Լրահոս
Օրվա լրահոսը

Քեֆ-ուրախություն ու հրավառություն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում (ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 01,2013 13:21

Երեկ մի աննկարագրելի ուրախություն էր Գյումրիում, Վարդանանց հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, մշակույթի համաշխարհային դեմքեր տված, սակայն 23 տարի անտեսված, արհամարհված գյումրեցիները նորից զգում էին կյանքը, մշակույթի շունչը: Ողջ քաղաքը եկել էր մասնակցելու Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու արարողությանը:

Թեև ինչպես նշեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ Գյումրին նոր չէ, որ պիտի հռչակվեր մշակութային մայրաքաղաք, այն վաղուց այդպիսին էր, միայն թե այժմ հայրաքաղաքից վերածվում է մայրաքաղաքի: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հանձնվեց «2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը:

Իսկ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել 2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Գյումրու քաղաքապետն այնպես հուզվեց, որ հիշատակելով Պոլոզ Մուկուչին՝ ասաց. «Ինչպես կասեր Պոլոզը, ալամ աշխարհի երաժիշտները այստեղ են»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ասաց. «2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, անցավ ընդամենը մեկ տարի, այդ մեկ տարվա ընթացքում մենք արժանացանք ևս մեկ տիտղոսի, տիտղոս, որը ոչ պակաս պատվաբար է, ոչ պակաս հեղինակավոր, և կարծում եմ՝ մի կողմից դժվարին ու պատասխանատու: Եվ այսօր մենք մտածում ենք, որ այդ տիտղոսը իսկապես Գյումրիին պետք է հասներ, մի քաղաք, որը երկար ժամանակ հավատարիմ է եղել, իր հավատարմությունն է արձանագրել արվեստներին և մշակույթին: Ես կասեմ Գյումրին այն քաղաքն է, որ բոլոր ժամանակներում մեր պատմությանը տվել է հեղինակավոր և շատ տաղանդավոր արվեստագետներ: Եվ այսօր ամենևին պատահական չէ, որ հատուկ-հատուկ մշակութային ավանդույթներ ունեցող այս քաղաքը դարձավ ԱՊՀ մշակութային երկրների մայրաքաղաք, վաստակեց այդ տիտղոսը»:

Նշենք, որ ելույթ ունեցան բոլոր ճանաչված հին ու նոր գյումրեցիները: «Բամբիռ» խմբի անդամներն էլ իրենց ելույթի ժամանակ կատակեցին՝ ասելով. «Կարևորը սիրտը չքանդվի, թե չէ փողոցների քանդվելը ոչինչ»:

Գյումրվա բեմում հնչեցին նաև աշխարհահռչակ օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավայի կատարումները, որին նվագակցեց աշխարհահռչակ ջութակահար Դմիտրի Կոգանը:

Իսկ երբ բեմ բարձրացավ իսպանաբնակ աշխարհահռչակ գյումրեցի տենոր Վահրամ Թադևոսյանը կամ Վաննո Թադեոն, մշակութային մայրաքաղաքի բնակիչներից ոմանք սկսեցին արտասվել հուզմունքից:

Մի խոսքով, Գյումրին աշխարհին ներկայացրեց իր ողջ մշակութային հարստությունը, որն, ի դեպ, անսպառ էր, և ներկաներից շատերը զարմանում էին, թե տարիներ շարունակ անտեսված լինելով` ինչպես են կարողացել այդքան բարձր մակարդակով պահպանել երաժշտական ու պարային խմբերը:

Տոնակատարության վերջին հատվածում 3D անիմացիայով հիշեցին բոլոր հանճարեղ գյումրեցիներին: Տոնակատարությունն ավարտվեց ճոխ հրավառությամբ:

Նշենք, որ գյումրեցիների մեծ մասը հագել էին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը խորհրդանշող շապիկներ, և տոնակատարության ընթացքում բնակիչները շուրջպար էին բռնել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները`Թոնի Միքայելյանի և Aravot.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031