Նրա գտնվելու վայրն անհայտ է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը 2013թ. հունվարի 11-ին Վրաստանի հանրապետության քաղաքացի, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում բնակվող, 1983թ. ծնված Ջաբա Կաճախիձեին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») դատապարտել էր 3 տարվա ազատազրկման:
Մանկահասակ երկու երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ Ջ. Կաճախիձեն 2012թ հունիսից Ենոքավան գյուղի տարածքում գտնվող «Ապագա տուր» հանգստյան տանը աշխատում էր որպես մենեջեր: Ուսանողների մի խումբ «Լույս» հիմնադրամի հովանու ներքո 2012թ. հուլիսի 10-ին գնացել են «Ապագա տուր» հանգստյան տուն: Հուլիսի 12-ի երեկոյան ուսանողները խոհանոցի առջեւի բարից մոտ 10 մ հեռավորությամբ խնջույք են կազմակերպել. աղջիկներից մեկի ծննդյան օրն էր: Ուսանողները կեսգիշերին երաժշտությունը բարձր են միացրել: Հանգստյան տան մենեջեր Ջաբա Կաճախիձեն երաժշտության ձայնն իջեցնելու պահանջ է ներկայացրել ուսանողներին, տեսելով որ նրանք երաժշտության ձայնը չեն իջեցնում, հանել է ձայնարձակիչի լարերը եւ իր հետ տարել: Այդ պատճառով զրույց է ունեցել նրա եւ ուսանողների միջեւ, որի ժամանակ Ջաբան աջ ձեռքին գտնվող ապակե բաժակով հարվածել է Երեւանի բնակիչ, 1993թ. ծնված Ալբերտ Ներզեթյանի դեմքին, վերջինիս դեմքին պատճառվել է ծանր վնասվածք: Դեպքից հետո հանգստյան տան տնօրեն Արտակ Չիբուխչյանը տուժածին իր մեքենայով տեղափոխել է Իջեւանի բժշկական կենտրոն: Ջաբա Կաճախիձեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարել, ասելով, որ Ալբերտ Ներզեթյանը փորձել է ոտքով հարվածել իրեն, հարվածը կանխելու համար ինքը բնազդաբար, պաշտպանական իներցիայով ձեռքը պարզել է նրա ուղղությամբ, որի հետեւանքով իր ձեռքում եղած բաժակը ջարդվել է՝ վնասելով Ներզեթյանի դեմքն ու իր ձեռքը:
Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը արժանահավատ համարելով ամբաստանյալի այն փաստարկը, որ չի ցանկացել մարմնական վնասվածք պատճառել տուժողին, միաժամանակ արձանագրել է, որ ամբաստանյալը տուժողին հարվածել է գիտակցաբար, թույլ տալով վնասվածքի առաջացումը, ինչն անուղղակի դիտավորության դրսեւորում է եւ չի կարող նրա արարքի քրեաիրավական որակումը փոխելու հիմք հանդիսանալ: Ջաբա Կաճախիձեի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չբացակայելու մասին, դատարանն անփոփոխ էր թողել մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը կարող էր բողոքարկվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Կարդացեք նաև
Փետրվարի 7-ին Ջաբա Կաճախիձեն բողոքարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը՝ պահանջելով դադարեցնել իր հանդեպ քրեական հետապնդումը եւ կայացնել արդարացման դատական ակտ: ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել էր մարտի 12-ին: Մի քանի անգամ նշանակված դատական նիստերը չեն կայացել՝ հիմնականում ամբաստանյալի չներկայանալու պատճառով: Հունիսի 12-ին քրեական գործի վարույթը կասեցվել է: Ենոքավան համայնքից ստացված տեղեկություններով՝ ամբաստանյալ Ջաբա Կաճախիձեն լքել է Հայաստանի Հանրապետությունը եւ նրա գտնվելու վայրն անհայտ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ