Aravot.am-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման օրը քննարկվեց նաև Բյուրոյի զեկույցը, որտեղ հատուկ տողով շնորհակալություն է հայտնվում Հայաստանի կառավարությանը՝ Վեհաժողովի պալատին պատուհանների ապակիների նվիրաբերության համար:
Սակայն չկա ամբողջական տեղեկատվություն մրցույթի պայմանների, ծախսված գումարների և այլ թեմաների վերաբերյալ: Միայն այդ զեկույցի հրապարակումից հետո փոխարտգործնախարարը Tert.am-ին պարզաբանեց, որ ՀՀ-ն մասնակցել է ԵԽԽՎ պալատի պատուհաններին վիտրաժներ տեղադրելու նվիրատվության մրցույթի, շահել այն և կատարել ստանձնած պարտավորությունը: Վիտրաժների պատրաստումը պատվիրվել է նկարիչ, դիզայներ Արև Պետրոսյանին: Սակայն չկա որևէ տեղեկատվություն, թե, ի վերջո, քանի՞ վիտրաժի մասին է խոսքը, ի՞նչ չափերի և ի՞նչ արժեքով: Ակնհայտ է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, գնվել են հենց պետբյուջեի միջոցներով, որովհետև ԵԽԽՎ-ն շնորհակալություն է հայտնել հենց կառավարությունը:
Այս հարցերի վերաբերյալ Aravot.am-ը փորձեց տեղեկատվություն ստանալ դիզայներ Արևիկ Պետրոսյանից: Նա փոխանցեց հետևյալը. «Ես նկարչուհին եմ, էսքիզների հեղինակը: Ես ներկայացրել եմ էսքիզ, այլ տեղեկություն դեռ չունեմ»:
Փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանից էլ հետաքրքրվեցինք` որքա՞ն գումար է ծախսվել վիտրաժների համար: Նա այդպես էլ հստակ տեղեկատվություն չհայտնեց, փոխարենն ասաց. «Մեզ համար մեծ ուրախություն է, որ շահել ենք մրցույթը: Մեծ մրցույթով ենք անցել, քանի որ մի քանի երկիր իրենք էին փորձում մրցույթը շահել: Ամեն ինչ արել ենք, որ մրցույթը շահենք, մշակույթի կոմիտեով և այլ կոմիտեներով անցել ենք: Մենք միջազգային հանրության անդամ ենք, իսկ տարբեր երկրներ գումարներ են ծախսում, որ իրենց դերն ու նշանակությունը երևա, որ իրենց անունը նշված լինի, պատմության մեջ մնա»:
Կարդացեք նաև
Կրկին փորձեցինք հստակեցնել ի՞նչ ծավալների վիտրաժի մասին է խոսքը և այլն: Զ. Մնացականյանը պատասխանեց. «Դեռ վիտրաժները չեն տեղադրվել: Այժմ աչքիս առաջ բյուջետային հարցերը չունեմ: Բայց դրանք ահռելի գումարներ չեն: Մենք հիմա ԵԽԽՎ տեխնիկական մասնագետների հետ ենք խոսում տեղափոխման, անվտանգության և տեղադրման հարցերի շուրջ: Մենք մի արվեստի գործ էլ ենք նվիրել ԵԽԽՎ-ին: Քանդակը կոչվում է «Թամադա», այն տեղադրված է ՄԻԵԴ-ի նախագահի սենյակում: Սա ոչ քաղաքականություն է, ոչ էլ դիվանագիտություն, սա մեր մշակույթի ներկայացումն է Եվրոպայում գտնվող կազմակերպություններից մեկում: Մենք մեր մշակույթն ենք ներկայացնում միջազգային հանրությանը »:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ