ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդներն այսօր քննություն էին հանձնում «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայից: Հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը Aravot.am-ին ասաց, որ ներբուհական այս քննության նպատակն է ճշտել դիմորդի բառապաշարը, ընտրած ոլորտի վերաբերյալ ճանաչողական իմացությունը, խոսքի մշակույթը, արտահայտվելու ինքնատիպությունը. «Այսինքն՝ այս քննությունը նույն առաքելությունն ունի, ինչ «Դերասանի վարպետություն» առարկայի քննությունը՝ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, կամ գունանկարն ու գեղանկարը՝ Գեղարվեստի ակադեմիայում»:
Առավոտյան 8:30-ից քննություն ընդունած հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանի ասելով, հանձնաժողովը որոշ պատասխաններից տպավորված է, եղել են նաեւ թույլ պատասխաններ, 14-15-16 միավոր ստացողներ: «Քիչ առաջ հանձնաժողովի անդամներով խոսում էինք այն մասին, որ հետաքրքիր, ինքնատիպ մտածողությամբ մի սերունդ է մեծանում, առավել եւս, եթե մարդը ձգտում է լրագրող դառնալ, արդեն ինչ-ինչ գիտելիքներ է կուտակել, հետեւում է տպագիր եւ առնցանց լրատվամիջոցներին… Մեզ ուրախացնում է այն, որ լրագրողի մասնագիտությունն ընտրած դիմորդը գիտի, թե ուր է գալիս, ինչ պիտի անի, ինչ կա ոլորտում եւ ինքը որտեղ է որոնելու իր ապագան»:
Քննության ընթացքում 4 դիմորդ ստացել էր առավելագույն՝ 20 միավոր, եւս մեկ 20 գրանցվեց մեր այցելության ընթացքում:
Դավիթ Մարտիրոսյանը, որ պատրաստվում էր մարզական լրագրող դառնալ, հրաշալի պատասխանեց բոլոր հարցերին, տեղեկացված էր ԶԼՄ դաշտից, նա նույնիսկ զուգահեռներ տարավ հեռուստաընկերությունների հաղորդումների ու մեկնաբանների միջեւ: Ասաց, որ հայաստանյան մամուլում չկա այն հեռուստալրագրողը, որն իր համար կարող է չափանիշ լինել: Դիմորդը նշեց նաեւ, որ այդպիսի լրագրող կլիներ, եթե տիրապետեր՝ Արամ Աբրահամյանի խելքին ու նյութի մատուցման ձեւին, Պետրոս Ղազարյանի՝ թեկուզ ա-երով խոսելու պարագայում սադրիչ հարցեր տալու կերպին, Արտակ Ալեքսանյանի կերպարին:
Կարդացեք նաև
Դիմորդների մեծ մասը օրինակներ էր բերում տպագիր եւ առցանց «Առավոտի» վրա: Օրինակ՝ մեկը համեմատելով տպագիր տարբերակ ունեցող մեկ այլ եւ «Առավոտ» օրաթերթի կայքերը, շեշտեց, որ «Առավոտինը» շահեկանորեն տարբերվում է, որովհետեւ մուլտիմեդիային է:
Նաղաշ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ մարզերի՞, թե՞ մայրաքաղաքի դիմորդներն են ավելի լավ պատրաստված: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ հանձնաժողովը չի հետաքրքրվում, թե ով որտեղից է, սակայն համոզված է, որ այլեւս ժամանակավրեպ է այն մտայնությունը, թե մարզերում ապրող դիմորդները թերթ չեն կարդում, ռադիոյին եւ հեռուստատեսությանը չեն հետեւում, ինտերնետից քիչ են օգտվում:
Դիմորդների համար պատրաստված քննական հարցերն առանձնապես բարդ չէին՝ «Ձեր նախընտրած ռադիոկայանի հաղորդաշարերը…», «Որեւէ տպագիր կամ առցանց պարբերականում դուք «Հայոց տոնացույց էջի» պատասխանատուն եք, պետական, եկեղեցական, մեզանում ընդունված միջազգային ո՞ր տոները կներկայացնեիք լսարանին», «Ո՞րն է լրագրության ձեր նախընտրած ոլորտը», «Հնարավորություն է տրվել զրուցել ՌԴ նախագահի հետ, ինչպիսի՞ թեմաների կառնչվեին ձեր հարցերը» եւ այլն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ