Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարերից եկող կոնֆլիկտ է». Անդրանիկ Անդրեասյանը՝ ՎՊ բացահայտումների մասին (Տեսանյութ)

Հուլիս 01,2013 17:42

100 կիլոմետրանոց ջրատարի 300 մետրի վրա առաջացած ճաքերը, ըստ ջրտնտպետկոմի` նորմալ է: Ինչպես որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել էր, վերջերս Վերահսկիչ պալատի բացահայտումներին մեկ առ մեկ պատասխան տալ, այսօր պատասխանների շարքը մեկնարկեց ջրային տնտեսության պետական կոմիտեի պարզաբանումներով:

Կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՎՊ-ի թվային` 47 միլիոն դրամի անորակ աշխատանքների գնահատականի հետ համաձայն չէ, միայն` բովանդակայինի հետ է համաձայն: Բովանդակայինն էլ, ըստ պարոն Անդրեասյանի, ջրանցքների բետոնապատման ժամանակ շեպերում առաջացած ճաքերն են, որը կոմիտեի նախագահի դիտարկմամբ` նորմալ երեւույթ է նման մեծածավալ շինաշխատանքների դեպքում: Այս ճաքերը համատարած չեն եղել, ինչպես նշեց պարոն Անդրեասյանը, 100 կիլոմետրանոց ջրատարի 300 մետրի վրա հնարավոր է եւ ճաքեր առաջանան, իսկ պատճառը շինանյութի որակը չէ, այլ պարզապես շինաշխատանքները ձմռանն են կատարվել, իսկ ոռոգման սեզոնից հետո բետոնին այլ նյութեր են խառնվել:

Պարոն Անդրեասյանի խոսքերով, բացահայտված ճաքերն արդեն վերացվել են կապալառուի կողմից եւ դրանց համար ոչ մի ավելի կոպեկ չի ծախսվել. «Ֆիքսված 47 միլիոնը, որպես այդ տարածքի ամբողջ բետոնի արժեք, մենք առարկում ենք, այդ ճաքերը վերացրել են մշակման տեխնոլոգիայով: Համաձայն չեմ ֆինանսական գնահատականին, համաձայն եմ, որ մետրով գնահատեն` այսքան կիլոմետր ջրանցքից, այսքան մետրում ճաքեր են հայտնվել, որը պետք է վերացնել, որովհետեւ գնահատել, որ այսքան մետրի ճաքերը գնահատել 47 միլիոն, ես համարում եմ ճիշտ չէ»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Դարերից եկած կոնֆլիկտ է ստուգող եւ ստուգվող մարմինների միջեւ, եւ զարմանալի կլիներ, որ կոնֆլիկտ չլիներ, այ եթե չարձանագրեիք կոնֆլիկտ, ուրեմն գործերը լավ չեն»,-ասաց պարոն Անդրեասյանը ՎՊ-կառավարություն, այսպես ասած՝ հակամարտության վերաբերյալ,եւ հավելեց, որ ջրտնտպետկոմը ստուգվելու դեֆիցիտ չունի, տարբեր մարմիններ պարբերաբար ստուգում են:

Մանրամասն` տեսանյութում

Անդրադառնալով Մարմարիկի ջրամբարի ՎՊ-ի՝ 7 միլիոնի թերացմանը, պարոն Անդրեասյանն ասաց, նման խնդիր ֆիքսված է եղել հողային աշխատանքների մեջ. «Հողային աշխատանքները, պատկերացրեք, այո, բնական է, որ միլիոնավոր խորանարդ մետրի մեջ այդպիսի նստվածքներ են եղել, ծավալային առումով տարբերություն եղել, բայց լուծվել է, դա էական բան չեմ համարում, եկող տարի ամբողջ ծավալով ջրամբարը կսկսի աշխատել»:

Անդրադառնալով ՎՊ-ի` Թալինի ջրանցքում արձանագրած թերացումներին, պարոն Անդրեասյանն ասաց, որ շրջապտույտներում շեպերից արտահոսք է եղել, քանի որ շինարարությունից հետո այն գերծանրաբեռնված է օգտագործվել, նախագծային աշխատանքները փոփոխվել են, եւ ինչպես վստահեցրեց ջրտնտպետկոմի ղեկավարը, այլեւս արտահոսք չի արձանագրվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031