Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի արեւմտյան չափանիշները

Հուլիս 01,2013 11:18

Մարդիկ, ովքեր պնդում էին, թե Ռուբեն Հայրապետյանը «զոռով» պահում է Հենրիխ Մխիթարյանին «Շախտյորում» եւ հասարակական շարժում էին ստեղծում՝ մոտավորապես «Փրկենք Հենոյին Նեմեցից» վերտառությամբ, արդյոք իսկապե՞ս մտահոգված էին մեր շնորհալի կիսապաշտպանի ճակատագրով, թե՞ պարզապես ուզում էին ավելորդ անգամ հանդես գալ «արդարության խիզախ մարտիկի» թիկնոցով:

Իսկ երբ ես հավաստիացնում էի, որ նման բան հնարավոր չէ, որ Հենրիխ Մխիթարյանին փրկել պետք չէ, ոչ թե ուզում էի պաշտպանել Ռուբեն Հայրապետյանին, այլ պարզապես չէի ցանկանում, որ հիմար խոսակցությունների պատճառով գործարքը տապալվի, եւ մեր ֆուտբոլիստը «Լիվերպուլում» չհայտնվի: Բարեբախտաբար, ամեն ինչ կարծես թե բարեհաջող ավարտվեց, եւ հիմա Հենրիխի «պաշտպանները», հավանաբար, հիասթափված են՝ «հանուն արդարության» պայքարելու այս մի «ալիքը» պիտի որ մարի:

Իսկ մեր սպորտսմենների՝ արեւմտյան բարձրակարգ թիմերում խաղալը խիստ դրական երեւույթ է: Բացի ֆուտբոլիստների անհատական զարգացումից եւ ազգային հավաքականին օգուտ բերելուց, մեր տղաները ծանոթանում են գործի կազմակերպման, կարգապահության, աշխատանքին մոտենալու այլ՝ մեզնից շատ ավելի բարձր մշակույթին, որը այսպես թե այնպես բերվելու է Հայաստան: Երբ մեր քաղաքական գործիչները եւ մեկնաբանները հարձակվում են արեւմտյան արժեքների վրա՝ փորձելով մեզ համոզել, թե դրանք հարվածում են մեր ազգային ինքնությանը, ես միշտ հետեւյալ օրինակն եմ բերում: Պատկերացրեք, որ Հայաստան չգային «Վիվասելլն» եւ «Օրանժը» ու լիներ միայն «ԱրմենՏելը»: Շատ հավանական է, որ մենք այդ դեպքում կունենայինք փոշոտ, փնթի, վատ կահավորված «ATC»-ներ՝ հսկայական հերթերով եւ հաճախորդների վրա «մուննաթ եկող» աշխատակցուհիներով: Այսինքն՝ այն, ինչ կար Սովետի օրոք: Բայց քանի որ օպերատորները երեքն են, ապա թե երկու ռուսական, թե մեկ ֆրանսիական ընկերությունները ստիպված են առաջնորդվել աշխատանքի արեւմտյան չափանիշներով, եւ ես չեմ տեսել, որ դրանց գրասենյակներում հերթեր գոյանան, աշխատակցուհիները չժպտան եւ ՀԴՄ կտրոն չտան:

Նույնը՝ եթե մեր ֆուտբոլիստները խաղային միայն հայաստանյան թիմերում, դրանցից այն կողմ ոչ մի կյանք եւ ոչ մի աշխատանքի կազմակերպում չտեսնեին՝ բավարարվեին միայն տեղական թիմերի մակարդակով: Ազգային ինքնագիտակցությունն այդպիսով պաշտպանվա՞ծ կլիներ: Կասկածում եմ. այն կիջներ հետամնաց «բազարի» մակարդակին, ինչպիսին էլ կա շատ բնագավառներում:

Արեւմտյան արժեքներն, այսպիսով, իմ տեսանկյունից, ոչ միայն լայնախոհությունն ու հանդուրժողականությունն են, այլեւ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ. խիստ ինքնակազմակերպում, համառություն՝ դրված նպատակների իրագործման համար` առանց նվնվոցի եւ սեփական անձի նկատմամբ խղճահարության:

Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, մեջբերեմ հենց Հենրիխ Մխիթարյանին. «Իմ տրանսֆերային գործերով զբաղվում է իմ պաշտոնական գործակալը: Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, չեմ հետաքրքրվում իմ գործակալի եւ իմ ակումբի գործերով: Ես պաշտոնական պայմանագիր ունեմ իմ ակումբի հետ եւ կատարում եմ իմ պարտականությունները… Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքում կան կանոններ եւ ես պարտավոր եմ դրանք հարգել»: Հենց այդպես՝ չի հետաքրքրվում եւ կատարում է պարտականությունները: Մեր ականջի համար տարօրինակ է, չէ՞, հնչում: Բայց դա, իմ կարծիքով, աշխատանքի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի օրինակ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 Լուսանկարը` www.armenianow.com- ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Կարծում եմ պրն. Աբրահամյան շատ հետաքրքիր թեմայով, այլ բնագավառի մասին եք գրել;
    Հաճելի է կարդալ, գոհանալ, մտածել, որ այլոք էլ կկարդան, երբեմն կմտորեն և այլն և այլն:
    Վատ չեմ զգա, եթե սխալվեմ, սակայն արձագանք չկա այս նյութին, չեմ հասկանում երբ եք գրել, բայց տեսնում եմ, որ արձագանք չկա: ՈՒ որ արձագանք չկա, իմ համար դա բացարձակ անսպասելի չէ ու ծիծաղս դժվաությամբ եմ պահում այս տողերը գրելիս;
    Ախր տեղ չեք թողել, որ բամբասեն, կարող եմ գրել նաև բամբասենք, դրանից բան չի փոխվի:
    Հիմա եվս մեկ անգամ հասկացա, որ որքան դժվար է լինելու մեր հետագա ընթացքը, որովհետև
    այս պահին գոնե իմ խորին համոզմամբ, եթե բամբասելու հնարավորություն չկա , ապա մնացածը
    երրորդական արժեքներ են, այդ մասին խոսել-գրելը հետաքրքիր չէ կամ այլ լեզվով ասելու դեպքում
    դրանից ինչ կայֆ, եթե խոսքը պարզապես հայհոհելու մասին չէ: Դեռ ինչքն պիտի ապրենք, որ կարևորն ու անկարևորը սկսենք տարբերել….
    Շնորհակալ եմ այս ամենը ինձ հերթական անգամ հիշեցնելու, նեքին զվարճանք պատճառելու և այլ զգացումների համար, որոնք ամեն պահ չես ձևակերպի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն գնահատականի համար: Ես դա գրել եմ կիրակի օրը, կայքում դրվել է երկուշաբթի: Որ արձագանքները քիչ են, իսկապես զարմանալի է: Փոխարենը կարդացողները բավականին շատ են:

  2. brinjao says:

    Իհարկե, Ռուբեն Հայրապետյանին կարելի է հանձնել արեւմտյան աշխատանքի հերոսի պատվավոր շքանշանը: Մինչ ինչ-որ հիմար ֆեյսբուքահայեր ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց պաշտելի ֆուտբոլիստի գործարքը տապալվի, մեր հարսնաքարային հերոսը կատարում էր իր պարտականությունները՝ հայկական անշահախնդրությամբ, արեւմտյան պարտաճանաչությամբ, ուկրաինական եռանդով… Ոչ մի կոպեկ, ոչ մի ցենտ կամ թեկուզ լումա չի նստելու խեղճ հերոսի բանկային հաշվին. վերջին պահին մետաղագործ Օլեգը հանկարծ հիշեց, թե ում է պատկանում Հենոյի ուղիղ կեսը, կամ ավելի ճիշտ՝ թե ում իբր թե չի պատկանում մեկ քառորդը… 🙂

  3. brinjao says:

    Խոսենք փաստերի, ոչ թե հույզերի կամ առավել եւս քարոզների լեզվով:

    Փաստ 1. Գործարքը տապալվելու եզրին էր ֆուտբոլիստի տեղափոխման իրավատերերի պատճառով: Այսինքն՝ մի կողմից Լիվերպուլի, եւ միւս կողմից՝ Շախտյոր-Օլեգ-Նեմեց տրիումվիրատի միջեւ կային ինչ-ինչ տարաձայնություններ, որոնց պատճառը հայտնի կարող է լինել միայն բանակցող կողմերին, այլ ոչ թե Առավոտին, Ֆեյսբուքին, Արամին ու Բրինջաոյին, որքան էլ որ իրենք “խորանան հարցի մեջ” ու քրքրեն համացանցը առանց “կոմերցիոն գաղտնիքներին” տիրապետելու:

    Փաստ 2. Օլեգ Մկրտչյանը չի հրապարակել ոչ մի փաստաթուղթ, որը կարող է հաստատել իր եւ միմիայն իր 50% իրավունքը: Իսկ մինչ այդ ես հակված եմ հավատալու ավելի շատ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին ու Սպորտ-Էքսպրես-ին, քան Նեմեցի բիզնեսմեն գործընկերոջը: Նրա ուշացած նեմեցահաճո հայտարարությունը ինձ հիշեցնում է Աշոտ Սուքիասյանի մեղայականը օֆշորային սկանդալի հարցով:

    Մխիթարյանի նամակ-հայտարարութունից պրավդա-իզվեստիայի հոտ է գալիս, այնպես իր լուրջ ընդունել նրա հեղինակությունը այդ գրվածքին առնվազն միամտություն է՝ համենայն դեպս ինձ համար…

    • Արմեն says:

      Ինչ հաճելի է, որ դուք կաք, որ դուք արձագանքեցիք, առանց ձեզ մենք ավելի հեշտ ու որ ավելի կարևոր է իմաստալից կապրեինք, սակայն դուք կաք և մենք դա ֆիքսում ենք ամեն պահի: Ես ինքս ֆուտբոլի ՀՀ հավքականի մեծ սիրահարն եմ, սակայն այս նյութը վերնագրից սկսած այլ բանի մասին է:
      Հ.Գ. Ներեղություն եմ խնդրում պրն. Աբրահամյանից պարզաբանմանս համար, սակայն ուզում եմ տեղեկացնել, որ երբ գրում եմ մենք դա չի նշանակում Արամ Աբրահամյանը և ես, մենքը դա մենք ենք ովքեր երբեմն լաց են լինում մեր այս անհույս վիճակից երբ կարդում են Ձեր խրոխտ մտքերը:

      • brinjao says:

        Ինչ հաճելի է, որ դուք կաք, որ դուք արձագանքեցիք, առանց ձեզ մենք ավելի հեշտ ու որ ավելի կարևոր է իմաստալից կապրեինք, սակայն դուք կաք և մենք դա ֆիքսում ենք ամեն պահի:

        Ինչ հաճելի է, որ դուք կաք, արեւմտյան արժեքների կրող հարգարժան նեմեցներ, փառապանծ լֆիկներ ու լիսկաներ: Շնորհակալություն ապահով Հայաստանին, որ դուք կաք, մենք դա ֆիքսում ենք ամեն պահի: Շարունակեք հեշտ ու որ ավելի կարևոր է իմաստալից տոկոս խփել, Հայկական աշխարհ կառուցել…

        ուզում եմ տեղեկացնել, որ երբ գրում եմ մենք դա չի նշանակում Արամ Աբրահամյանը և ես,

        Ուզում եմ տեղեկացնել, որ դա նշանակում է Նեմեցը եւ դուք…

        մենքը դա մենք ենք ովքեր երբեմն լաց են լինում մեր այս անհույս վիճակից երբ կարդում են Ձեր խրոխտ մտքերը:

        Դուք՝ ապահով Հայաստանի խրոխտ զավակներ, փորձեք մեկ-մեկ էլ լաց են լինել տոկոս խփողների ու օֆշորներում կովի պտուկ լվացող տիրացուների խրոխտ մտքերից ու որ ավելի կարևոր է՝ արարքներից…

  4. Maxim says:

    Ինձ մեծ հավատ ու հարգանք է ներշնչում, այդ՝ լավ, գեղեցիկ, համեստ պրոֆեսյոնալ ֆուտբալիստ՝
    Հենրիկ Մխիթարյանը, հազարապատիկ առավել ևս, որ ՀԱՅ է:
    Նույնը կասեի,՝ Արամ Աբրահամյանի մասին, իր մասնագիտությունների մեջ: Աստված Ձեր նման
    մարդկանց ՀԱՅ ազգին շատ նվիրի: Մեր ազգը Ձեր մնան մարդկանց կարիքը օր-օրի ավելի խիստ է
    զգում, քանի որ մոլախոտը,՝ երկիրը իր ձեռքն է վերցրել:
    Իսկ մնացածը,՝ ով, ում, որքան, որտեղից, անցողական են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031