Դատարանը հաշվի առավ ամբաստանյալի զղջումը
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ավարտվեց սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Մուշեղ Գուրգենի Դանիելյանի դատավարությունը: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 14-ին, ժամը 01.24 րոպեին իր բջջային հեռախոսահամարով զանգահարել է «112», ժամը 01.36 րոպեին՝ «911» հեռախոսահամարներին եւ հայտնել, որ իր ընկեր Վոլոդյան զանգահարել եւ իրեն ասել է, որ վաղը Վոլգոգրադ քաղաքի «Վորոշիլովսկի» առեւտրի կենտրոնի 2-րդ հարկում ահաբեկչական ակտ է տեղի ունենալու: Մուշեղ Դանիելյանը գիտակցել է, որ սուտ տեղեկություն է հաղորդում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածով («Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մինչ դատաքննությունը սկսվելը Մուշեղ Դանիելյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ այդ առթիվ խորհրդակցել է պաշտպանի հետ, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը մեղադրանքի հետ համաձայն է:
Հունիսի 17-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Մուշեղ Դանիելյանին դատապարտել 200 հազար դրամ տուգանքի: Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել, որ ամբաստանյալը երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն, զղջում է կատարածի համար, տառապում է «աղեստամոքսային ֆունկցիոնալ խախտում հիվանդությամբ»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ