Orange Հիմնադրամի աջակցությամբ Հայկական ակնաբուժության նախագիծր Տավուշի մարզում շուրջ 5,484 մարդու տրամադրել է անվճար ակնաբուժական ծառայություններ
Orange Հիմնադրամը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ համագործակցությամբ շարունակում է իր արդեն երկամյա նախագիծը, որի նպատակն է Հայաստանի մարզերի բնակիչներին տրամադրել անվճար ակնաբուժական ծառայություններ՝ ներառյալ զննումներ, վիրահատություններ, լազերային բուժումներ և կանխարգելիչ միջոցառումներ:
Կոտայքից հետո այժմ աչքի շարժական հիվանդանոցն ավարտում է աշխատանքը Տավուշի մարզում, որտեղ ակնային հետազոտություն են անցել շուրջ 5,484 մեծահասակներ և երեխաներ: Դուրս է գրվել 2,300 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են ավելի քան 200 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ: Մարզի ինը դպրոցներում ակնային զննումներին զուգահեռ անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ 518 երեխաների համար:
Կարդացեք նաև
«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին մենք արդեն 8-րդ մարզի այցն ենք ավարտում, որտեղ կարողացանք օգտակար լինել հազարավոր մարդկանց: Որպես ընկերություն, որը հոգ է տանում ոչ միայն բիզնեսի, այլ նաև, Orange Հիմնադրամի միջոցով, հասարակության խոցելի անդամների մասին՝ ուրախ ենք, որ կարողանում ենք իրական փոփոխություններ բերել բազմաթիվ մարդկանց ու նրանց ընտանիքներում», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«Մենք կարևորում ենք այն փաստը, որ Orange Հիմնադրամի հետ Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցությունը կրում է երկարատև և մասշտաբային բնույթ: Մեր համատեղ ջանքերի արդյունավետության շնորհիվ բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն սոցիալական, ինչպես նաև բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրներ, կարողանում են ստանալ որակյալ ակնաբուժական ծառայություններ բացառապես անվճար՝ իրենց իսկ բնակավայրերում: Աշխատանքների ընթացքում գրանցվող արդյունքերը փաստում են, որ բուժման կարիք ունեցող մարդկանց թիվը տարիների ընթացքում չի նվազում, չնայած «Լույս հայի աչքերին» ծրագիրը 10-ը տարի է ինչ գործում է Հայաստանում: Ծրագրի կարևորության և անհրաժեշտության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ստեղծվել է որակյյալ ծառայությունների պահանջարկ բնակչության շրջանում, բնակիչների մոտ արդեն իսկ օրինաչափություն է դարձել իրենց բնակավայրում երկու տարին մեկ սպասել և հանդիպել մեր բժիշկներին, ստուգել տեսողությունը և բուժում ստանալ՚ , – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Արդեն հուլիս ամսին ակնաբուժական խմբերը կլինեն Լոռու մարզում: Ծրագրի առաջին փուլում ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կզննեն տվյալ բնակավայրում բոլոր ցանկացողներին: Հուլիսի 8-ից 13-ը ակնաբույժները կլինեն Թումանյանի , հուլիսի 15-ից 22-ը՝ Գուգարքի և հուլիսի 24-ից 27-ը՝ Տաշիրի տարածաշրջաններում: Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը նրանք կաշխատեն Ստեփանավանի, իսկ օգոստոսի 5-ը 14-ը՝ Սպիտակի տարածաշրջաններում: Սոցիալապես անապահով բնակիչներից նրանք, ովքեր ակնոցի կարիք կունենան, կստանան հատուկ իրենց համար պատրաստված ակնոց:
Այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ կհայտնաբերվեն վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, կուղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց՝ անվճար բուժումը ստանալու համար: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում և Սպիտակում:
Մանրամասների համար Լոռու բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68:
Orange Հիմնադրամ