Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ
Հարգելի՛ դատախազներ,
Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:
Հայաստանի դատախազությունը գրեթե մեկդարյա իր տարեգրությամբ պատվով է իրականացրել իր լիազորությունները, երկրում ապահովել օրինականությունն ու իրավակարգը, իսկ նորանկախ Հայաստանում իր ուշադրությունը բևեռել է նաև մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա:
Կարդացեք նաև
Այսօր էլ դատախազությունը շարունակում է պատասխանատվության զգացումով կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները և հաջողությամբ դիմագրավել ժամանակի մարտահրավերներին: Դատախազության համակարգում շատ են բանիմաց, հմուտ ու նվիրյալ դատախազները, որոնց արդյունավետ գործունեությունը դատախազության հետագա հաջողությունների և, վերջին հաշվով, երկրի առաջընթացի գրավականն է:
Գոհունակությամբ պետք է նշել, որ Հայաստանի դատախազությունը ակտիվորեն ներգրավվել է անդրազգային այնպիսի հանցագործությունների դեմ պայքարում, ինչպիսիք են փողերի լվացումը և թրաֆիքինգը: Այդ բնագավառում Հայաստանի առաջընթացն արձանագրել են նաև միջազգային կառույցները, որոնց հետ համագործակցության դրական փորձ է ձևավորվել: Խրախուսելի է նաև, որ Հայաստանի դատախազությունը բազմաթիվ երկկողմ համաձայնագրեր է կնքել արտասահմանյան երկրների համապատասխան կառույցների հետ:
Կրկին շնորհավորելով հոբելյանի և մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ և առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ