքների ստուգումների ընթացքում հայտնաբերվել են 2 մլն 608.75 հազար դրամ ծավալային հավելագրում և 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանք:
Նշենք, որ ստուգումների արդյունքում կազմված բոլոր արձանագրությունները ստորագրվել են վերահսկվող օբյեկտի պատասխանատուների կողմից և որևէ առարկություն չի ներկայացվել:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեսյանը` ՎՊ նախագահ Ի. Զաքարյանին ուղղված 10.04.2013 թվականի , 01/ 06/617 -13 գրությամբ տեղեկացնում է, որ 2մլն 608 հազար դրամի չափով գումարը կվերականգվնի մինչև 2013 թ. ապրիլի 20-ը, իսկ ջրանցքի շեպերում առկա ճաքերը արդեն վերացված են և կազմված են համապատասխան ակտեր:
Ավելին, ի կատարումն ՀՀ վարչապետի 2013 թ. մասիսի 20-ի 02/23.6/6877-13 և 2013 թ. մայիսի 22-ի 02/23.6/7047-13 հանձնարարականների Ա.Անդրեսայանը ներկայացրել է, որ «Արարատշին» ԲԲԸ-ի և «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից 2 մլն 608 .75 հազար դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանքները վերացված են և ԾԻԳ-ի համապատասխան հանձնաժողովը արձանագրել է այդ անորակ աշխատանքի վերացումը:
ՀՀ ՎՊ լրատվական ծառայություն