Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Կարծում եմ, խնդիր է դրված, որ բոլոր մեղքերն Իշխան Զաքարյանի վրա բարդեն»

Հուլիս 01,2013 14:17

Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության` խորհրդարանում քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում մի փոքր գաղտնազերծով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավորների հանդիպման մանրամասները` նկատել է, որ այդ հանդիպման ժամանակ Զաքարյանն ասել է, թե չի վստահում դատախազությանն, այդ պատճառով էլ ՎՊ-ի բացահայտումները չի ուղարկում իրավապահ այդ կառույցին: Իշխան Զաքարյանն, իհարկե, հաջորդ օրը մամուլում հայտարարեց, որ նման բան չի ասել: Այս ամենի ֆոնին հետաքրքիր է շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած խորհրդակցությունը, որի ժամանակ խոսելով ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվության եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մասին, նախագահն իր վստահության չափաբաժինն առավելապես ի ցույց դրեց առ դատախազն ու դատախազությունը: Սերժ Սարգսյանի նախատինքի հիմնական բաժինը ստացավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Այս առիթով, Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ եթե նման հարց Իշխան Զաքարյանին ուղղեին այլ խմբակցությունների ներկայացուցիչները, նա նույն պատասխանն էր տալու: Հաշվի առնելով Զաքարյանի ներկայացրած զեկույցը, տիկին Սարգսյանը չի կարծում, որ ՎՊ նախագահն իր կարծիքը «թաքուն էր պահում»:

Իսկ Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ նախագահի հնչեցրած հայտարարություններում ՀԱԿ պատգամավորը հստակ հրահանգներ է տեսել այն մասին, թե ի՞նչ կերպ պետք է հանգուցալուծվի այդ խնդիրը. «Ակնհայտ է, որ ՎՊ-ն դե յուրե լինելով անկախ մարմին, դե ֆակտո անկախ չի եղել ու անկախության այն դրսեւորումը, որը կիրառեց Իշխան Զաքարյանն, անմիջապես իր արձագանքը ստացավ իշխանության մոտ: Նրան հասկացվեց, որ դու կլանի անդամ լինելով, փաստորեն, քաղաքական գնահատականներ ես տալիս, որի իրավունքը որեւէ առումով չունես»:

Պատգամավորն այն կարծիքին չէ, որ Իշխան Զաքարյանը «մաքուր մարդ է»: Պարզապես, գտնում է, որ չարաշահումներն այն աստիճանի էին, որ անգամ նա էլ լռելու հնարավորություն չի ունեցել, մանավանդ, որ պարտավորություն ունի իր աշխատանքի արդյունքը խորհրդարանին ներկայացնելու: «Կարծում եմ, խնդիր է դրված, որ բոլոր մեղքերն Իշխան Զաքարյանի վրա բարդեն ու ամեն կերպ մաքրեն վարչապետին: Նախագահը վարչապետի առանց այդ էլ վարկաբեկված իմիջը փրկել է ուզում: Այ դա եմ ես քաղաքական համարում»:

Տիկին Սարգսյանը վստահ չէ, որ այս հարցում նախագահը կհաջողի, քանի որ ներկայացված նյութերը չափազանց խոսուն են եւ տանում են դեպի վարչապետ:

Պատգամավորի համար հետաքրքրական է նաեւ այն, որ դեռ դատախազությունը որեւէ եզրակացություն չի տվել ներկայացված նյութերի մասին, բայց Սերժ Սարգսյանն արդեն եզրակացություններ է անում այն մասին, որ նման չափի չարաշահումներ, պետբյուջեի 70 տոկոսի թալան գոյություն չունի. «Որտեղի՞ց նախագահին այդ հետեւությունը, եթե դատախազությունը դեռ չի խորացել այդ նյութերի մեջ: Նման եզրակացություն հնչեցնելն արդեն նշանակում է` ուղղորդել դատախազությանը: Մանավանդ, որ նախագահը անգամ թվեր հնչեցրեց, թե խոսքը 200-300 միլիոն դրամին է վերաբերվում: Այսքանից հետո ես չեմ ակնկալում, որ բացահայտումներ կլինեն: Կլինեն քավության նոխազներ, ովքեր ինքնուրույն չարաշահումներ են արել` առանց իշխանության գիտության եւ մասնակցության, որի համար էլ նրանք կպատժվեն: Իսկ հիմնական թալան իրականացրած գայլերը կմնան անպատիժ: Առավել եւս Տիգրան Սարգսյանի մեղքի բաժինն ամեն կերպ փորձ կարվի հանել: Բայց դա համոզիչ չի լինի, քանի որ այս ամբողջը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկրում անկախ մարմին չկա եւ ամեն ինչ մեկ կետից է ուղղորդվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031