Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվել Գրիգորյան. «Սարդարապատի ճակատամարտին էլ ավելի շատ ղարաբաղցիներն են մասնակցել» (ֆոտոշարք, տեսանյութեր)

Հունիս 29,2013 18:50

«Որ մեծանամ զինվոր եմ դառնալու»,-ասում է 4-ամյա Մանուկը: «Չէ՛ գեներալ ես դառնալու»,- Մանուկին ուղղում են Մարտակերտի ազատագրման 20-ամյակին մասնակցելու ժամանած հայաստանցի հյուրերը: «Չէ, չէ զինվոր»,-մանկական անկեղծությամբ պատասխանում է փոքրիկը: Բարեբախտաբար Մանուկը պատերազմ չի տեսել, բայց 20 տարի առաջ պատերազմը նրա ծնողներից խլել է տունը, նրա մի քանի հարազատներին, որոնք զոհվել են Մարտակերտի ազատագրման ժամանակ: Մորական պապն էլ, որը նույնպես ազատամարտիկ է եղել, մի քանի տարի առաջ է մահացել. պատերազմի թողած հետեւանքներն անբուժելի են եղել:

Հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ էին ժամանել ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզպետեր, քաղաքական գործիչներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մասնակցելու Մարտակերտի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնակատարություններին:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար Մարտակերտի մի խումբ ազատամարտիկների հանձնեց մեդալներ: Նրանց, «Զորավար Անդրանիկի», «Դրաստամատ Կանայանի», «Գարեգին Նժդեհի» եւ «Վազգեն Սարգսյանի» մեդալներով էլ պարգեւատրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՊՆ նախարարի անունից մեդալները հանձնեց գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

Մարտակերտը ադրբեջանցիների ձեռքն է անցել 1992 թվականի հուլիս 4-ին, ազատագրվել՝ մեկ տարի անց՝ հունիսի 28-ին՝ խլելով մոտ հարյուր մարդու կյանք: Երեկ Մարտակերտի վարչական շրջանի ղեկավարը՝ Վլադիմիր Խաչատրյանը, մեկ առ մեկ թվարկեց այն ազատամարտիկների անունները որոնք մասնակցել են Մարտակերտի ազատագրմանը: Մարտակերտի «օպերացիան» վարել է Նորիկ Դանիելյանը եւ քանի որ, ինչպես մարտի մասնակիցներն են պատմում, հակառակորդի դիրքերը գերիշխող են եղել, այս գործում  օգնության են հասել Հադրութի, Ֆիզուլիի եւ այլ տարածքների պաշտպանության գործում մեծ հաջողությունների հասած «5-րդ բրիգադի» մարտիկները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին Մարտակերտի բնակիչները, ազատագրման մարտերի վերջին օրերին «կռվող տղաները լրիվ հյուծված էին ու վիրավոր, եւ Մանվելի ջոկատի օգնությամբ կարողացան թշնամուն հետ մղել»:

Տոնակատարությանը ներկա ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խոսքերով. «Մարտակերտի, Հադրութի, Տավուշի շենացումը դա, Երեւան քաղաքի պաշտպանությունն է, հզորացումն է, Երեւանն էլ պարտավոր է պաշտպանել Մարտակերտը, Հադրութը եւ այլն: Սարդարապատում էլ ղարաբացիներն են ավելի մեծ ճակատամարտ ունեցել, քան հայաստանցիները, Արշալույս գյուղը որ կա, որտեղ ես ծնվել եմ, Սարդարապատի պատերազմը անմիջական եղել է իմ գյուղում……»:

Բակո Սահակյանի խոսքերով, Մարտակերտի շրջանը պատերազմի հետեւանքով ամենաշատ տուժած երկրամասն է եւ քանի որ այն համարվել է «Արցախի տնտեսության ողնաշարը», ԼՂՀ նախագահը մարտակերտցիներին խոստացավ շարունակել ԼՂՀ այս շրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական ծրագրերի իրականացումը: Այս տարի համահայկական հեռուստամարաթոնի միջոցով գումարներ կհավաքեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապահի ասֆալտապատման եւ բարեկարգման համար: Մարտակերտի «ջրաֆիկացման» հարցը նույնպես այս շրջանի թիվ մեկ խնդիրներից է: Մարտակերտցիները ուրախությամբ են նշում, որ քաղաքը աստիճանաբար ոտքի է կանգնում, այստեղ ծնելիության աճ կա, արտագաղթի փոխարեն էլ՝ ներգաղթ:

Պատերազմ տեսած սերունդը կենցաղային հոգսերից չի նեղվում՝ «Կարեւորը երկինքը խաղաղ է եւ մեր բալիկները խաղաղ երկնքի տակ են ապրում»,-ասում են նրանք:

PrevPhoto
NextPhoto

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930