10-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-ին կբացվի ֆրանսիացի անվանի սցենարիստ եւ ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» (1960) ֆիլմով, որի գլխավոր հերոսին՝ Էդուարդ Սարոյանին մարմնավորել է այսօր արդեն աշխարհահռչակ շանսոնյե, դերաասան, հասարակական գործիչ, դիվանագետ Շարլ Ազնավուրը: Պատմությունը մի մարդու մասին է, որ ժամանակին ունեցել է ամեն ինչ՝ փառք, սիրած կին, երջանկություն, փող, սակայն մի վայրկյանում կորցրել է: Երբեմնի վիրտուոզ դաշնակահար, լեփլեցուն դահլիճներ ապահովող Սադոյանը, իբրեւ Շարլի Կոլեր, ծվարել է մի փոքրիկ սրճարանում: Նա այստեղ երեկոները դաշնամուր է նվագում ու այդպես հաց վաստակում: Բոլորը նրան ճանաչում են իբրեւ ինքնամփոփ, միայնակ, տխուր ու կանանց հանդեպ անտարբեր մարդ: Անգամ հարեւան մարմնավաճառուհին է նրան խղճում ու պատրաստ է ապառիկով «սպասարկել»: Շարլին ոչինչ չունի, բայցի իր սիրուն հուշերի փշուրներից ու իրեն համակրող մի կնոջից, որին բոլոր տղամարդիկ տենչում են:
Թվում է՝ Շարլի-Էդուարդի կյանքն այդպես միապաղաղ կշարունակվեր, եթե չհայտնվեր քրեական խարդավանքների մեջ խճճված նրա եղբայր Ռեմին:
Վերջինս անընդհատ փախուստի ու հետապնդումների մեջ է, ավելին՝ եղբորն էլ է ներքաշում կեղտոտ պատմության մեջ: Արդյունքում՝ ատրճանակից արձակված կրակոցից զոհվում է Շարլիին սիրող կինը, որի հետ նա կարող էր երջանիկ լինել:
Սովորական մարդկային պատմություն է, այսպես ասած՝ փոքր մարդու փայփայած արժեքների ու այդ ամենը խժռող մեծ աշխարհի դաժանության մասին, որն անցկացվել է Տրյուֆոյի ռեժիսորական յուրօրինակ պրիզմայով ու վերաճելի հուզիչ դրամայի:
Կարդացեք նաև
Պատմության հիմքում էլ Դեվիդ Գուդիսի « Down There» բուլվարային վիպակն է:
Խորհրդանշական է, որ գլխավոր դերում հենց Շարլ Ազնավուրն է նկարահանվել, մարդ, որն իր կարիերան սկսել է «ներքեւից»՝ փոքրիկ սրճարաններից ու կաբարեներից…
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ