Հուլիսի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես, օրենսդրական փոփոխություններին, կառուցվածքային վերափոխումներին, նոր ստորաբաժանումների կազմավորմանը, համակարգի տեխնիկական հագեցման վիճակին և մի շարք այլ ուղղությունների, որոնք հետաքրքրություն էին ներկայացնում վրացի գործընկերների համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրեց Վրասատանի ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը և հավաստիացրեց, որ նաև բարեփոխումների շնորհիվ հայ և վրացի իրավապահների ավանդական համագործակցությունը առաջիկայում կշարունակվի ու կխորանա:
Կողմերը համոզմունք հայտնեցին, որ համագործակցությունը կվերաճի ամենօրյա, ամենժամյա համատեղ աշխատանքի՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների անդորրի և ապահովության:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Իրակլի Ղարիբաշվիլուն նվիրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանը և պարգևատրեց «Օրենքի պատվար» մեդալով ու անվանական ժամացույցով, Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Տաբատաձեին՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
ՀՀ Ոստիկանություն