Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Մարդիկ պիտի սիրեն գովազդը, աշխատեն շատ չանիծել»

Հուլիս 01,2013 16:17
Agasi enoqyan

«Գովազդն այն բանն է, որը բոլորն ատում են, որովհետեւ խանգարում է: Բայց գովազդը մի կարեւոր առանձնահատկություն ունի: Դրա շնորհիվ է, որ մարդիկ կարողանում են նայել հեռուստատեսություն: Եթե գովազդը չլինի, հեռուստատեսությունը փող չի ունենա, որ նկարի սերիալներ, թեկուզ լրատվական հաղորդումներ պատրաստի: Այսինքն, իր գործունեությամբ հեռուստաընկերությունն ամբողջովին պարտական է գովազդներին: Հեռուստադիտողն էլ որ հաճույք է ստանում հեռուստահաղորդումներից, պետք է այդ հաճույքի դիմաց փորձի դիմանալ գովազդներին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ստարկոմ Մեդիավեստ Արմենիա» գովազդային գործակալության ղեկավար Աղասի Ենոքյանը:

Նա վստահեցրեց, որ գովազդը մի կողմից ապահովում է մարդկանց ժամանցը, մյուս կողմից էլ խթանում է մամուլի ազատությանը. «Եթե ունես հետաքրքիր կայք, օպերատիվ ինֆորմացիա, դրա շնորհիվ ավելի շատ գովազդատու ես ունենում, իսկ եթե շատ ես ունենում գովազդ, ավելի անկախ ես դառնում: Դրա համար մարդիկ, չասեմ պիտի սիրեն գովազդը, բայց պիտի աշխատեն շատ չանիծեն»:

Գնահատելով ներկայումս Հայաստանում գովազդային շուկան՝ պարոն Ենոքյանը նշեց, որ այն դինամիկ զարգանում է եւ երկու առանձնահատկություն ունի: Արդեն ի հայտ են գալիս նորանոր գովազդային կրիչներ եւ սկսվել է նաեւ ինտերնետային գովազդների բում. «Հայաստանում վերջին շրջանում մարդիկ սկսել են ավելի քիչ հեռուստատեսություն նայել, որովհետեւ որպես ինֆորմացիայի ավելի կարեւոր եւ վստահելի աղբյուր դառնում է ինտերնետը: Դրանով պայմանավորված, Հայաստանում ինտերնետային գովազդի բում է: Բացի այդ, փորձարկվում են բոլոր հնարավոր գովազդային կրիչները: Որոշ դեպքերում հաջող, որոշ դեպքերում՝ ոչ, որովհետեւ գովազդատուները այնուամենայնիվ դժվարությամբ են գնում նոր ձեւերի: Նախկինում տրանսպորտային միջոցների վրա գովազդը համարվում էր նորություն, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ ավտոբուսները գովազդներով ողողված են: Արդեն վահանակների փոխարեն հայտնվել են գլաններ, նոր կրիչներ»:

Թե ինչի՞ են պետք առհասարակ գովազդային գործակալությունները, երբ գովազդատուները կարող են իրենք մտնել հեռուստաընկերություն, ճշտել գները եւ գնել գովազդային ժամանակ՝ Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Գովազդային գործակալությունները, բացի գովազդային ժամանակ վաճառելուց, նախեւառաջ կարեւորագույն խնդիր են լուծում՝ գովազդային ստրատեգիայի խնդիրը: Այսինքն, գովազդային գործակալությունը պատասխանում է հետեւյալ հարցերին՝ քանի հոգի պետք է նայեն գովազդ, ինչ հաճախականությամբ եւ ինչ արժեք պիտի ունենա: Դրանից հետո գովազդային ժամանակ առնելը կամ գովազդային տարածք գնելը երկրորդական խնդիրն է, որ լուծում է: Թե ինչու է ավելի ձեռնտու աշխատել գովազդային գործակալությունների հետ, որովհետեւ նրանք, որպես մեծաքանակ գնորդներ, ունեն որոշակի զեղչեր հեռուստաընկերություններից: Նրանք կարող են նույնիսկ իրենց զեղչերի մի մասը զիջել գովազդատուին եւ դրանով գովազդատուն ստանում է ավելի ցանկալի գին, ավելի շահեկան վիճակում է հայտնվում, քան եթե նա ուղիղ գնա հեռուստաընկերություն: Եթե ուղիղ գնա՝ առնելու է պարզապես գովազդային ժամանակ՝ առանց տեղադրման քարտեզների եւ գինն էլ լինելու է ավելի թանկ»:

Վերջին շրջանում հայաստանյան գովազդային դաշտում փոփոխություն կատարվեց: Այստեղ մուտք գործեց սեյլս հաուսը, որին պատկանում է 4 հեռուստաալիքների՝ «Արմենիա», «Շանթ», «Արմնյուզ» եւ «Ա թի-վի»-ի գովազդային ժամանակի վաճառքի բացառիկ իրավունքը:

Ըստ Աղասի Ենոքյանի, այն բավականաչափ լավ գործ է կատարում. «Ճիշտ է, որոշակի թելադրող դիրքում է հայտնվել, որովհետեւ նշանակալի չափով մենաշնորհացրել է շուկան, բայց մյուս կողմից սեյլս հաուսի միջոցով մենք կարողանում ենք գնել ոչ թե պարզապես գովազդային ժամանակ, այլ մենք կարողանում ենք կոպիտ ասած գնել ռեյտինգներ, թե քանի մարդ է դիտում գովազդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031