Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, ջավախահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը կոչ արեց առայժմ ձեռնպահ մնալ Ջավախքում կատարված ձերբակալությունների վերաբերյալ որեւէ գնահատական հայտնելուց:
Երբ Ջավախքում որեւէ բան է կատարվում, հասկանալի պատճառներով, միանգամից մտածում ենք, որ դա քաղաքական հարց է, հակահայկական տրամադրվածությունների խնդիր է, եւ այլն, սակայն երկու օր առաջ Ախալքալակում կատարված ձերբակալությունների վերաբերյալ Ջավախքի խնդիրներին ծանոթ Հայկազուն Ալվրցյանը դեռեւս հստակ տեսակետ չունի: Համենայն դեպս կարծում է, որ պետք է առայժմ սպասել, երբ կլինի պաշտոնական տեսակետը, նոր գնահատական տալ: Ընդունելով, որ Ջավախքն այն տարածքն է, որտեղ ամեն հարց քաղաքական ենթատեքստ ունի, պարոն Ալվրցյանը ասաց, որ այս պարագայում ինքը փորձել է Ջավախքի իր ծանոթների եւ մտերիմների հետ կապվել, ու թեեւ հեռախոսով դժվարանում են մարդիկ ամեն ինչ խոսել, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ իրականում այստեղ քաղաքական ենթատեքստ չկա:
Հիշեցմանը, որ Վահագն Չախալյանը իր եղբոր՝ Արմեն Չախալյանի ձերբակալությունը քաղաքական սադրանք էր գնահատել, պարոն Ալվրցյանը պատասխանեց, որ դա Վահագնի տեսակետն է՝ հիմնված գուցե թե որոշակի պատճառների վրա, սակայն ինքն առայժմ չի ցանկանում մեկնաբանել, քանի որ նման հիմնավորումներ չի տեսնում դեռ:
Ինչ վերաբերվում է Ջավախքի ընդհանուր զարգացմանը, ապա, ըստ պարոն Ալվրցյանի, քանի դեռ Վրաստանը՝ հանձին Թուրքիայի եւ Ադրբեջանի, ունի լուրջ ռազմավարական եւ ռազմաքաղաքական գործընկերներ, Ջավախքում ոչինչ չի փոխվի:
Կարդացեք նաև
Նա նաեւ կանխատեսեց, որ առաջիկայում Թուրքիայում լուրջ եւ ցնցող փոփոխություններ են սպասվում, որոնց մոտ «իշխանափոխությունը ստից բան է»: Մասնավորապես, նա ենթադրում էր, որ Սիրիայում լցված ահաբեկչական խմբավորումները անցնելու են դեպի Թուրքիա, լրջանալու է քրդական հարցը, Օջալանին բաց թողնելու հրամայականն է լինելու եւ այլն: Սակայն գերադասեց այդ ամենի մասին ավելի ուշ խոսել:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ