ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի այս տարվա ապրիլի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել Արշալույս ու Անահիտ Խաչատրյանները:
Անահիտ Խաչատրյանը հայտնում է, որ 2012թ. հուլիսի 25-ին հաղորդում է տվել ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ հուլիսի 2-ին հարևանը՝ Վարդան Հովնիկյանը հարբած վիճակում հարձակվել է իրենց՝ սեփականության իրավունքով պատկանող Աղբյուր Սերոբի 52/1 տան վրա: Ըստ այդ հաղորդման, հարեւանը կոտրել է մուտքի դուռը և շպրտել տնից 10 մետր հեռու, ջարդել է պատուհանների ապակիները, միջանցքի պահարանը, դիմահարդարման պարագաները, պատառոտել է վարագույրը, իր պարկով ավազը շաղ տվել տան մեջ և այլն: Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստի առթիվ 23.08.2012թ. ՀՀ քր. օր. 147 հոդվածի 1 մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, նախաքննության մարմնին են տրամադրվել պատկերված լուսանկարները, որոնք հաստատում են հանցագործության փաստը:
Արշալույս Խաչատրյանը ճանաչվել է տուժող, իսկ Անահիտ Խաչատրյանը՝ տուժողի ներկայացուցիչ: 4 ամիսների ընթացքում փոխվել է գործի վարույթն իրականացնող 3 քննիչ, ինչի մասին չի իրազեկվել տուժող կողմը:
Կարդացեք նաև
Ոստիկանության քննիչ Դ. Թովմասյանի անցյալ տարվա դեկտեմբերի 23-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է: Կարճման մասին, ինչպես մեր զրույցի ժամանակ ասաց տուժողի ներկայացուցիչ Անահիտ Խաչատրյանը, իրենք տեղեկացել են դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի հունվարի 8-ի գրությունից:
Անահիտ Խաչատրյանը Aravot.am-ին հայտնեց, որ այս տարվա փետրվարի 5-ին դիմել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել քննիչի որոշումը: Փետրվարի 15-ին դատարանը (դատավոր Լ. Ավետիսյան) որոշել է մերժել ներկայացված բողոքը: Հետեւել է վերաքննիչ բողոքը, որն էլ ապրիլի 3-ին (դատավոր Մ.Պետրոսյան) մերժվել է, իսկ կողմն այդ որոշումը փոստով ստացել է ապրիլի 9-ին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, որպեսզի նախ վարույթ ընդունվի այս բողոքը, ապա բեկանի կայացված դատական ակտը: Ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանների կողմից խախտվել է ՀՀ քր. դատ. օր. 17 հոդվածի 1 կետը՝ «Գործի արդարացի քննությունը», համաձայն որի.«Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:
«Ինչպես 1-ին ատյանի դատարանը, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանը այս գործի քննության ժամանակ դատախազի և քննիչի նկատմամբ ցուցաբերեցին կողմնակալ, խտրական հովանավորչական և ոչ անկախ վերաբերմունք, որն արտահայտվեց փաստական հանգամանքների ոչ ճիշտ գնահատմամբ, ինչպես նաև գործին մասնակից անձանց դատարան հրավիրելու վերաբերյալ իմ միջնորդությանը չանդրադառնալով և այդ հարցն ընդհանրապես չքննարկելով: Դատարանում չի քննարկվել նաև քննիչների թերի և անբավարար աշխատանքի վերաբերյալ իմ ներկայացրած ապացույցները»,-ասում է Ա.Խաչատրյանը:
Ի դեպ, ստորադաս դատարանը պատշաճ գնահատական չտվեց այն հանգամանքին, որ քրեական գործը կարճվել է՝ հենվելով միայն Վ. Հովնիկյանի իր կողմից կատարածը չընդունելու փաստի վրա: Մինչդեռ հարեւաններից մեկի՝ Էդիկ Սիրադեղյանի, մեր տրամադրության տակ գտնվող հայտարարության համաձայն. «Շուրջ 1-1,5 տարի առաջ ես եւ Վարդան Հովնիկյանը այդ ցանկապատը հանեցինք, քանի որ այն վնասվել էր, որպեսզի Վարդանը նորը տեղադրի:
Տան սեփականատեր Արշալույս Խաչատրյանը ինքը վերականգնեց ցանկապատը, որոշ ժամանակ անց ցանկապատն անհետացավ»: Տուժողի ներկայացուցիչը միջնորդել էր, որպեսզի դատարան ներկայանան նշյալ անձինք՝ Վ. Հովնիկյանը, Է. Սիրադեղյանը և Ս. Խուդինյանը, սակայն դատարանը մերժել էր: Ըստ բողոքաբերի, խախտվել է Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ արդար դատաքննության իրավունքը:
«Երբ գործի քննությունն ընթանում է մի շարք օրենքների խախտումով և խախտում կատարած ի պաշտոնե գործող անձանց (ոստիկանություն և դատախազություն) նկատմամբ կողմնակալ, խտրական հովանավորչական վերաբերմունքի դրսևորումով, ապա արդար դատաքննության մասին չի կարելի խոսել»,- ասում է Ա.Խաչատրյանը:
Տուժող կողմի կարծիքով, պատշաճ գնահատական չտալով գործի փաստական հանգամանքներին և նրան, որ սույն քրեական գործի կարճման հետևանքով հանցագործությունը մնում է չբացահայտված, իսկ տուժողը զրկվում է վնասի փոխհատուցում ստանալու օրենքով երաշխավորված իրավունքից, ստորադաս դատարանը գտել էր, որ որևէ անձի իրավունքներն ու ազատությունները խախտված չեն և ներկայացված բողոքը ենթակա է մերժման: Մինչդեռ, իրենք կորցրել են իրենց շահերի երաշխավորման հնարավորությունը: Սա այն դեպքում, երբ սեփականատիրոջը կատարված հանցագործության հետևանքով պատճառվել է նյութական և բարոյական մեծ վնաս, իսկ դատարանի մերժման որոշումը զրկել է նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, ինչի արդյունքում կողմը հայտնվել է անպաշտպան, արժանապատվությունը և իրավունքները ոտնահարված վիճակում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ