Սոցցանցերից մեկում գրանցված «Խենթ գժեր» խմբի ադմինիստրատոր Հայկ Հայրապետյանն ասում է՝ սոցիալական մեդիայի իշխանության շնորհիվ մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել բազում ընկերներ, որոնց հետ նաև հանդիպում է և հրաշալի ժամանակ անցկացնում. «Մեծ պատասխանատվութուն է լինել խմբի համակարգող, ամեն օր թեմաներ ես մտածում քննարկելու համար, աֆորիզմներ ես զետեղում և հետաքրքիր նկարներ տեղադրում, հետևում, որ մասնակիցներն ակտիվ լինեն, ոչ կոռեկտ մեկնաբանություններ չանեն, չվիրավորեն միմյանց,-ասում է նա և հավելում,-եղավ այնպես, որ մի օր էլ խաղ կազմակերպեցինք, թե ով պարտվի, բոլորիս պիտի պաղպաղակ հյուրասիրի. արդյունքում 9 մասնակիցներով լավ ժամանակ անցկացրինք իրական դաշտում»:
Ի դեպ, այսօր ևս տոնի պատվին որոշել են ամենաակտիվ խմբեցիներով հավաքվել և երեկոյան զբոսնել Ազատության հրապարակում:
Սոցիալական մեդիան իր մեջ ներառում է սոցիալական ցանցերը, բլոգային ծառայությունները, միկրոբլոգային ծառայությունները, ինֆորմացիայի փոխանակման սոցիալական համակարգերը, սոցիալական էջանշումների համակարգերը և այլն: Այն համացանցում ստեղծվում է անհատների կամ սոցիալական խմբերի կողմից, որն էլ օգտատերերին առաջարկում է նոր տեսակի այլընտրանքային մեդիա, որն աչքի է ընկնում ինտերակտիվությամբ:
Բլոգեր Լուսինե Հովակիմյանը ևս գնահատում է սոցիալական մեդիայի ընձեռնած հնարավորությունները, սակայն պնդում է, որ չպետք է չարաշահել խոսքի ազատությունը. «Կարևորում եմ հնարավորությունների ու ազատ մտքեր տարածելու տեսանկյունից, բայց չեմ կարծում, որ դա պետք ա թույլ տալ, որովհետև շատ մարդիկ կան, ովքեր շատ ակտիվ են ինտերնետում՝ բլոգներում, ֆեյսբուքում և այլ ցանցերում, բայց նրանց ընդհանրապես չպետք է թողնեն իրենց հիվանդ մտքերն արտահայտել»,-ասում է նա: Հիշում է ՝ բլոգ բացելու առաջին օրը ինչ-որ մեկը այսպիսի բովանդակությամբ մեկնաբանություն էր թողել. «Շատ տուֆտա ու անհետաքրքիր բլոգեր ես». «Շատ ծիծաղալու էր, բլոգը նոր էի բացել, մեջը բան չկար, պարզ էր, որ ոչ մի նորմալ մարդ այդպիսի բան չէր գրի… Դրանից հետո ոչ մի բացասական բան չի եղել»,-ասում է Լուսինեն:
21-ամյա Լիանան էլ դժգոհում է ՝ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, մինչդեռ սոցցանցերում օգտատերերը խախտում են օրենքը և գործածում օտարաբանություններ և գրում ոչ հայերեն. «Վերջերս odnoklassniki.ru-ն ստեղծել է հայերերն տարբերակը, բայց այսօր շատ քչերն են օգտվում այդ համակարգից, ոմանք էլ նույնիսկ word-ով հայերերն չեն կարողանում գրել,-ասում է նա և հավելում,- ինձ դուր չի գալիս, որ մարդիկ լատինատառ հայերենով արտահայտություններ, ստատուսներ են գրում: Իմ կարծիքով՝ այդպիսով նրանք փորձում են կոծկել իրենց անգրագիտությունը, բայց մեր պետական լեզուն հայերերնն է, և հետո դժվար է լատինատառ երկար գրվածքները ընթերցելը»: Իսկ 19-ամյա Անուշիկը բողոքում է նկարներից. «Նկարները, տեսանյութերը վիզուալ նյութեր են, որոնք ևս ինֆորմացիա են հաղորդում, սակայն շատերը վտանգավոր են անչափահասների համար, ինչի հետ հաշվի չեն նստում բազում օգտատերեր»:
Սոցիալական մեդիայի շնորհիվ շատերը սոցցանցերում ստեղծում են էջեր, որոնք կարող են լինել ոչ միայն ժամանցային կամ քաղաքական բնույթի, այլև հետապնդում են կոռուպցիոն նպատակներ՝ զբաղվելով տարբեր ապրանքների առքուվաճառքով:
Սակայն ոմանք այն կարծիքն են հայտնում, որ որքան էլ համախմբված ու ներգրաված է սոցիալական մեդիայի ոլորտը, այնուամենայիվ լի է թերություններով. մարդիկ հանդես են գալիս էկրանից այն կողմ, ինչը թույլ է տալիս իրենց դրսևորել այնպես, ինչպիսին չեն համարձակվի իրական կյանքում…
Նազենի Բաղդասարյան