Շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությանը, որի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին խորհրդարանում: Հաշվետվության առիթով Սարգսյանը «մեսիջներ» հղեց թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե գլխավոր դատախազին ու դատախազությանը:
Aravot.am-ի հարցին` ի՞նչ հետեւություններ եւ եզրակացություններ անել Սերժ Սարգսյանի հայտարարություններից, մանավանդ, որ դրանք կարծես նախատինք էին` ուղղված ՎՊ ղեկավարին, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց. «Չեմ կարծում, որ պետք է գնահատել կամ ավելի պարզ, քան երկրի նախագահը ներկայացրեց բացատրություններ տալ կամ մեկնաբանություններ անել: Միակ հետեւությունն այն է, որ ամեն ինչ շարունակում է մնալ հրապարակային դաշտում, թափանցիկ: Յուրաքանչյուր քայլ, որը կարող է լինել եւ իր մեջ ունենալ կոռուպցիոն ռիսկեր, ուշադրության կենտրոնում է, հանրային քննարկման առարկա է դառնալու` իր բոլոր հետեւություններով»:
Հովհաննես Սահակյանը վստահեցնում է, որ բոլոր մեղավորները պատժվելու են եւ այն իրավիճակը, որը ստեղծվեց խորհրդարանում ՎՊ-ի զեկույցի առիթով, պետք է ունենա իր արդյունքները:
Ձեր կարծիքով, նախագահի խոսքն ավելի շատ դատախազությա՞նն էր ուղղված` հետեւողական լինելու առումով, Սահակյանը մեջբերեց երկրի եւ իր կուսակցության նախագահին, ով իր խոսքում նշել էր, թե ՎՊ-ն պետք է արձանագրի փաստերը եւ իրավիճակը, իսկ գնահատականները` քրեակա՞ն են, դրանք, թե` ոչ, պետք է իրավապահները տան: «Ու որպեսզի այդ ամենը ստանա իր լուծումը` նախագահը հորդորեց, որ դատախազությունն այդ ամենը շատ արագ կատարի: Ես կարծում եմ, որ երկրի նախագահի եւ խոսքը, եւ գործողությունները բավականին հստակ էին, հրապարակային եւ չեմ կարծում, որ այլ մեկնաբանությունների կարիք կա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ