Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «ԼՂՀ-ն Սերժ Սարգսյանին լիազորե՞լ է իր տարածքներից որեւէ մաս զիջել Ադրբեջանին»

Հուլիս 01,2013 17:25

«Ես կարծում եմ, մեզ համար վտանգը նորից գալու է Արցախից: Այսօր կրկին օրակարգային են Հայաստանի արտաքին քաղաքական եւ Արցախի հարցերը: Իր անկախ գոյության 22 տարիների ընթացքում, ցավոք, Հայաստանը որեւէ կոնցեպցիա չի կարողացել մշակել ոչ արտաքին, ոչ ներքին բնագավառի համար, ոչ էլ Արցախի խնդրի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը` հիմնավորելով. «1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի որոշմամբ, ԼՂ-ն պետք է միավորվեր ՀՍՍՀ-ի հետ: 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՍՍՀ ԳԽ-ի եւ ԼՂԻՄ ազգային խորհրդի համատեղ որոշմամբ, Հայաստանը եւ ԼՂ-ն վերամիավորվեցին իրար հետ: 1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ մարզային խորհրդի եւ Շահումյանի շրջխորհրդի համատեղ նստաշրջանը հռչակեցին ԼՂՀ-ն: Ապա 1991-ի դեկտեմբերի 10-ին հանրաքվե անցկացվեց ԼՂ-ի եւ Շահումյանի տարածքում` 1992-ի հունվարին պաշտոնապես ամրագրելով ԼՂՀ-ի անկախ հանրապետության հռչակումը: Հարց եմ տալիս` ումի՞ց անկախություն հռչակեց ԼՂՀ-ն: Եթե մենք լուրջ ենք վերաբերվում այդ որոշումներին, ուրեմն ո՞վ պետք է առաջինը ճանաչեր այդ անկախությունը: Բայց ՀՀ նախագահն այսօր ԼՂ խնդրի շուրջ բանակցություններ է վարում: Ո՞ւմ անունից եւ ի՞նչ խնդիրներ է նա քննարկում բանակցությունների ընթացքում: Չէ որ ԼՂՀ-ն այսօր ունի իր Սահմանադրությունը, որով ազատագրված տարածքներն ամրագրվում են իբրեւ ԼՂՀ տարածքներ, իսկ ԼՂՀ նախագահը` Բակո Սահակյանը, ձեռքը Սահմանադրության վրա դրած երդվել է` պաշտպանել այդ հանրապետության տարածքային ամբողջականությունը: Սերժ Սարգսյանը ո՞ր պետության, ո՞ր տարածքներն է, ո՞ր պետությանը զիջելու բանակցությունների ընթացքում, եթե գնա փոխզիջման, ինչպես ինքն է ասում: ԼՂՀ-ն Սերժ Սարգսյանին լիազորե՞լ է իր տարածքներից որեւէ մաս զիջել Ադրբեջանին»:

Ի դեպ, 1991-ի մայիսին Հայաստանի գերագույն սովետի ընտրություններին մասնակցեց նաեւ ԼՂ-ն, որտեղից 20 հոգի պատգամավոր ընտրվեց Հայաստանի գերագույն սովետի կազմում: Փաստորեն, մենք, ամենաբարձր մակարդակներով որոշումներ ենք ընդունել, որ ՀՀ-ն եւ ԼՂ-ն միացյալ պետություն են: Հետո, միայն տակտիկական նպատակներով նպատակահարմար գտնվեց, որ ԼՂ-ն անկախ հռչակվի, քանի որ գտնում էին, որ ինքնորոշման սկզբունքն այդ ձեւով միջազգային արենայում առավել դյուրին կլուծվի:

Մեր զրուցակիցը գտնում է, որ ժամանակին միգուցե արդյունավետ համարվող` ժամանակ ձգելու տակտիկան այսօր սպառված է եւ Հայաստանն արդեն ստիպված է կոնկրետ որոշումներ ընդունել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031