Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ակումբի պաշտոնական կայքում մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակը:
«Ես գիտեմ այն, ինչ գիտեք դուք: Ոչ ավելին: Առայժմ չէի ցանկանա մեկնաբանություններ տալ եւ հայտարարություներ անել: Դա նրա որոշելիքն ու ցանկությունն է:
Կարծում եմ` Մխիթարյանը շատ մեծ սխալ է գործում: «Շախտյորն» ուժեղ ակումբ է, որի թիկունքում մշտապես 50 հազար երկրպագու կա: Հենրիխը խաղում է ամեն տարի չեմպիոնության, գավաթի եւ Չեմպիոնների լիգայի համար պայքարող թիմում: Կարծում եմ` նա պիտի դա գնահատեր: Ամբողջ թիմն օգնել է նրան, որպեսզի հնարավորին չափ ավելի հաճախակի հայտնվի մրցակցի տուգանային հրապարակում եւ այդքան գոլ խփի:
Ես ցանկանում եմ, որ նա լավ մտածի: Ժամանակ դեռ կա: Չէի ցանկանա, որ նա իջներ այն խաղամակարդակին, որ ուներ մինչեւ «Շախտյորում» հայտնվելը: Մեկ այլ թիմում նրա որակները, որ ցուցադրել է այստեղ, կարող են անհետանալ: Ես նրան, պարզապես, կոչ եմ անում վերադառնալ թիմ եւ աշխատել: Սա նրա թիմն է: Ոչինչ չի եղել նրա եւ ղեկավարության, նրա եւ մյուս խաղացողների միջեւ: Նրան բոլորն են օգնել: Հնարավոր է` նույնիսկ ավելի, քան մյուս ֆուտբոլիստներին: Ես էլ նրան հազվադեպ եմ փոխարինել` օգնելով դառնալ լավագույն ռմբարկու:
Եթե Մխիթարյանն, այնուամենայնիվ, հայտնվի «Շախտյորին» գերազանցող ակումբում, գուցե հասկանամ նրա ցանկությունը: Բայց ես խոսում եմ «Բավարիայի», Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» մասին: Մյուսները մեր մակարդակի են», – ասել է ռումինացի մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ