Այսօրվանից գործում են վճարովի ավտոկայանատեղիներ` մեկ ժամը 100 դրամով:
Այսօրվանից կանաչ-կարմիր թեւկապավորները, որոնք մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենայի կայանման համար գումար են հավաքում, իրավունք չեն ունենա իրենց գործով զբաղվել: Բոլոր գանձումները կլինեն անօրինական: Այսօր Երեւանի քաղաքապետարանում Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքացիներին կոչ արեց չվճարել կայանման համար պահանջվող գումարները: Փոխարենն, այսօրվանից վարորդները պետք է վճարեն օրինական ավտոկայանատեղիում կայանելու համար` մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ օրվա համար` 500, մեկ շաբաթվա համար 1000 դրամ, մեկ ամսվա համար` 2000 դրամ: Մեկ տարվա համար, եթե միանգամից վճարեն, ապա սահմանված է 12 հազար դրամ գումար:
Ավտոկայանատեղիի համար գումար գանձելու որոշումը Երեւանի ավագանու որոշումով է: Ավտոկայանատեղիները կառանձնանան կարմիր գծանշումով, կլինեն կահավորված, կունենան համապատասխան ցուցանակներ, որոնց վրա փակցված կլինի տեղեկատվություն: Տեսախցիկներն էլ կհսկեն, որ վարորդները չկայանեն ու առանց վճարելու «թռնեն»: Վճարումից խուսափողներից կգանձվի 5000 դրամ տուգանք: Մինչեւ 5 րոպե կայանման համար վարորդներից գումար չի գանձվի:
Պարոն Նավասարդյանը վստահեցրեց, որ գումարները գնալու են պետբյուջե: Առայժմ, վճարովի ավտոկայանատեղիները գործում են մի քանի կենտրոնական փողոցներում` Ամիրյան, Մաշտոց եւ այլն: Քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ գործընթացը շարունակական է լինելու:
Կարդացեք նաև
Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի խոսքերով, վճարովի ավտոկայանատեղիի ծառայությունից օգտվող ոչ մի վարորդ իրավունք չունի խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները: Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում
Ավտոկայանատեղիի բիզնեսով զբաղվելու է «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ-ների կոնսորցիում խումբը: Թե հավաքագրված գումարների որքան մասն է տնօրինելու մասնավոր ընկերությունը եւ որքանը` պետությունը, խմբի պատասխանատուները չհրապարակեցին, ասելով`առայժմ չափելի չէ, դա ամրագրված է պայմանագրով:
Ավտոկայանատեղիի համար վարորդները կարող են նաեւ վճարել հեռախոսից sms հաղորդագրություն ուղարկելով, որտեղ պետք է նշվի ավտոմեքենայի պետհամարանիշը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ