Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ընդունեց Կազանում կայանալիք 27-րդ համաշխարհային ունիվերսիադա մեկնող ուսանող մարզիկներին, որը կանցկացվի հուլիսի 6-17-ը: Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը մասնակցում է 1991 թվականից:
Նախարարը շնորհավորեց վերջիններիս` մաղթելով բարի ճանապարհ և հաղթանակներով վերադարձ. «Շատ ուրախ եմ, որ հայկական սպորտում արդեն ծագող աստղեր են ներկայացնելու. մենք մեծ սպասելիքներ ունենք մեր տղաներից և աղջիկներից»,-ասաց նախարարը:
Վերջինս նշեց, որ իրենք համագործակցում են պաշտպանության նախարարության հետ, որտեղից մարզիկները կստանան համապատասխան ընդառաջում և օժանդակություն` բանակի հետ կապված հարցերում: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Աշոտյանն ասաց. «Ես ձեզ խոստանում եմ, որ գալիք ուսումնական տարում թեթև կնայենք ձեր առաջադիմությանը: Դժվար է լինել և’ մարզիկ, և’ ուսանող: Խոստանում եմ, որ ես չեմ նեղանա, եթե ուսման մեջ չլինեք առաջինը, բայց սպորտաձևերում լինեք առաջատար և մենք էլ հպարտանանք ձեր հաջողություններով»:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» ՄՄ նախագահ Ռազմիկ Ստեփանյանն էլ իր հերթին նշեց, որ մեր մասնակցությամբ մարզաձեւերը 10-ն են` ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտեր, շախմատ, բռնցքամարտ, ծանրամարտ, սամբո, լող, աթլետիկա, ձյուդո, գոտիներով ըմբշամարտ: Անվանիներից մարզիկներից էլ հաստատված են ըմբիշներ, Լոնդոնի օլիմպիական խաղերի մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի, ինչպես նաև շախմատիստներ, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի, Զավեն Անդրիասյանի անունները:
Ստեփանյանը մեծ հույսեր և ակնկալիքներ ունի, սակայն չի մոռանում, որ սա ընդամենը սպորտ է. «Սպասելիքներ կան, բայց, այնուամենայնիվ, սպորտը մնում է սպորտ»,-ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ