Վերջերս մի խումբ երիտասարդ գիտնականներ հանդես էին եկել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտարարությամբ: Նախաձեռնող խմբում են՝ տնտեսական գիտությունների թեկնածու, «Տեկտում» հ/կ-ի նախագահ Անահիտ Մանասյանը, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ առաջատար գիտաշխատող Արթուր Մովսիսյանը, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, «ԱՐՄԱԿԱԴ» հ/կ նախագահ Խաչիկ Գեւորգյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը եւ Քիմիական գիտությունների թեկնածու, Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Սարգիս Հայոցյանը:
«ԱՐՄԱԿԱԴ»-ի նախագահ Խաչիկ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 5-6 տարի է՝ քննարկումներ են գնում գիտության ոլորտում չափանիշներ մշակելու , այն ինչ-որ կերպ կարգավորելու եւ մակարդակ մտցնելու համար, նույնը վերաբերում է նաեւ գիտության ֆինանսավորման խնդրին: Նրա խոսքով, հատկապես վերջին 6-7 ամսվա ընթացքում քննարկումները նոր թափ են ստացել, մի խումբ երիտասարդ գիտնականներ հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին ու ներկայացրել առաջարկությունների փաթեթը:
«Առաջարկությունների մեծ մասն ընդունվեց ՀՀ ԿԳ նախարարի կողմից ի գիտություն, և ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Ղուկասյանին էլ հանձնարարվեց դրանք ներառել կանոնակարգի փոփոխությունների փաթեթի մեջ։ Սակայն, ինչպես պարզ դարձավ պարոն Ղուկասյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցից, նա և ԲՈՀ-ը իրավասու չեն զբաղվել ԲՈՀ կանոնակարգի փոփոխություններով»,-հայտնեց մեր զրուցակիցը:
«ԱՐՄԱԿԱԴ»-ի նախագահը փաստեց, որ կանոնակարգային փոփոխություններից ամենակարեւորը ատենախոսություն պաշտպանելուց առաջ միջազգային Scopus և Thomson Reuters շտեմարաններում գիտական հոդվածների առկայությունը պետք է լինի:
Կարդացեք նաև
Խաչիկ Գեւորգյանը ընդհանուր իրավիճակից հետեւյալ տպավորությունն է ստացել. «Ես չեմ կարծում, որ ԲՈՀ-ը վերջին կառույցն է, որը պետք է շահագրգիռ լիներ այդ քննարկումներով: Բոհը նաեւ վերջին կառույցը չէ, որը պետք է կանոնակարգային փոփոխություններում իր խոսքը ասեր: Ես ուղղակի մի քիչ տարակուսած եմ՝ ի՞նչ է նշանակում, թե ԲՈՀ-ը այդ հարցով զբաղվելու իրավասություն չունի… Որպես քննարկումներ կազմակերպող կառույց, նախ ԲՈ՛Հ-ը պետք է լիներ, սակայն Արտյուշ Ղուկասյանի հարցազրույցից հետո մենք հանդես եկանք հայտարարությամբ եւ նշեցինք, որ կուսումնասիրենք ամբողջ օրենքներն ու կանոնադրությունը, կգտնենք իրավասու մարմին եւ այսուհետ բոլոր քննարկումները կկազմակերպենք միայն իրավասու մարմնի հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ