Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյանը չի հավատում «Բլումբերգի» տվյալներին

Հուլիս 01,2013 13:41

«Եթե հավատանք «Բլումբերգի» տվյալներին, ապա հայ ժողովրդի զգալի մասը ծխում է, հետո զգում է, որ կայֆ չի ստացել, սկսում է խմել, եթե էլի չի ստանում, սկսում է նարկոտիկներ օգտագործել, հետո տենց անջատված գնում է սկսում կազինոներում փողերը ծախսել».-սա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքն է օրերս «Բլումբերգ» ընկերության ներկայացրած հետազոտության մասին, համաձայն որի, Հայաստանը աշխարհի արատավոր երեւույթների հանդեպ հակումներ ունեցող երկրների ցուցակում չորրորդն է:

Ինչպես պարոն Ադիբեկյանը, այնպես էլ «Հայելի» ակումբի մյուս հյուրը՝ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի աշխատակից, հոգեբան Սիրանուշ Գեւորգյանը, համակարծիք էին, որ «Բլումբերգի» բերած տվյալները արժանահավատ չեն:

Պարոն Ադիբեկյանին հատկապես զարմացրել էր թմրամոլների թիվը: Ըստ այդմ, Վրաստանում թմրամոլները 240-250 հազար հոգի են, Հայաստանում՝ 160 հազար, իսկ Ադրբեջանում, որը նարկոտիկների տրանսֆերի հայտնի տարածք է, ընդամենը 20 հազար թմրամոլ կա: «Վրաստանում, իրենց իրավապաշտպանների տվյալներով, թմրամոլների թիվը 400 հազար է, Ադրբեջանում՝ որպես նարկոտրանսֆերի երկիր, եւ որպես իսլամական երկիր, որտեղ խմելը թույլատրված չէ, բայց ծխելը՝ ոչինչ, հաստատ շատ ավելին է, չի կարող 20 հազար լինել: Իսկ մեր նարկոդիսպանսերում գրանցված է ընդամենը 4300-4400 մարդ, լավ, ասենք, չգրանցվածներն էլ չորս անգամ շատ են, թող լինի՝ 16 հազար մարդ, բայց էդ մյուս զրոն որտեղի՞ց ավելացավ, ես չեմ հասկանում»,- վերլուծեց պարոն Ադիբեկյանը:

Նրան կասկածելի էր թվում նաեւ խաղամոլների քանակը, որով Հայաստանը կրկին առաջատար դիրքերում էր՝ ըստ Բլումբերգի տվյալների: Այդ տվյալներով՝ հայերը իրենց ՀՆԱ-ի 1,65%-ը ծախսում են խաղատներում: Պարոն Ադիբեկյանի խոսքերով՝ համաձայն ԱՄՆ-ի ԿՀՎ-ի՝ ՀՀ-ի ՀՆԱ-ն կազմում է 12 մլրդ դոլար, եւ դա նշանակում է, որ մենք տարեկան 180 մլն դոլար թողնում ենք խաղատներում: «Երեւի ՀԴՄ կտրոններով խաղարկությունն էլ են դրանք խաղամոլություն դիտարկում»,-կատակեց պարոն Ադիբեկյանը՝ փորձելով հասկանալ, թե որտեղի՞ց կարող էին ստացվել այդ թվերը:

Իսկ հոգեբան Սիրանուշ Գեւորգյանը նկատեց, որ արատների այն քանակը, որը վերագրվում է Հայաստանին, եթե իրական թիվ լիներ, ապա անխուսափելիորեն բարձր կլիներ նաեւ հանցագործությունների քանակը, այնինչ Հայաստանը համարվում է ամենաանվտանգ երկրներից մեկը: «Դեռատի աղջիկները օրվա երեկոյան, անգամ գիշերային ժամերին հանգիստ կարող են զբոսնել քաղաքում, երեխաները հանգիստ կարող են խաղալ բակերում՝ առանց ծնողների հսկողության, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ անձի սոցիալական անվտանգությունը բարձր մակարդակի է: Եվ պետք է պարզել, թե այդ ինչ պատվեր է իրականացվել, որ մեր եւ մեր հարեւանների տվյալները այդքան կտրուկ տարբերվում են»,- ասաց տիկին Գեւորգյանը:

Պարոն Ադիբեկյանն էլ հավելեց, որ եթե իրեն պատվիրեն, ինքը 3600 ընտանիքի ընտրանքով հետազոտություն կանցկացնի, եւ վստահ է, որ լրիվ այլ տվյալներ կստանան: «Ազգային արժանապատվության խնդիր է, դիմենք կառավարությանը, թող վարչապետի օֆշորային խնդրի հետ միասին դատախազությանն ասի՝ զբաղվեն նաեւ սրանով»,-եզրափակեց Ադիբեկյանը, որը, մինչ այդ մանրամասն բացատրում էր, թե ինչպես են կանեփի կեղեւը քրտինքով եփելով ստանում թմրամիջոց՝ «Ես Սիլաչի եմ մեծացել, կանեփ ծխողներով եմ շրջապատված եղել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031