Երեւանի ավագանու անդամը կոչ է անում կենսաբանական անվտանգության հիմնադրամ ստեղծել
«Խորհրդային տարիներին Հայաստանում կար տարեկան 150 հազար ծնունդ: Այսօր տարեկան 30-35 հազար ծնունդը համարվում է բարձր ցուցանիշ: Էլ չասեմ, որ այս իրավիճակում ահագնացող տեմպերի է հասնում նաեւ էմիգրացիան: Մենք այսօր նաեւ առողջապահական խնդիրներ ունենք. տղամարդկանց մոտ անպտղությունը հասնում է 45 տոկոսի: Սրանք լուրջ ու անհանգստացնող ցուցանիշներ են, որոնց մատների արանքով չպետք է վերաբերվել: Այս թվերը լուրջ վերլուծություններ եւ հետեւություններ են պահանջում»,- «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմինե Գյուլազյանը: Մասնագիտությամբ բժիշկ ավագանու անդամը հատկապես կարեւորում է ազգային գենոֆոնդի վերականգնողական եւ վերարտադրողական նոր քաղաքականությունը: Ինքը՝ Արմինե Գյուլազյանը, այս հարցի լուծման առումով ունի սեփական պատկերացումները. «Պետք է կենսաբանական անվտանգության հիմնադրամ ստեղծել: Ամեն նորածին այս հիմնադրամում պետք է իր բաժինն ունենա: Նման հիմնադրամը մեր գենոֆոնդի ռեպրոդուկցիոն խթանման համար անհրաժեշտ պայման է»: Հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները, ըստ մեր զրուցակցի, կարող են հանդիսանալ եկեղեցական պարբերական նվիրատվությունները, ընդ որում՝ կաթողիկոսական երկու աթոռների՝ Անթիլիասի եւ Էջմիածնի: Իրենց մասնակցությունն անպայման պետք է ունենան նաեւ հայկական բարեգործական կապիտալը, սփյուռքահայերի ամենամսյա հանգանակությունները: Օրինակ՝ երկքաղաքացի մեր հայրենակիցները, ըստ տիկին Արմինեի, յուրաքանչյուր ամիսը մեկ դոլար անդամավճարի տեսքով հանգանակություններ կարող են անել այդ հիմնադրամին, ինչպես անում են հրեաները: Նա գտնում է, որ պետք է ամենամյա մարաթոններ կազմակերպել նաեւ այս հիմնադրամի համար՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի օրինակով:
«Մեր գենոֆոնդի անվտանգությունն այսօր նաեւ նոր քաղաքաշինական քաղաքականություն է պահանջում»,- կարծում է մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ՝ Երեւանի քաղաքաշինության եւ ճարտարապետական հետագա լուծումներում պետք է պահպանել, չաղճատել թամանյանական ճարտարապետությունը: «Որքանո՞վ են գեղեցիկ այսօրվա թամանյանական շենքերի կողքին մոդեռն եւ բարձրահարկ շենքերը՝ հենց հարմոնիկ տեսանկյունից: Նաեւ մեր գրունտին չեն համապատասխանում նման շինությունները, քանի որ Երեւանի հատկապես կենտրոնական հատվածներում թամանյանական նախագծերով նախատեսված են 5-7 հարկանի շենքեր»,- ասում է ավագանու անդամը: Նրա համոզմամբ՝ մեր գենոֆոնդի անվտանգությունը պահանջում է օր առաջ էլիտար բնակարանաշինությունից անցնել մասսայական, մատչելի բնակարանաշինության. «Թող բարձրագոչ չհնչի, բայց դա մեր ազգապահպանման կենսական անհրաժեշտությունն է այսօր: Այստեղ ենթադրվում է եւ քաղաքապետարանի մասնակցությունը, եւ բարեգործական ներդրումների, ինչպես նաեւ շահառուների՝ բնակչության»: Ավագանու անդամի համոզմամբ՝ բնակիչներն ուրախ կլինեն իրենց թեկուզ սուղ միջոցները ներդնել՝ հանուն իրենց ընտանիքի վաղվա ապահովության: Իսկ քաղաքային ու քաղաքական իշխանությունը պետք է օգտվի ու օգտագործի այս հանգամանքը՝ կյանքի կոչելու այն ծրագրերը, ինչի համար հայցել է ընտրողի քվեն: Ինչպես նաեւ, պետք է ճիշտ ու նպատակային ուղղորդվեն այն գումարները, որոնք ներդրվում են քաղաքային տնտեսության մեջ, բարեգործական նպատակներով:
Բացի այդ, մեր զրուցակիցը առաջնային է համարում առողջապահական նոր հայեցակարգի մշակումն ու կիրառումը, որն իր մեջ կներառի բուժանձնակազմի աշխատանքային իրավունքների պահպանումը, բուժանձնակազմի աշխատավարձերի եւ ընդհանուր կենսամակարդակի բարձրացումը, բուժանձնակազմի համար անվճար կամ գոնե 50 տոկոս զեղչային համակարգով բուժսպասարկման ապահովումը: Նա կարեւորում է նաեւ ընդհանուր սննդային անվտանգության հարցերը: Նկատում է, որ նման լաբորատորիա, որը կկարողանա ժամանակակից չափանիշներին համապատասխան ստուգումներ կատարել, Հայաստանում չկա: Ընդհանուր համատեքստերում մեր զրուցակիցը մտահոգված է նաեւ քաղաքի կանաչապատման, աղբահանության խնդիրներով ու կողմնակից է Հայաստանում աղբավերամշակման գործարանի առկայությանը, ինչի դեպքում երկկողմանի օգուտներ կունենանք՝ էկոլոգիական խնդիրները կլուծվեն, գործարանի աշխատանքի արդյունքում ստացվող պարարտանյութն էլ գյուղատնտեսական նպատակներով կօգտագործվի:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Հանճարեղ մտքեր,՝ բաժակաճառի մակարդակով: Իսկ եթե սկսենք,՝ պետք է -ից, ապա պետք է երկիրը
չթալանել, զինվորական սպա, կամ որևէ քաղաքացի չսպանել՝, և անպատիժ մնալ: Պետք է ոհմակային
կառավարումից ետ կանգնել: Իսկ ամենապետք են, որ բոլոր հանցագործները պատասխան տան,
գոնե՝ աթաթուրքի, թալաթի, ենվերի և այլոց մակարդակով: