Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարիներ հետո քեզ տեսա նորից, սիրտս արտասվեց, բայց ժպտացի ես…»

Հուլիս 01,2013 15:08

s-1150 s-1149 s-1148 s-1147 s-1146 s-1145 s-1144Այսօր՝ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի ծննդյան օրը, ԱԺ-ում կայացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի «Գալյա Նովենց»  գիրք-ալբոմի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա որոշ արվեստագետներ Aravot.am-ի հետ կիսվեցին սիրված դերասանուհու մասին հուշերով:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան. «Երջանիկ եմ, որ մի քանի տասնամյակ աշխատել եմ Նովենցի հետ: Շատ եմ սիրում իր անձն ու արվեստը: Ես չգիտեմ մարդու եւ իր ստեղծած արվեստի ավելի մոտ հարաբերություն, ինձ համար դժվար է պատկերացնել այդ երկուսի միջեւ եղած ավելի մոտ կապ, ինչպիսին տեսնում ենք Գալյա Նովենցի դեպքում: Չգիտեմ նաեւ, թե նրա պարագայում որտեղ է վերջանում մարդը եւ որտեղ սկսվում իր ապրած կյանքի ու ստեղծածի կապակցությունը: Եթե համառոտ բնութագրեմ, ապա պետք է զուգահեռ անցկացնեմ Գալյայի ու Կոմիտասի միջեւ: Երկու դեպքում էլ գործ ունենք իսկապես մաքրամաքուր մշակույթի հետ: Այս երկու դեպքում էլ առկա է մշակույթի հանդեպ անաղարտ ներշնչվածությունը»:

Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյան. «Հիշում եմ՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի դիտմանը  բազմաթիվ հայեր էին եկել Հռոմից, Միլանից, Ֆլորենցիայից, Նեապոլից, Վենետիկից ու Սուրբ Ղազար կղզուց: Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ այլ քաղաքներից ժամանած մեր հայրենակիցների կողմից մշտապես զգացել եմ այն ջերմ ու սրտառուչ վերաբերմունքը, ինչպես նաեւ հպարտությունը մեր տաղանդավոր դերասանուհու՝ Գալյա Նովենցի նկատմամբ: Երանի, որ Գալյայի մարմնավորած Սիրանուշի նման կերպարները մեր օրերում էլ  գտնեին իրենց մարմնավորողներին: Դժվարանում եմ ասել՝ Գալյա՞ն ընտրեց Սիրանուշին, թե՞ հակառակը: Իսկ երբ դերն ու դերասանուհին գտնում են իրեր, ռեժիսորին ոչինչ չի մնում անել, բացի պարտության հաճույքը վայելելուց»:

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյան. «Երբեք, ոչ մի առիթով Գալյա Նովենցին չեմ հաճոյախոսել: Սակայն ես նրա համեստությունից վախվորած, մշտապես մտքումս ասել եմ՝ ախր շատ տաղանդավոր եք, բնական ու բնականոն մարդ, հայ կնոջ, մոր ու մեծ մայրիկի իմաստուն կերպար: Եվ երանի նրանց, ում կյանքը զարդարել ու նաեւ դժվարացրել է նովենցյան չխամրող հետագիծը՝ «էս աշխարհն ինչո՞ւ է էսպես ծուռ»  անպատասխան հարցով:

Դերասանուհի Նելլի Խերանյան. «Հեքիաթի նման մի բան էր թատրոնում ու կինոյում ընդամենը երկու անգամ խաղընկերուհի ունենալ տիկին Նովենցին: Տարիներն անցնում էին: Մշտապես երազում էի՝ երբ տեղի կունենա մեր երրորդ «հանդիպումը», ինչն այդպես էլ չկայացավ: Ավելի ճիշտ՝ կայացավ, այն էլ իր ծննդյան օրը, բայց այս անգամ, ցավոք, հուշի տեսքով: Անցածը երբեմն լավ, երբեմն էլ վատ հետքեր է թողնում մեր հոգիներում: Իմ դեպքում կա մի մարդ, ում հետ հանդիպելիս՝ թեկուզ մտապատկերում, սիրտս լցվում է ջերմությամբ եւ թողած հետքն էլ միշտ լավն է: Հավատացնում եմ՝ խոսքերս անկեղծ են, անկեղծ այնպես, ինչպիսին իմ տիկին Գալյա Նովենցն է»:

Երգիչ Ռուբեն Մաթեւոսյան. «Թող շնորհավոր լինի ծնունդդ, հարազատս: Դու հազվագյուտ դերասաններից ես, ովքեր նախընտրեցին աշխարհընկալման բարոյականության իրենց տեսակետը: Դու երբեք չհետեւեցիր փառքին, փոխարենը փառքը կրնկակոխ հետեւեց քեզ: Ուզում եմ այս պահին էլ երգել սիրածդ երգը՝ «Տարիներ հետո քեզ տեսա նորից,// սիրտս արտասվեց, բայց ժպտացի ես…»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031