Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «Հայաստանը գտնվում է աղետի եզրին եւ սա հռետորաբանություն չէ»

Հուլիս 01,2013 11:48

Այն իրադարձությունները, որոնք ներկայումս տեղի են ունենում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը համարում է բավականին լուրջ, որոնց արձագանքները ՀՀ իշխանությունների, հայաստանյան քաղաքական-հասարակական շրջանակների կողմից, ըստ նրա, համաչափ չեն: Քանի որ, միջազգային խաղացողները սկսել են խաղալ բաց քարտերով, մեր զրուցակիցը ճիշտ ժամանակն է համարում, որ Հայաստանի ներսում էլ մենք սկսենք միմյանց հետ անկեղծ խոսել, ինչից, ըստ նրա, հայ ժողովուրդը խուսափում է դարեր շարունակ: «Հայաստանը գտնվում է աղետի եզրին եւ սա հռետորաբանություն չէ, չափազանցություն չէ, քարոզչական նպատակ չունի: Սա իրականություն է»,- ասում է մեր զրուցակիցը` պատմական էքսկուրս կատարելով եւ զուգահեռներ տանելով անցյալ դարասկզբին մեզ հետ տեղի ունեցած իրադարձությունների եւ ներկայիս զարգացումների միջեւ:

Նա այն համոզմանն է, որ դեպքերը կրկնվում են, բայց մենք պատմությունից համառորեն դասեր չենք քաղում, ճիշտ հետեւություններ չենք անում: Նա հիշեցնում է, որի 1915-18 թվականներին մենք կորցրեցինք Արեւմտյան Հայաստանը, որը ավելի քան հինգ հազար տարի հայության հայրենիքն էր: Պատմաբան քաղաքական գործիչը դրա հիմնական պատճառը համարում է այն, որ հայերն այդ ժամանակ չկարողացան ինքնակազմակերպվել. «Մենք մեղադրում ենք թուրքերին, ռուսներին, բոլշեւիկյան կամ ցարական իշխանություններին, ամերիկացիներին, եվրոպացիներին, բայց մոռանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ուներ իր շահը եւ դրանով էր առաջնորդվում: Թուրքերին ձեռնտու էր այդ տարածքը մաքրել հայերից` նրանք դա արեցին: Սակայն, հայությունը, որն այդ տարիներին իր քանակով գրեթե հավասար էր թուրքերին (Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 6,5 միլիոն թուրք բնակչություն, Կովկասյան տարածաշրջանում, ներառյալ Արեւմտյան Հայաստանը, մոտ 5,5 միլիոն հայ բնակչություն), չկարողացավ դիմագրավել»:

Նա հիշեցնում է, որ հայերը հիմնական կորուստներն ունեցան 1917-ին, երբ ռուսական կես միլիոնանոց զորքը հեռացավ Արեւմտյան Հայաստանից` թողնելով ողջ ռազմական ավարը, անգամ անձնական զենքերը, ուտելիքը, հագուստը, բայց հայերը չկարողացան ինքնակազմակերպվել` հայերի ճակատագիրը հանձնելով Թիֆլիսում գործող Անդրկովկասյան սեյմին: Իսկ վրացի պաշտպանության նախարարը, որի կինն էլ թուրք Վեհիր փաշայի քույրն էր, բնականաբար, հետաքրքրություններ չէր կարող ունենալ Արեւմտյան Հայաստանի տարածքները պաշտպանելու համար: Հետագայում արդեն, 1918-20 թվականներին, ոչ ճիշտ քաղաքական եւ դիվանագիտական վարքագծի արդյունքում հայերը կորցրեցին նաեւ Արեւելյան Հայաստանի կեսից ավելին` 66 հազար կիլոմետր քառակուսուց ընդամենը մոտ 30 հազարը մի կերպ պահելով:

«Այսօր նույն բաները կրկնվում են մեզ հետ, այսօր վտանգված է Հայաստանի վերջին բեկորը եւ, ցավոք, իրենց վերլուծաբաններ եւ քաղաքական գործիչներ համարող շատ-շատերը չեն կարողանում ճշգրիտ եւ համարժեք գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին: Իսկ այսօր Հայաստանի հետ կատարվում է այն, ինչ ժամանակին Արեւմտյան Հայաստանի հետ. Այն ժամանակ էլ լուրջ չէին ընդունում թուրքական սպառնալիքները, համարում էին, որ հայկական բանակը, որը 40 հազարից ավելի զինվոր ուներ, տարածաշրջանում ամենահզորն է, ամենալավ զինվածը, բայց Կարաբեքիրի 20 հազարանոց բաշիբոզուկներից ընդամենը մի քանի շաբաթ պահանջվեց, որպեսզի Սարի-Ղամիշից հասնեին եւ գրավեին Ալեքսանդրապոլը: Նույնպես ոչ ճիշտ հաշվարկ, ոչ ճիշտ քաղաքականություն եւ դիվանագիտություն»,- ասում է մեր զրուցակիցը` զգուշացնելով, որ այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնք մեզ ստիպում են նախապատրաստվել բոլոր հնարավոր հետեւանքներին: Նա գտնում է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի վիճակն իր անկախ գոյության պատմության ընթացքում երբեք այսչափ ողբալի եւ ամոթալի չի եղել, քանի որ հայկական կոչված իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ այնպիսի սոցիալական, տնտեսական եւ բարոյական անընդունելի քաղաքականություն են վարում, որը ամոթալի է մեր ժողովրդի համար` սկսած օրենքներից մինչեւ դրանց կիրարկում:

Եթե իշխանությունների որդեգրած քայլերն անընդունելի, բայց հասկանալի են, մեր զրուցակիցը չի հասկանում թե ի՞նչ են մտածում իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը, որոնք, ըստ էության, գործնականում դարձյալ ոչինչ չեն անում այս իրավիճակը շտկելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031