Լրահոս
Օրվա լրահոսը

Խորվաթիան դարձավ Եվրամիության 28-րդ անդամը

Հուլիս 01,2013 13:30

«Ազատություն» ռադիոկայանՄեկ տասնամյակի ընթացքում նախկին հարավսլավական երկիրը բարեփոխումներ էր կատարում՝ հասնելու համար իր նպատակին:

Այսօր Խորվաթիան անդամակցում է Եվրամիությանը:

Այսպիսով, հուլիսի 1-ից Եվրամիության ընտանիքը եւս մեկ անդամով ընդլայնվում է՝ հասնելով 28-ի:

Վերջին անգամ Եվրամիությանը 2007 թվականին անդամակցել էին Բուլղարիան եւ Ռումինիան: Վեց տարի անց Եվրոպական միությունը համալրվում է եւս մեկ երկրով:

Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության գործընթացը տեւեց 10 տարի: Մեկ տասնամյակի ընթացքում նախկին հարավսլավական երկիրը բարեփոխումներ էր կատարում՝ հասնելու համար իր նպատակին:

Եվրահանձնաժողովը, որը վերջապես կանաչ լույս վառեց Խորվաթիայի անդամակցության համար, իր մոնիթորինգային զեկույցում նշում է, որ Խորվաթիան ապագայում պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Անցած երեքշաբթի օրը Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հայտարարեց․ – «Մենք համոզված ենք, որ Խորվաթիան պատրաստ կլինի 2013 թվականի հուլիսի 1-ին միանալու Եվրամիությանը»:

Միաժամանակ, Ֆյուլեն ասել է, որ Եվրահանձնաժողովի զեկույցը Խորվաթիային նաեւ զգուշացնում է՝ չհանգստանալ ձեռք բերածով:

«Եվրամիությանը անդամակցությունը բարեփոխումների իրականացման լրացուցիչ խթան է: Խորվաթիան պետք է շարունակի հաջողությունները՝ երկրում ապահովելու օրենքի գերակայությունը, եւ հատկապես շարունակի պայքարը կոռուպցիայի դեմ», – ընդգծել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան:

Նա գովաբանել է Խորվաթիային Եվրամիության պահանջները իրականացնելու համար՝ ասելով, որ Խորվաթիան Եվրամիությանը մոտենալու լավ օրինակ է տարածաշրջանի երկրների համար:

Առայժմ Խորվաթիան չի ընդգրկվում ազատ ճամփորդության Շենգենի գոտում՝ դա նախատեսված է երկու տարի անց:

Խորվաթիայի սահմանի որոշ հատվածներում վերահսկողությունը արդիականացնելու կարիք կա, մասնավորապես՝ Մոնտենեգրոյի հետ սահմանը, որը անօրինական ներգաղթյալների ուղիներից մեկն է, ինչպես նաեւ սահմանը Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ: Օրինակ, Մետկովից քաղաքում փողոցի մի կողմը Խորվաթիան է, մյուս կողմը՝ Բոսնիա եւ Հերցեգովինան․ նախկին հարավսլավական այս երկու պետությունների սահմանը հսկվում է:

Տեղի բնակիչները, ինչպես, օրինակ, բեռնատարի վարորդ Իվո Պրիմորաչը, դժգոհում են՝ այնքան էլ հեշտ չէ այստեղ ապրել, ազատ չեն, չեն կարողանում ցանկացած պահի քաղաք գնալ անցակետերի հսկողության եւ երթեւեկության խցանումների պատճառով:

Հրաչ Մելքումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031